Նորություններ
17/05/2023
ՀՀ ԳԱԱ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2023» միջոցառմանը

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունները ԵՊՀ-ում մասնակցեցին «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող միջոցառմանը՝ նվիրված Երևանի պետական համալսարանի հիմնադրման 104-ամյակին։

Միջոցառման ընթացքում ապահովվեց արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների և ուսանողների միջև, ինչպես նաև համապարփակ թեմատիկ քննարկումների միջոցով վեր հանվեցին կրթական համակարգի և գործատուների հետ առկա համագործակցության առանձնահատկությունները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները։

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը ներկայացրին իրենց նվաճումներն ու արտադրանքը, փոխգործակցության խորացման հնարավորությունները։

ՀՀ ԳԱԱ-ն ԵՊՀ-ի հետ ունի տարբեր գիտական ուղղություններով համագործակցության վաղեմի ավանդույթ: ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների առաջատար գիտնականները դասավանդում են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներում, ղեկավարում են ուսանողների գիտական աշխատանքները՝ միաժամանակ տրամադրելով ՀՀ ԳԱԱ գիտատեխնիկական բազան: Իրականացվում են համատեղ ծրագրեր: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17․05․2023թ.