Նորություններ
25/08/2023
«Եվրոպական ժառանգության օրեր»․ ցուցադրություն ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում

Սույն թվականի օգոստոսի 26-27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրեր» խորագրով ցուցադրություն։ 

«Եվրոպական տպագիր ժառանգության ակունքներում» թեմայի շրջանակներում կներկայացվեն եվրոպական տարբեր քաղաքներում մինչև 1900 թվականը տպագրված գրքեր, ատլասներ, ամսագրեր։ «Հայ-հունական գրական առնչություններ» թեմայի շրջանակներում կներկայացվեն հայերենից հունարեն, հունարենից հայերեն թարգմանված, ինչպես նաև Հունաստանում տպագրված հայերեն և հունարեն տպագիր նյութեր: 

Աստվածաբան, թարգմանիչ Էդգար սարկավագ Ծատուրյանը հանդես կգա «Հայ-հունական գրական զուգահեռներ» թեմայով ցեկուցմամբ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանը՝ «Եվրոպայի և Հայաստանի անձավային ժայռապատկերները» թեմայով զեկուցմամբ, Ուդինեյ համալսարանի գիտաշխատող Ալլեսիա Բոսքիսը՝ «Նեապոլից Նախիջևան։ 17-րդ դարի իտալացի ճանապարհորդի հայացքով» թեմայով զեկուցմամբ։

Միջոցառման ժամանակ կցուցադրվի «Եվրոպացի հայագետներ»  տեսանյութերի շարքը, որի միջոցով կներկայացվեն 7 եվրոպացի հայագետների կյանքն ու գործունեությունը: Իսկ «Եվրոպական գրական ժառանգությունը հայ թարգմանիչների գրչով» տեսանյութով կներկայացվեն եվրոպացի ստեղծագործողների հայերեն թարգմանությունները:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25․08․2023թ․