Նորություններ
25/04/2023
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Ամենածանր միջուկներ և ատոմներ» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին

Սույն թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Ամենածանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված աշխարհահռչակ հայազգի գիտնական, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին: 

Գիտաժողովը համանախագահում են Յուրի Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Յուրի Հովհաննիսյանը կներկայացնի իր երկարամյա գիտական գործունեության արդյունքները, կանդրադառնա ոլորտի մարտահրավերներին։ 

Հոբելյանական գիտաժողովը միավորել է անվանի գիտնականների ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանից, Շվեյցարիայի Փոլ Շերրերի ինստիտուտից, Իսրայելի Թել Ավիվի համալսարանից, Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից, Լեհաստանի Միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոնից։ Գիտաժողովը կշարունակվի մինչև ապրիլի 29-ը ներառյալ։ Այդ ընթացքում գիտնականները կներկայացնեն իրենց հետազոտությունների արդյունքներն ամենածանր տարրերի ֆիզիկական և քիմիական հատկությունների սինթեզման և ուսումնասիրության  վերաբերյալ: 

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միությունը (IUPAP):

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.04.2023թ.