Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մարգարիտա Հովհաննիսյան

«Գիտությունը պետք է դուրս գա ֆինանսավորման մնացորդային վիճակից»

Մարգարիտա Հովհաննիսյանը Գյումրի քաղաքից է, 35 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաբան, կենսաքիմիկոս: Սովորել է Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետում: Մասնագիտական կրթությունը շարունակել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական կենսաքիմիայի բաժնում, որտեղ ներկայում աշխատում է որպես ավագ գիտաշխատող, նաև դասախոսում է Հայկական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի և ֆարմակալոգիայի ամբիոնում: Նա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն է։

Մարգարիտան կենսաբանական գիտությունների թեկնածու է, 19 գիտական հոդվածի և 12 թեզիսի համահեղինակ: Համագործակցում է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի և Էնդոկրինոլոգիայի ամբիոնների, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական բաժանմունքի, Մարալիկի բժշկական կենտրոնների հետ:

Ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը, ձեր սպասելիքներն արդարացվա՞ծ են:

- Դեռ փոքր տարիքից ցանկություն եմ ունեցել բուժել մարդկանց։ Այս ոլորտում գիտելիքներ ձեռք բերելուց հետո հասկացա, որ ցանկությունս իրագործելու համար անհրաժեշտ է իրականացնել երկարատև, համակարգային, տարաբնույթ հետազոտություններ։ Իմ մագիստրոսական թեզի պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Գևորգ Գևորգյանը, ով այդ ժամանակ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենն էր, նկատեց գիտության հանդեպ իմ սերը և առաջարկեց շարունակել հետազոտություններն ավելի բարձր մակարդակով։ Շատ ուրախ եմ, որ այսօր իմ սիրելի ինստիտուտում եմ, որտեղ ունեմ բանիմաց ավագ գործընկերներ, ովքեր պատրաստակամ են իրենց փորձը փոխանցելու և աջակցելու։ 

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ:

- Յուրաքանչյուր ստացված արդյունք կարևոր է և կարող է նոր հետազոտությունների հիմք դառնալ: Օրինակ, գլխուղեղ-աղեստամոքսային համակարգ-միկրոբիոտա-արյուն/իմունային բջիջներ առանցքում  ցուցադրվել են արգինազի, ազոտի օքսիդի սինթեզի և կրեատինկինազի տեղաշարժերը, որոնք ներգրավվում են խոցային կոլիտի, երկբևեռ խանգարման ախտաբանական մեխանիզմներում: LBC1 ընտրված պրոբիոտիկների կոմպլեքսն օգտագործվել է այդ հիվանդությունների հակադարձ բուժման համար, ցուցադրվել է դրանց բարենպաստ ազդեցությունը, ինչպես նաև վերը նշված ֆերմենտների ակտիվության կարգավորումը հյուսվածքներում և իմունային բջիջներում: Նույն ֆերմենտների տեղաշարժերը դիտվել են շրջանառվող լեյկոցիտներում տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների շրջանում և  բացահայտվել է տարիք կախյալ (դեռահաս և սեռահաս խմբերում), սեռական դիմորֆիզմ՝ կապված գլիկեմիկ ստատուսից և հիվանդության տևողությունից ինսուլինաթերապիայի ֆոնին: Այժմ այդ մեխանիզմները հետազոտվում են տիպ 2 շաքարախտի և այլ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև Covid-19-ով հիվանդների շրջանում և պատվաստված առողջ մարդկանց մոտ առաջին և երկրորդ պատվաստումից հետո: Ակնկալվում է նշված կոմպլեքսը կիրառել աուտոիմուն հիվանդությունների ադյուվանտային թերապիայում, մասնավորապես՝ տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում, հետագայում կլինիկայում ներդնելու համար: 

Բացի այդ, «AGBU-Research Program» ծրագրին պատրաստվել և ներկայացվել է նախագիծ՝ «Narimax forte» պրոբիոտիկ համալիրով և «Rally Sunroot Pro» զեոլիտով իմոբիլիզացված պրոբիոտիկների և պրեբիոտիկների խառնուրդով օժանդակ թերապիայի ազդեցությունն աղիքային միկրոբիոտայի և շրջանառվող լեյկոցիտների նյութափոխանակության վրա տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում:   

Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը:  

- Պատշաճ ֆինանսավորումը, նյութատեխնիկական բազայի վերազինումը, ազգային և միջազգային համագործակցությունը, երիտասարդ կադրերի վերապատրաստումը: 

Ի՞նչ կցանկանայիք փոխվեր գիտության ոլորտում:

- Գիտությունը պետք է դուրս գա ֆինանսավորման մնացորդային վիճակից: Առաջնային և հրատապ հարց է գիտական հետազոտությունների արդյունքները դարձնել կիրառելի և մրցակցային: 

Գիտնականի վարկանիշը, ցավոք, ընկել է, գիտությունը դադարել է հրապուրիչ լինել տաղանդավոր երիտասարդների համար: Պետք է լավ վարձատրել գիտնականին, հնարավորություն ընձեռել նրա մասնագիտական աճի համար, խրախուսել տաղանդավոր երիտասարդներին: 

Մասնակցո՞ւմ եք գիտական ծրագրերի, դրամաշնորհների մրցույթներին, միջազգային գիտաժողովներին:  

- Այո, իհարկե: Օրինակ, «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական խորհրդի կողմից՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում, գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթի» շրջանակներում 2021թ-ին ստացել եմ 3 000 000 դրամաշնորհ, ինստիտուտի համար ձեռք ենք բերել նոր սերնդի ցենտրիֆուգ: Նաև ստացել եմ դրամաշնորհ ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրվելու համար։
2022 թվականին FEBS/AAB կենսաքիմիկոսների հայկական ասոցացիայի կողմից ստացել եմ հրավեր և դրամաշնորհ Երիտասարդ գիտնականների ֆորումին՝ 20th FEBS Young Scientists' Forum (YSF 2020), և Համաշխարհային կենսաքիմիայի գագաթնաժողովին  մասնակցելու համար: Գիտաժողովը կանցկացվի հուլիսի 9-ից 14-ը՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:  

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի  (PostDoc) համակարգի ներդրմանը:

- Գերազանց: Ինքս կցանկանայի շարունակել գիտությամբ զբաղվել իմ երկրում, թեպետ գիտակցում եմ, որ անհրաժեշտ կլինի հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ:

Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը, մասնակցո՞ւմ եք «Գիտուժ»-ի նախաձեռնություններին կամ աջակցո՞ւմ եք նրանց:

- «Գիտուժ»-ի գործունեությունը գնահատում եմ դրական: Դեռ չեմ մասնակցել, հնարավորության դեպքում և՛ կմասնակցեմ, և՛ կաջակցեմ։

Կնշեք այն գիտնականներին, ովքեր Ձեզ համար օրինակելի են:

- Մարի Կյուրին, առաջին և միակ կին գիտնականը, ով երկու անգամ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներում: Հասնելով այդքան մեծ հաջողությունների՝ նա կանգ չի առել և շարունակել է զբաղվել գիտությամբ: 

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Նպատակիդ հասիր քրտնաջան, ազնիվ, համառ աշխատանքի շնորհիվ։

Ի՞նչ երազանքներ ունեք, ո՞րն է ամենամեծը:

- Երազանքներ, նպատակներ շատ ունեմ: Ամենամեծ երազանքս, որ մարդիկ լինեն բարի, ներողամիտ, առողջ, ապրեն խաղաղ երկնքի տակ։

Իսկ ո՞րն է ձեր «գիտական» երազանքը:

- Ցանկանում եմ ունենալ իմ սեփական վերահսկիչ, ճշգրիտ կենսաքիմիական ախտորոշիչ լաբորատորիան: Սա ավելի շուտ նպատակ է, քան երազանք։ Իսկ գիտական երազանքը մեկն է` արժանանալ Նոբելյան մրցանակի։

Մոնիկա Երիցյան