Նորություններ
28/04/2022
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2021թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ-կենտրոն միջազգային կազմակերպությունը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 6 ակադեմիկոս, 10 թղթակից և 24 արտասահմանյան անդամ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը ներկայացրեց 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի գիտաշխատողները 2021 թ-ին հրապարակել են 189 գիտական հոդված գրախոսվող ամսագրերում, որից 98-ը՝ արտասահմանյան, 4 մենագրություն, որից 2-ը՝ արտասահմանյան, երկու ուսումնական ձեռնարկ և դասագիրք,  32 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում, որից 8-ը՝ արտասահմանյան, 107 թեզիս, որից 27-ը՝ արտասահմանյան ամսագրերում:

Ակադեմիկոս Կոստանյանը ներկայացրեց բաժանմունքի կազմակերպությունների կողմից իրականացված և շարունակվող դրամաշնորհային ծրագրերը:

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կողմից իրականացվում են հետևյալ ծրագրերը.

  • «Նոր սպիտակ թզուկների հայտնաբերում և ուսումնասիրություն Գայա-ի ճշգրիտ աստղաչափության միջոցով», ANSEF-ի ֆինանսավորմամբ
  • «Փախչող աստղերի առաջացումը Vel OB1 աստղասփյուռում», ANSEF-ի ֆինանսավորմամբ
  • «IAU SWCA ROAD և IAU EROAD միջև «Project Management»», EU Horizon 2020-ի, Erasmus+-ի ֆինանսավորմամբ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ ծրագրերը.

  • «Մագնիսական նանոհիբրիդները՝ քաղցկեղի բուժման համար», Horizon-2020-ի ֆինանսավորմամբ
  • «Շրջակա միջավայրի հեռահար զննման օպտիկական համակարգ`ըստ շառավղի քառակուսային բացթողումով ապոդիզացնող ֆիլտրով»,  ISTC-ի ֆինանսավորմամբ
  • «Օպտիկական մագնիսական սենսորային համակարգի մշակում՝ անվտանգության անցակետերի համար», NATO SPS-ի ֆինանսավորմամբ
  • «Ոչ գծային նյութական ալիքների քվանտային անցումը նանոկառուցվածքներով», ANSEF-ի ֆինանսավորմամբ:

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում իրականացվել է «Նանոլարային բիոսենսորներ վիրուսների հայտնաբերման համար» ծրագիրը՝ UNIGE Leading House, Seed Funding Grant (Switzerland)-ի ֆինանսավորմամբ:

ԻԿՐԱՆԵՏ-կենտրոնում իրականացվել է «ANSEF 21AN: PS-astroth-2490» ծրագիրը՝ Armenian Educational Foundation-ի ֆինանսավորմամբ:

2022թ-ին մեկնարկել է ՀՀ Գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների մրցույթում հաղթած 7 ծրագիր, որից 3-ը՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից, 2-ը՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կողմից, 2-ը՝ Բյուրականի աստղադիտարանի:

 

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Ռաբիի օպտիկական տատանումներն ատոմային գոլորշու բացթողման ազդանշանում՝ անընդհատ լազերային գրգռման դեպքում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Վ. Պապոյան
  • «Գերխիտ նյութի հետազոտություններն աստղաֆիզիկայում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Սեդրակյան (Գերմանիա)
  • «Ակտիվ գալակտիկաների սպեկտրային դասակարգման նոր սկզբունքները», զեկուցող ֆ.մ.գ.թ. Ա. Միքայելյան
  • «Գիգա-տերահերցանոց ճառագայթման մակածման առանձնահատկությունները շերտավոր միջավայրերում և դրա գործնական կիրառման մեթոդների մշակումը», զեկուցող՝ ֆ.մ.գ.դ. Լ. Գրիգորյան
  • «Արագ շարժվող օբյեկտների մոտակա հայտնաբերման եղանակները», զեկուցող ֆ.մ.գ.թ. Ա. Մակարյան:             

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ստացված գիտական և կիրառական արդյունքներն առանձին հրապարակումներով կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.04.2022թ.