Նորություններ
27/09/2017
Երևանում մեկնարկեց «Ֆաունայի կենսաբազմազանությունը և պահպանության հիմնախնդիրները – 3» միջազգային գիտաժողովը

    Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Ֆաունայի կենսաբազմազանությունը և պահպանության հիմնախնդիրները – 3» միջազգային գիտաժողովը: Այն բացեց գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մովսեսյանը: Ողջույնի ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական  կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համակարգող Քարսթեն Շուլցը:

    Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Սլովակիայի, Սերբիայի, Չեխայի, Իսրայելի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի գիտնականներ: Եռօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 60-ից ավելի զեկուցումներ` նվիրված կենդանիների կարգաբանությանը, հնէաբանությանը, ֆաունիստիկային, էկոլոգիային, մակաբուծաբանությանը, ինչպես նաև կենդանիների, մարդու առողջությանը,  վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարին, կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրի աղտոտման կենսաինդիկացիային, կենդանական աշխարհի և կենսառեսուրսների պահպանությանը վերաբերող հարցերին: 

    Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտը, Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի Հակոբյանի անվան շրջակա միջավայրի կենտրոնը` ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, WWF-Հայաստանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի, Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.09.2017թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:19, 16/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում