Նորություններ
09/11/2023
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի կունենա «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կմեկնարկի «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին:

Գիտաժողովի նպատակն է վիմագրական ավանդույթի հիմքով ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրի անվանի գիտնականները կներկայացնեն ավելի քան երկու տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ժայռապատկերագրությանը, նախամաշտոցյան վիմագրությանը, հայ վիմագրությանը, վիմագրական լեզվաբանությանը, նորահայտ վիմագրերին, այլալեզու վիմագրությանը, ոչ պաշտոնական վիմագրության և պահպանության խնդիրներին։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 11-ին՝  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09․11․2023թ․