Նորություններ
18/10/2023
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վիկտոր Կատվալյանը

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Վիկտոր Լիպարիտի Կատվալյանը։

Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1984-1987 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1987 թվականին աշխատանքի է անցել ինստիտուտում։ 1991 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հնչյունների համակցական փոփոխությունները ժամանակակից հայերենում» թեմայով։ 1993 թվականից դասախոսում է Գավառի պետական համալսարանում: 1998-2004 թվականներին եղել է նույն համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 2004-2012 թվականներին՝ Բանասիրական ֆակուլտետի դեկան: 2011 թվից դասավանդում է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2012 թվականից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն է։ 2017 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ» թեմայով: Վիկտոր Կատվալյանի գիտական հետաքրքրությունները վերաբերում են բարբառագիտությանը, հայոց լեզվի պատմությանը, ժամանակակից հայերենին, ընդհանուր լեզվաբանությանը, բառարանագրությանը, արևմտահայերենի և արդի լեզվաքաղաքականության խնդիրներին: Նա հեղինակ է 14 մենագրությունների և շուրջ 90 հոդվածների:

Վիկտոր Կատվալյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեությունը։  

«Վերջին տասնամյակում ինստիտուտում հետազոտական աշխատանքներն ընթացել են 4 ուղղություններով՝ արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ, հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր, հայ բարբառների ուսումնասիրություն, ընդհանուր ու համեմատական լեզվաբանություն և կիրառական լեզվաբանության հարցեր։ Զարգանում է նաև կիրառական լեզվաբանությունը։ Այս ուղղությամբ կատարվել են փորձառական հնչյունաբանական հետազոտություններ, դիտարկվել են համաբարբառների համակարգչային մշակման խնդիրներ, իրականացվել են մի շարք  ծրագրեր, որոնք միտված են լեզվաբանական հետազոտությունների բնագավառում նորագույն տեխնոլոգիաների, համացանցի հնարավորությունների, համակարգչային տեխնիկայի կիրառությանը և հայերենի՝ որպես համացանցային լեզվի հաջող գործառությանը: Նաև ընթանում են հայ լեզվաբանական գրականության մատենագիտական ցանկերի կազմման աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում ժամանակակից համակարգչային լեզվաբանության նորագույն գաղափարների ու միջոցների ներդրման ուղղությամբ», - ասաց Վիկտոր Կատվալյանը։

Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ ծավալելու հետազոտություններ հոգելեզվաբանության, նյարդալեզվաբանության ուղղություններով: Վերջերս բացված փորձառական հնչյունաբանության լաբորատորիան նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություններով լավ հեռանկարներ է բացում հայերենի բոլոր կարգի դրսևորումների փորձառական հետազոտությունների համար։ Կարևորվում է հայերենագիտության ոլորտում ինստիտուտի ձեռքբերումները միջազգայնացնելու նպատակով օտարալեզու հրապարակումների ավելացումը, հասարակության մեջ լեզվական ճիշտ պատկերացումների ձևավորումը, երիտասարդ գիտնականների պատրաստման  ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․10․2023թ․