Կազմակերպություններ
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Մոլեկուլային-բջջային կենսաբանություն
Հիմնադրման տարեթիվ՝ 1966թ.
Տնօրեն՝ կ.գ.թ.
Առաքելյան Արսեն Արտաշեսի
Հասցե՝ ք. Երևան 0014, Հասրաթյան փ. 7
Հեռախոսահամար՝ (+374 10) 281626
Ֆաքս՝ (+374 10) 282061
Էլեկտրոնային փոստ՝ aarakelyan {[ at ]} sci.am, imb {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://www.molbiol.sci.am/
Ընդհանուր տեղեկություններ

Պատմությունը

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) հիմնադրվել է 1966թ.-ին` Հայաստանում մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով: XXդ. ընթացքում ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները  զգալի ներդրում են ունեցել նուկլեինաթթուների, սպիտակուցների, բջիջների և բջջային օրգանելների կառուցվածքաֆունկցիոնալ կազմավորման օրինաչափությունների պարզաբանման հարցերում: 

Մարդկային ներուժը և ենթակառուցվածքը

Ինստիտուտում աշխատում է 130 աշխատակից, որոնց թվում` 15 գիտության դոկտորներ և 53 գիտության թեկնածուներ: ՄԿԻ աշխատակազմի մեջ մտնում են 18 գիտահետազոտական (1 բաժին, 11 լաբորատորիա և 7 խմբեր) և 3 գիտակրթական ենթաբաժիններ: ՄԿԻ-ում գործում են` գիտական խորհուրդը, երիտասարդ գիտնականների խորհուրդը և էթիկայի կոմիտեն: ՄԿԻ-ի ծառայողական և սպասարկող ենթամիավորներն են` գրադարանը, մարդու ԴՆԹ-երի նմուշների բանկը, բջջային գծերի հավաքածուն, կենդանանոցը և համակարգչային տեղային ցանցը:

Գործունեության հիմնական ոլորտներ

Այսօր ՄԿԻ գիտական հետազոտությունները հիմնականում ուղղված են բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում` ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ դրանց խանգարումների պարզաբանմանը: Ուսումնասիրություններն անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico` գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներով: Առանձնահատուկ ուշադրություն է դաևձվում իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին: Հետազոտություններում օգտագործվում են փորձարարական կենդանիներ, բջջային կուլտուրաներ, կլինիկան նյութեր և համակարգչային մոդելներ: ՄԿԻ-ում իրականացվող հետազոտությունների կարևորագույն խնդիրը հայկական գենոմի ուսումնասիրությունն է` պաթոգենոմիկայի, էկոգենոմիկայի, իմունոգենոմիկայի և պոպուլյացիոն գենոմիկայի մոտեցումների կիրառությամբ:

Հիմնական արդյունքներ

Հետազոտությունների արդյունքների հիմնարար և կիրառական արժեքը

ՄԿԻ-ում իրականացվող ուսումնասիրությունները թույլ են տալիս պարզաբանել մի շարք բազմագործոն բնույթի պոլիգենային հիվանդությունների մոլեկուլաբջջային պաթոմեխանիզմները, նույնակայնացնել հիվանդությունների մոլեկուլային կենսամարկերները և թերապևտիկ թիրախները, ինչպես նաև հայտնաբերել թերապևտիկ արժեք ունեցող նոր ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր: Հետազոտությունների արդյունքների կիրառման ոլորտը ներառում է հիվանդությունների մոլեկուլային ախտորոշումը, կանխորոշումը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև հիվանդության ընթացքի վերահսկումը և կիրառվող թերապիայի արդյունավետության գնահատումը: Վերոհիշյալ ոլորտներում ՄԿԻ-ն ունի մի շարք մշակումներ և հանդիսանում է համապատասխան արտոնագրերի սեփականատեր:

