Նորություններ
22/04/2025
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2024թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը ներկայացրեց 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

 

Տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  • «Խիստ ցրող օբյեկտների օպտիկական թափանցող պատկերագրում» (զեկ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Վ. Պապոյան)
  • «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային որոնումներ և ուսումնասիրություններ» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ա.Մ. Միքայելյան)
  • «Բլազարների ճառագայթման ուսումնասիրությունը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով» (զեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ն.Վ. Սահակյան)
  • «Ակուստիկ ալիքների ազդեցությամբ նոր բյուրեղների ստացում և աճեցում» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ռ.Պ.Սուքիասյան):
  • Հաղորդում ՌՖԷ-ում կատարվող և նախատեսվող կարևոր նշանակության  հետազոտությունների վերաբերյալ (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Տ.Վ. Զաքարյան)
  • «Մութ նյութի մասնիկների որոնում Bell II  դետեկտորով. տեսության և փորձի   համընկնում» (հեռավար զեկ՝ ՀՀ ԳԱԱ արտ. անդամ Ա. Յու. Խոջամիրյան)։

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները և ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան միջազգային կազմակերպությունը:

Բաժանմունքն ունի 4 ակադեմիկոս, 10 թղթակից անդամ և 22 արտասահմանյան անդամ։ Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 3 արտոնագիր։ Գիտաշխատողները տպագրել են 4 մենագրություն, 3 հանրապետական ուսումնական ձեռնարկ, 231 հոդված, 151 թեզիս։ Բաժանմունքի գիտահետազոտական ինստիտուտներն անցկացրել են 29 միջոցառում, այդ թվում՝ սեմինարներ, միջազգային ու երիտասարդ գիտնականների գիտաժողովներ։

Ձևավորվել և գործում են ԳԱԱ Ներդրումային հիմնահարցերի ու Հատուկ նշանակության հիմնախնդիրների մասնագիտական խորհուրդներ: Բաժանմունքը հրատարակում է «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. ֆիզիկա», «Աստղաֆիզիկա», «Armenian journal of physics» ամսագրերը։ 

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողով որոշեց․

  1. քննարկել կազմակերպությունների՝ տարիներ առաջ հաստատված թեմատիկայի վերանայման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով արդիականությունը, հանրապետության համար կարևորությունը և կադրերով ապահովվածությունը: 
  2. Կարևորել հիմնարար հետազոտությունների արդյունքների հիման վրա  հանրապետության՝ հատկապես անվտանգային և  առողջապահական բնագավառներում կիրառման նպատակով հեռանկարային նորարական աշխատանքների իրականացումը:
  3. Նախատեսել հանրապետական և միջազգային գիտական համագործակցության վերաբերյալ տնօրենների զեկույցներ (5 սեմինար)։
  4. Կազմակերպել արտասահմանյան գիտնականների սեմինարներ, համատեղ իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ (8 սեմինար)։
  5. Ձևավորել նախաձեռնող խումբ տիեզերական հետազոտությունների բնագավառի աշխատանքները համակարգելու, միջգիտակարգային ծրագրեր մշակելու և ՀՀ ԳԱԱ նախագահությանն առաջարկներ ներկայացնելու համար:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2025թ.