Նորություններ
11/09/2017
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը

     Սեպտեմբերի 9-ին կյանքից հեռացավ հայ անվանի գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հայկի Մատինյանը:

    Մեծ է Սերգեյ Մատինյանի դերը հանրապետությունում տարրական մասնիկների տեսական ֆիզիկայի համաշխարհային մակարդակի դպրոցի ստեղծման և զարգացման գործընթացում: Ակադեմիկոս Մատինյանը հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչ աբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը: Նա կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Ակադեմիկոս Մատինյանի գիտական աշխատանքները վերաբերել են թույլ էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցություններին, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գեր հոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։

Matinyan-1.jpg

    Սերգեյ Մատինյանը ծնվել է 1931 թվականին` Թբիլիսիում: 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թվականներին` նաև ինստիտուտի փոխտնօրեն։

    Սերգեյ Մատինյանը մեծ ներդրում է ունեցել հանրապետության համար գիտական կադրերի պատրաստման գործում: Նա Հայաստանում ստեղծել է ֆիզիկոս տեսաբանների գիտական դպրոց: Սերգեյ Մատինյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

    Բեղմնավոր գիտական գործունեության համար Սերգեյ Մատինյանը պարգևատրվել է  Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:

    Սերգեյ Մատինյանը 1994 թվականից տեղափոխվել է ԱՄՆ։

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Սերգեյ Մատինյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին: Սերգեյ Մատինյանի հիշատակը միշտ վառ կմնա գիտության պատմության մեջ:


ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
11.09.2017թ. 


Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:19, 16/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում