Նորություններ
12/04/2024
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը «Ակադեմիական քաղաք» ծրագրում տեսնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու ռիսկը

Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։ 

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն իր ելույթում նշեց, թե ինչ ռիսկեր է տեսնում «Ակադեմիական քաղաք» ծրագրում։

«Արդեն մի քանի տարի է՝ այս հարցն արծարծվում է տարբեր ձևերով։ Մեզ պետք է, որ կառավարությունը երկխոսի ակադեմիական համակարգի հետ։ Եթե խնդիրը մեզ է վերաբերում, պետք է ոչ թե ԶԼՄ-ներից, խոսակցություններից իմանանք, այլ մեր առջև պետք է դրված լինի՝ ո՞վ է առաջարկում, ո՞վ է կանգնած այս նախագծի հետևում՝ գիտնականնե՞ր են, թե՝ քաղաքական գործիչներ։ Սա կարևոր է։ Մենք պետք է իմանանք՝ կառավարությունում ո՞վ է այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, և արդյոք այն մարդն է, ով պատկերացում ունի այս ամեն ինչից։ Կետ առ կետ պետք է մեր առջև դրված լինի։ Արդյո՞ք հաշվի են առնված բոլոր ռիսկերը, բոլոր դրական և բացասական կողմերը, արդյո՞ք կատարված է մանրակրկիտ վերլուծություն», - ասաց Արեգ Միքայելյանը։

«Ակադեմիական քաղաք» ծրագրում Արեգ Միքայելյանը տեսնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու ռիսկը․ «Երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը սկսեց թևածել Հայաստանի մթնոլորտում, գլխավոր խնդիր էր դրված, ըստ իս, որ ակադեմիական համակարգը, մեղմ ասած, ձևափոխվի, իսկ եթե խիստ ասենք՝ կազմաքանդվի, մնացած քայլերն էլ, կարծես, հետապնդում են այդ նույն գաղափարը։ Տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում այդ հարցը լուծելու համար։ Մտավախություններ եղել են, և շատ ավելի լուրջ հարց է, որ ակադեմիական ինստիտուտների շենքերի վրա ոմանք աչք ունեն։ Ակադեմիայի նախագահության, ԲՈՒՀ-երի, գիտական ինստիտուտների շենքերը Երևանի ամբողջ ուրվագիծը ստեղծող երևելի շենքեր են։ Մարդկանց մինչև ուղնուծուծը մտած է, որ այս շենքն այսինչ ԲՈՒՀ-ն է։ Ոչ մի երկրում չեմ տեսել, որ եղածը քանդելով ստեղծեն։ Այս համակարգը ստեղծվել է 70 տարվա ընթացքում, դաստիարակվել են սերունդներ, դպրոցներ են ստեղծվել։ Չի կարող գիտնականը վստահ լինել, որ հիմա լավ բան է արվելու, հակառակը, քանդվելու է և տեղը չստեղծվի։ Հայտարարվում է, որ 2027 թվականից ինստիտուտները պետք է միանան որևէ կլաստերի։ Կլաստերը ձևականություն է, ոչ մի նշանակություն չունի, անունը կլաստեր թե բաժանմունք կդնեք, որևէ ձևով որևէ բան փոխվելո՞ւ է։ Դեռևս Ակադեմիական քաղաքի կառուցումից առաջ պարզապես անունը դրվելու է, որ միացան այսինչ կլաստերին․ որպես ի՞նչ, գիտության հետ խա՞ղ եք խաղում։ Եթե այդպես է, նորից գալիս ենք նրան, որ գլխավոր նպատակն ակադեմիական համակարգի լուծարումն է։ Իսկ ՀՀ ԳԱԱ համակարգի ձևափոխմանը ես կտրականապես դեմ եմ, քանի որ այն ամենակայացած և ամենարդյունավետ համակարգն է (օրինակ, համեմատությամբ տնտեսության ցանկացած ճյուղի կամ որևէ ոլորտի)։ Բացի այդ, ՀՀ ԳԱԱ-ն հիմնարար գիտության զարգացման գրավականն է, ՀՀ կառավարության խորհրդատուն գիտության գծով։ Ի դեպ, ճակատագրի հեգնանքով թե հատուկ նպատակով, այդ քաղաքի անունը դնում են «ակադեմիական», իսկ իրական ակադեմիան ուզում են լուծարել»։

Ըստ Արեգ Միքայելյանի՝ ԲՈՒՀ-երին միավորվելով գիտական ինստիտուտները ստորադաս վիճակում են հայտնվելու, քանի որ գիտաշխատողները փոքրամասնություն են կազմելու․ «Իրականում, եթե պարզ հաշվարկ կատարենք, ԲՈՒՀ-երի «արտադրած» շրջանավարտների միայն 6 տոկոսն է գալիս գիտություն։ Այդ դեպքում ինչպիսի՞ մասնագետներ են պատրաստում ԲՈՒՀ-երը, և որտե՞ղ է կրթության և գիտության կապը»։

Նա նաև շեշտեց, որ ներկայում Հայաստանն ունի անվտանգային և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, և «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի առաջադրումն այս պայմաններում տեղին չէ։ «Ոնց որ ձեր տանը հրդեհ լինի, իսկ դուք մտածեք՝ ինչպես վերադասավորեք կահույքը։ Ի՞նչ գիտության վերակազմավորման մասին է խոսքը։ Սա ամենամեղմ բառերով կարելի է բնութագրել որպես իրարանցում կամ ավելորդ աղմուկ», - նշեց Արեգ Միքայելյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․04․2024թ․