Նորություններ
30/11/2023
ՀՀ ԳԱԱ-ում կքննարկվեն Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրները և EU4Sevan ծրագրի գործողությունները

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրներին և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի գործողություններին՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը։

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամները,  «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմը,  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակներից է նաև ամրապնդել ծրագրի, հանձնաժողովի և կառավարական գործընկերների միջև համագործակցությունը Սևանա լճի էկոհամակարգի ավելի լավ կառավարմանն ուղղված միջոցառումների պլանավորման և համակարգման գործում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30․11․2023թ․