Նորություններ
03/07/2019
Երբ պաշտոնյան սեփական հավակնությունները վեր է դասում գիտության շահերից

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) գիտության կոմիտեի (ԳԿ) նախագահ Սամվել Հարությունյանը www.hetq.am ինտերնետային թերթում 20.06.2019թ. հրապարակված «Տարեց գիտնականներին չեն ստիպում, բայց խրախուսում են կենսաթոշակի գնալ» վերնագրով հարցազրույցում իր կարծիքն է հայտնում «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի վերաբերյալ, որի կապակցությամբ ԳԱԱ նախագահությունն իր վրդովմունքն է արտահայտում և ներկայացնում որոշ նկատառումներ: 
    Նախ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագծի մշակումը և քննարկումները սկսվել էին դեռևս 2009թ., և 2010թ. աշնանն այն ամբողջական տեսքով պատրաստ էր: ՀՀ գործող ընթացակարգով բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպություների, այդ թվում՝ ԿԳՆ գիտության կոմիտեի դրական կարծիքներով 2011թ. ապրիլին «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Հարկ ենք համարում նշել, որ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի դրույթները համահունչ են ՀՀ բոլոր օրենքների, այդ թվում՝ 2000թ-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի դրույթներին:
    Ինչ վերաբերում է հոդվածում նշված «ԳԿ նախագահն ասում է, որ դեռ 2011-ին քննարկման էր դրվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այն մի կողմ էր դրվել ու փոխարենը նույն տարում ընդունվել էր «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը» պարբերությանը, ապա դա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: ԳԿ-ի կողմից մշակված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը քննարկման էր ներկայացվել այն ժամանակ, երբ արդեն «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի կողմից ստորագրված էր: Նշենք նաև, որ ԳԿ-ն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություներին, այդ թվում՝ ԳԱԱ-ին  քննարկման էր տրամադրել 2012թ-ին, որի վերաբերյալ սահմանված ձևաչափով կարծիքները ներկայացվել են 2012թ. մայիս-հունիս ամիսներին: Ավելին, ԳԿ-ն ներկայացված առարկությունների և առաջարկությունների հաշվի առնմամբ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծն ամբողջական տեսքով հանրային քննարկման նպատակով հրապարակել է 2012թ. սեպտեմբերի 6-ին  «Հայաստանի Հանրապետություն» (թիվ 160) թերթում: Այն, որ ԳԿ նախագահը չի հիշում ԳԿ-ի կողմից մշակված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագծի չընդունման պատճառները, ապա անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նրան, որ հիմնական պատճառը եղել է օրենքի նոր նախագծի վերաբերյալ 13 նախարարություններից, կառավարության աշխատակազմից, վարչապետի խորհրդականից և բազմաթիվ կազմակերպություններից ներկայացված 100-ից ավելի դիտողությունները և առաջարկությունները:
    Այն, որ Սամվել Հարությունյանը հոդվածում նշում է. «Ակադեմիայի մասին օրենքը բավականին անորակ է, կառույցին վերագրված են այնքան լիազորություններ, որ միաժամանակ չունեն անգամ 7 նախարարություն», զարմանք է հարուցում: Հարկ ենք համարում հիշեցնել ԳԿ նախագահին, որ ՀՀ նախարարությունները մշակում և իրականացնում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված գործունեության ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականությունը, մինչդեռ, համաձայն «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի, ԳԱԱ-ն կազմակերպում, իրականացնում և համակարգում է հիմնարար և կիրառական հետազոտությունները: Ավելին, ԳԱԱ-ն չունի որևէ ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականության մշակման և իրականացման լիազորություններ: Հետևաբար, Սամվել Հարությունյանի ասածը, որ ԳԱԱ-ին «վերագրված են այնքան լիազորություններ, որ միաժամանակ չունեն անգամ 7 նախարարություն»,  հանրությանը մոլորեցնելու նպատակ ունի: Ավելորդ չէ նշել, որ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը ժամանակին մանրամասն փորձաքննություն է անցել նաև ՀՀ արդարադատության նախարարության մասնագետների և ՀՀ ճանաչված իրավաբանների կողմից: Անհրաժեշտ ենք համարում նաև փաստել այն, որ 2011թ-ից սկսած «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը ՀՀ գործող օրենքներին համահունչ նպաստել է ԳԱԱ համակարգի ամբողջական և բնականոն գործունեությանը: 
    Հարցազրույցում Սամվել Հարությունյանը ասում է. «թե անձամբ պնդում էր, որ չեղարկեն ակադեմիայի մասին օրենքը, ...» և «նշում է, որ 2016-ին կարծես հաջողվել էր համոզել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին իրականացնել իրենց առաջարկը»: Նրա այսպիսի վերաբերմունքը և նմանատիպ անհիմն հայտարարությունները վնասում են ոչ միայն ԳԱԱ-ում, այլ նաև ՀՀ-ում գիտության զարգացմանը և առնվազն հարիր չէ ՀՀ գիտության ոլորտի պատասխանատուին՝ ԳԿ նախագահին: ԳԿ նախագահը կարող էր ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնավորման բաժնում հստակ շարադրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի վերաբերյալ իր այդ  տեսակետը, որը այն ժամանակ չի եղել: Այս ամենը փաստում են ԳԿ նախագահի սեփական ամբիցիաների վեր դասելը գիտության շահերից և հետին ամսաթվով դրանց անհիմն դրսևորումները:
    Հարկ ենք համարում նաև նշել, որ ինչպես 2012թ., այնպես էլ 2017թ. ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերով նախատեսված և ԳԿ-ի կողմից ներկայացված «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծերի վերաբերյալ բազմաթիվ դիտողությունների և բացասական կարծիքների պատճառով այդ նախագծերը հետագա ընթացք չեն ստացել:

ՀՀ ԳԱԱ նախագահություն
03.07.2019թ.