Գիտական արդյունքներ
27/06/2023
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտական արդյունքները կարող են նպաստել մեքենաշինության, ինքնաթիռաշինության բնագավառներում հուսալի և ամուր դետալներ ունենալուն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում ստացված գիտական արդյունքները կարող են օգտագործվել մեքենաշինության, ինքնաթիռաշինության և տեխնիկայի այլ բնագավառներում տարբեր տիպերի լարումների կենտրոնացուցիչներ պարունակող կառույցների, կառուցվածքների և նրանց դետալների նախագծման աշխատանքներում և դրանց ամրության ու հուսալիության հաշվարկներում։

«Ստացված արդյունքներն ունեն թե՛ հիմնարար, թե՛ կիրառական կարևոր նշանակություն: Դրանք կարող են ծառայել որպես ուղեցույց նոր ստատիկ և դինամիկ կոնտակտային և խառը եզրային խնդիրների ուսումնասիրման համար, ինչպես նաև օգտագործվել կոնտակտային և խառը խնդիրների վերաբերյալ հատուկ դասընթացներում: Կիրառական տեսանկյունից ստացված արդյունքները կարող են օգտագործվել մեքենաշինության, ինքնաթիռաշինության և տեխնիկայի այլ բնագավառներում հաճախ հանդիպող, այս կամ այն պատճառներով միաժամանակ տարբեր տիպերի լարումների կենտրոնացուցիչներ պարունակող կառույցների, կառուցվածքների և նրանց դետալների նախագծման աշխատանքներում և դրանց ամրության ու հուսալիության հաշվարկներում»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը։

Ըստ պրոֆեսոր Հակոբյանի՝ առաձգականության տեսության հավասարումների խզվող լուծումների, սինգուլյար ինտեգրալ հավասարումների, ինտեգրալ ձևափոխությունների, ինչպես նաև մեխանիկական քառակուսացման բանաձևերի թվային–վերլուծական մեթոդների օգնությամբ ուսումնասիրվել են լայն դասի նոր, ստատիկ և դինամիկ կոնտակտային և խառը եզրային խնդիրներ: Կառուցվել են դրանց ճշգրիտ կամ արդյունավետ լուծումները։ Արդյունքում բացահայտվել են լարումների կենտրոնացուցիչների շրջակայքում առաջացած արագ փոփոխվող լոկալ ինչպես ստատիկ, այնպես էլ դինամիկ լարվածային դաշտերի փոփոխման, նաև լարումների կենտրոնացուցիչների փոխազդեցության օրինաչափությունները։

Վահրամ Հակոբյանի և համահեղինակների՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ավետիք Սահակյանի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ Լիլիթ Դաշտոյանի, Հարություն Ամիրջանյանի և Լուսինե Հակոբյանի կողմից ստացված արդյունքները զեկուցվել են Հայաստանում և արտասահմանում կայացած միջազգային գիտաժողովներում։ Արդյունքներն ամփոփվել են պրոֆեսոր Հակոբյանի «Լարումների կենտրոնացուցիչները դեֆորմացվող հոծ մարմիններում» («Stress Concentrators in Continuous Deformable Bodies») մենագրության մեջ, որը տպագրվել է «Springer» հրատարակչությունում։ Մենագրությունը նվիրված է համասեռ ու կտոր առ կտոր համասեռ մասիվ մարմինների և նրանցում միաժամանակ առկա ճաքերի, դրոշմների, մասամբ կամ լրիվ ամրակցված բացարձակ կոշտ ներդրակների և առաձգական վերադիրների տիպի լարումների կենտրոնացուցիչների փոխազդեցության հարցերին: Մենագրությունը ստացել է դրական արձագանք հայրենական և միջազգային գիտական հանրության կողմից:

Արդյունքների մասին աշխատանքներ են տպագրվել հետևյալ հանդեսներում՝ ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» տեղեկագիր, «Journal of Physics», Вестник МГТУ им. Н.Э.Баумана. Серия «Естественные науки», «Механика композитных материалов», «Известия РАН Механика твердого тела», «Journal of Mathematical Sciences», ինչպես նաև «Springer» հրատարակչության կողմից հրատարակվող մի քանի թեմատիկ ժողովածուներում:

Գիտական արդյունքները ստացվել են ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Հոծ միջավայրի մեխանիկա» ծրագրի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտական կոմիտեի տրամադրած միջազգային և տեղական թեմատիկ ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27․06․2023թ․