Նորություններ
22/09/2023
Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց տարածաշրջանային 3-րդ և միջտարածաշրջանային 1-ին աստղագիտական ամառային դպրոցը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց տարածաշրջանային 3-րդ և միջտարածաշրջանային 1-ին աստղագիտական ամառային դպրոցը։

«Աստղագիտական դիտումներից մինչև գիտական հոդվածների պատրաստում» թեմայի շուրջ անցկացվող աստղագիտական ամառային դպրոցը համախմբել էր ավելի քան երեք տասնյակ երիտասարդ աստղագետների Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Հորդանանից, Թունիսից և Թուրքիայից։

Դասախոսություններով հանդես են եկել հայտնի աստղագետներ Գերմանիայից,  Իտալիայից,  Հունգարիայից,  Հորդանանից, Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։

Ուսանողները դիտումներ կատարեցին Բյուրականի աստղադիտարանի 1մ և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակների միջոցով, մասնակցեցին տվյալների մշակմանը, վերլուծությանն ու վիճակագրությանը նվիրված գործնական պարապմունքներին։

Աստղագիտական ամառային դպրոցը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Եվրոպական «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy & Astrophysics, A&A) հանդեսը, Եվրոպական հարավային աստղադիտարանը, EDP Sciences հրատարակչությունը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22․09․2023թ․