Новости
19/08/2022
Աննա Ասատրյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Մինչ այդ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: 

Աննա Ասատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ներկայացրեց Արվեստի ինստիտուտի զարգացման իր տեսլականը: Նա նշեց, որ ինստիտուտում ստեղծվելու են Կինոյի և հեռուստատեսության, Դեկորատիվ և կիրառական արվեստի բաժիններ, Պարագիտության, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության, Հայ-բրիտանական գիտամշակութային համագործակցության, Հայ ժողովրդի՝ այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրության կենտրոններ:

Աննա Ասատրյանը կարևորեց երիտասարդ բանիմաց հետազոտողներով ինստիտուտի գիտական կադրերի համալրումը, ինստիտուտի միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, արտասահմանում հրատարակվող և ազդեցության բարձր գործակից ունեցող արվեստագիտական պարբերականներում Արվեստի ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունների արդյունքների տպագրումը, արտասահմանում հայ արվեստի ուսումնասիրության հարցերով զբաղվող հայ և օտարազգի արվեստաբանների շտեմարանի ստեղծումը: Նա անհրաժեշտ համարեց իրականացնել Տիգրան Չուխաճյանի և Արամ Խաչատրյանի երկերի լիակատար ժողովածուների ակադեմիական հրատարակությունը, ինչպես նաև առաջարկեց Արվեստի ինստիտուտին կից ստեղծել Տիգրան Չուխաճյանի թանգարան:

Աննա Ասատրյանը ծնվել է 1968թ.՝ Երևանում: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը, 1992թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը։ 1991-2003թթ. դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2000-2002թթ. եղել է Հայկական բաց համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի դեկան: 2002թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում՝ որպես Երաժշտության բաժնի գիտաշխատող: 2003թ-ին նշանակվել է Ինստիտուտի գիտական քարտուղար։ 2005թ-ին նշանակվել է Ինստիտուտի փոխտնօրեն: Ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի նորաստեղծ  բաժինը, Երաժշտության բաժինը:

2008թ. Աննա Ասատրյանը ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան, 2012թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Աննա Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 15 ատենախոսություն։ Նա հեղինակել է 11 մենագրություն և 224 գիտական հոդված` տպագրված Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Իտալիայում, Լիբանանում, Իսրայելում հրատարակվող գիտական հանդեսներում և ժողովածուներում։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.08.2022թ.