ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտն  այսուհետ կրում է 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ,  գիտության վաստակավոր գործիչ Արմեն Թախտաջյանի անունը: Այս որոշումը ՀՀ  կառավարությունն ընդունեց սույն թվականի մայիսի 4-ին:
    Արմեն  Թախտաջյանը  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի  Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, ՌԴ ԳԱ, ԱՄՆ ԳԱ, Լոնդոնի  Լինևյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվ. բնագետների, Լեհաստանի և  Նորվեգիայի ակադեմիաների իսկական անդամ:

     Նա ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս:  Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության  շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» և ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալներով,  Վ.Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակներով:
    Արմեն Թախտաջյանի  կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն  ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաև համարվում  է լավագույնը և ամենաարժանահատը: Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել  Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում:  Նրա շնորհիվ  հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկն  աշխարհում: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացել են  բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ,  ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան:
10.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն