Նորություններ
24/09/2021
2021թ. սեպտեմբերի 21-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Ստեփանի Կուրտիկյանը

    2021թ. սեպտեմբերի 21-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Ստեփանի Կուրտիկյանը։ Հայաստանի գիտական հասարակությունը կորցրեց ճանաչված և անվանի քիմիկոսի։

    Տիգրան Կուրտիկյանը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 20-ին Երևան քաղաքում։ 1964 թ. ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ։ Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի «Էլեմենտաօրգանական միացությունների գիտահետազոտական ինստիտուտի» ասպիրանտուրայում: 

    Աշխատել է ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի, ԱՐԻԱԿ կիրառական քիմիայի հետազոտական ինստիտուտներում: 1994 թ. ղեկավարել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնի օպտիկական սպեկտրոսկոպիայի» լաբորատորիան:

    Կուրտիկյանը հեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածի, որոնք տպագրվել են աշխարհի բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում, այդ թվում՝ «Journal of American Chemical Society», «Angewandte Chemistry International Edition», ընդ որում, հոդված «VIP»՝ հույժ կարևոր աշխատանք խորագրի տակ, «Inorganic Chemistry», «Chemical Communication»  քիմիական ամսագրերը:

    2005 թ. նա արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, իսկ 2009 թ.-ին՝ Հայկական համաշխարհային կոնգրեսի և Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի:

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան իր ցավակցությունն է հայտնում Տիգրան Կուրտիկյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին: Անվանի գիտնականի, ազնիվ և համեստ մարդու հիշատակը վառ կմնա իր գործընկերների և աշակերտների սրտերում։