Գիտական արտադրանքը և կիրառական մշակումները

ՄԿԻ վերջին տարիների (2007-2013թթ.) գիտական արտադրանքը ներառում է 24 գրքեր, 216 հոդվածներ արտասահմանյան ամսագրերում, 172 հոդվածներ հայաստանյան ամսագրերում, 162 հրապարակումներ միջազգային գիտաժողովների նյութերում, 196 հրապարակումներ Հայաստանում անցկացված գիտաժողովների նյութերում և 12 արտոնագրեր: ՄԿԻ գիտնականների կողմից մշակվել են ժամանակակից թեսթ-համակարգեր՝ շիզոֆրենիայի և գերհոգնածության ախտանիշի մոլեկուլային ախտորոշման համար, նորարարական մոտեցումներ տարբեր տիպի լեյկոզների և ուռուցքների քիմիաթերապիայի անհատական կուրսի ընտրության համար, նոր հակավիրուսային պատրաստուկ դաբաղի և Նյու-Կասլի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար ու մի շարք այլ արտադրանքներ:  

Միջազգային գործունեություն

ՄԿԻ-ն ինտեգրված է միջազգային գիտական համակարգի մեջ և սերտորեն համագործակցում է մի շարք արտասահմանյան գիտական կենտրոնների և համալսարանների հետ: Համագործակցությունն իրագործվում է համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, դպրոցների և սեմինարների կազմակերպման մակարդակով:
Վերջին տարիների ընթացքում (2007-2013թթ.) ՄԿԻ-ի գիտաշխատողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել միջազգային գիտաժողովներում և նմանատիպ միջոցառումներում:
Այդ իսկ տարիների ընթացքում (2007-2013թթ.) միջազգային գիտաժողովներում ներկայացվել է 132 բանավոր զեկույց և 86 պաստառ, իսկ ՄԿԻ-ի 18 աշխատակիցներ դարձել են լավագույն զեկույցների մրցանակակիրներ:  Ի հավելում պետք է նշել, որ ՄԿԻ-ը հանդիսանում է Հայաստանում բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու գիտական միջոցառումների կազմակերպիչ:
2007-ից 2013 թթ-ի ընթացքում ՄԿԻ-ում կազմակերպվել ու անցկացվել են 6 միջազգային գիտաժողովներ, 1 սեմինար և 2 միջազգային դպրոցներ:

Հավելյալ տեղեկություններ

Ֆինանսավորման աղբյուրները և հետազոտական դրամաշնորհները

ՄԿԻ հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է պետբյուջեյի միջոցներից: Բացի այդ, ՄԿԻ գիտաշխատողներն ինստիտուտի գիտական ուղղվածության շրջանակներում ներգրավված են մի շարք ծրագրերի մեջ, որոնք իրականացվում են մրցութային կարգով տրվող ազգային կամ միջազգային դրամաշնորհների միջոցով: Սկսած 2000թ.-ից այդպիսի ծրագրերի ընդհանուր թիվը կազմում է 89:

Գործընկեր կազմակերպությունները Հայաստանում

Հայաստանում ՄԿԻ-ն համագործակցում է հանրապետության գլխավոր համալսարանների, ՀՀ ԱՆ գիտաբժշկական կենտրոնների, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և մի շարք այլ կազմակերպությունների հետ: Համագործակցությունն իրագործվում է գիտատեխնիկական համագործակցության պայմանագրերի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման, համատեղ լաբորատորիաների և ամբիոնների ստեղծման և համատեղ գիտաժողովների, դպրոցների ու սեմինարների կազմակերպման և անցկացման մակարդակով: ՄԿԻ-ն հանդիսանում է Կենսաբանական հոգեբուժության հայկական միավորման, Մոլեկուլաբջջային կենսաբանության ու իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր և Հայկական կենսատեխնոլոգիական ասոցիացիայի, Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի և Հայաստանի «Technology Transfer» ասոցիացիայի անդամ, ինչպես նաև GARA-ի (Խոզերի Աֆրիկական Ժանտախտի Հետազոտությունների  Համաշխարհային Միության) գործընկեր: