Գիտական արդյունքներ
01/03/2024
ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողները կենդանական մոդելներում բացահայտել են Գալանտամինի նյարդապաշտպան ազդեցությունը դիաբետիկ դեմենցիայի պայմաններում

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողները կենդանական մոդելներում բացահայտել են Գալանտամինի նյարդապաշտպան ազդեցությունն առանձին նեյրոնների դինամիկ ակտիվության նկատմամբ դիաբետիկ դեմենցիայի պայմաններում: Գալանտամինը (Nivaline, Sopharma, Bulgaria) դեղամիջոց է, որն օգտագործվում է Ալցհայմեր հիվանդության և մի շարք ուրիշ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են մկանային դիստրոֆիան, նևրիտը, պոլինևրիտը, ռադիկուլիտը, ուղեղային արյան շրջանառության խախտումները:

«Ստացված տվյալներն ընդլայնել են Գալանտամինի թերապևտիկ թիրախները», - ասաց գիտական խմբի ղեկավար, ինստիտուտի Նյարդաներզատչական փոխհարաբերություններ լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Վերգինե Չավուշյան-Պապյանը։ Նա նշեց, որ վերջին տասնամյակում աճել է շաքարախտով հիվանդների թիվը, ովքեր միաժամանակ ունեն սրտանոթային և հիշողության հետ կապված խնդիրներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին ուղեցույցները խորհուրդ են տալիս նվազեցնել շաքարի օրական ընդունման կալորիաները, իսկ վերջին գիտական զեկույցներում ֆրուկտոզը նշվում է որպես 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի հիմնական դերակատար: 

Հետազոտության արդյունքները ներկայացված են «Chavushyan VA, Simonyan KV, Danielyan MH, Avetisyan LG, Darbinyan LV, Isoyan AS, Lorikyan AG, Hovhannisyan LE, Babakhanyan MA, Sukiasyan LM. Pathology and prevention of brain microvascular and neuronal dysfunction induced by a high-fructose diet in rats» հոդվածում, որը հրապարակվել է «Metab Brain Dis» ամսագրում (Metab Brain Dis 2023 Jan; v. 38, N1: 269-286. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/36271967/ doi: 10.1007/s11011-022-01098-y): Հետազոտությունն իրականացվել է ինստիտուտի բազային ֆինանսավորմամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01․03.2024թ.