Նորություններ
26/03/2024
«Ապակոդավորում ենք գենոմը»․ ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գիտությունն այսօր» շարքի երկրորդ սեմինարը

Սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) տեղի կունենա «Գիտությունն այսօր» շարքի երկրորդ սեմինարը:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հանդես կգա «Ապակոդավորում ենք գենոմը» թեմայով զեկուցմամբ, իսկ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը՝ «Մարդու մոլեկուլային բջջագենետիկա» թեմայով զեկուցմամբ։ 

«Գիտությունն այսօր» սեմինարների շարքը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը՝ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով։ Սեմինարներին կարող են մասնակցել ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները։ 2024 թվականի ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար: 2024 թվականի դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ:

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.03.2024թ.