Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գայանե Պողոսյան

«Հայ արվեստաբանների ձայնը պետք է աշխարհին լսելի լինի»

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ, արվեստաբան Գայանե Պողոսյան. «Հայաստանում արվեստաբանության զարգացման համար մենք ունենք պոտենցիալ և ավագ սերնդից, և երիտասարդ սերնդից, բայց արվեստաբանների ուսումնասիրությունները կարիք կա միջազգայնացնելու, հայ արվեստաբանների ձայնը պետք է աշխարհին լսելի լինի»:

    Գայանե Պողոսյանը ծնվել է Երևանում: Մինչև Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա ընդունվելը սովորել է Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժնում: «Ինձ համար շատ կարևոր է շարունակել իմ կրթությունը հենց Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում, որտեղ շատ մեծավաստակ մասնագետներ են աշխատում և ունեն բավական փորձ», - ասում է Գայանե Պողոսյանը: Ուսմանը զուգահեռ նա դասավանդում է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: 

    Ներկայից դեպի անցյալ՝ բացահայտելու ազգային արմատները 

    «Ընտրել եմ արվեստաբանությունը, որպեսզի պատկերամտածողության միջոցով վերհանեմ Հայկական լեռնաշխարհի մշակութային գաղտնիքները, որոնք դեռ լիովին բացահայտված չեն», - նշում է Գայանեն: Նա ուսումնասիրում է Ուրարտական թագավորության մշակույթը, ինչպիսի զարգացում է այն ունեցել և ինչ փոխակերպումների է ենթարկվել. «Արվեստը մեզ շրջապատող աշխարհն է, որը գեղագիտորեն է ընկալվում ստեղծագործողների կողմից և հրամցվում է մեզ, իսկ մենք դառնում ենք դրա որոշակի ճյուղերի օգտագործողն ու կրողը: Ինձ համար կարևոր է, որ Հայկական լեռնաշխարհն ունեցել է մեկ մշակույթ՝ Արարատյան թագավորությունը, Վանի թագավորությունը, որի կրողը եղել են բնիկները, և մենք այդ բնիկների հետագա սերունդն ենք, հետագա ժառանգորդական ավանդույթի կրողն ենք»:

    Հայ արվեստաբանների ձայնը պետք է աշխարհին լսելի լինի 

    Երիտասարդ արվեստաբանը նշում է, որ իր ատենախոսության շրջանակում արվել են պատկերագրական հիմնավորումներ, որոնք երբևիցե չեն ուսումնասիրվել այլ գիտնականների կողմից: «Հայաստանում արվեստաբանության զարգացման համար մենք ունենք պոտենցիալ և ավագ սերնդից, և երիտասարդ սերնդից, բայց արվեստաբանների ուսումնասիրությունները կարիք կա միջազգայնացնելու, իսկ դրա համար պետք են ֆինանսական միջոցներ: Շատ գիտնականների հոդվածներ, գրքեր  պարզապես մնում են փոքր գիտական հասարակության միջավայրում, որովհետև չկան միջոցներ դրանք հրատարակելու», - ասում է Գայանե Պողոսյանը:

    Նա նշում է, որ լինում են հրավերքներ միջազգային գիտաժողովներին մասնակցելու, սակայն միշտ չէ, որ արվեստաբանները կարող են իրենց թույլ տալ սեփական միջոցներով մեկնել արտերկիր: Իսկ միջազգային հարթակներում հայ արվեստաբանների ձայնը պետք է լսելի լինի:

    «Մենք պետք է ունենանք հնարավորություն միջազգային հարթակներ ուղևորվելու, և մեր տեսակետները, մեր պատմությունը ներկայացնելու հենց ակունքից: Շատ կցանկանայի, որ երիտասարդ գիտնականներին ֆինանսավորեին արտասահման մեկնելու համար, որտեղ իրենք կներկայացնեին Հայկական լեռնաշխարհի պատմությունը և մշակույթը, որ մեր թշնամի երկրները և այլ երկրներ ևս չփորձեն տեր դառնալ դրան, հատկապես տարազը, պատկերագրությունը», - նշում է արվեստաբանը:  

    Նա հույս ունի, որ իր ուսումնասիրությունները կօգնեն հետագա սերնդի արվեստաբաններին և կունենան շարունակակական բնույթ: «Եթե մենք թողնենք արվեստը, մշակույթը, մենք կձուլվենք այս գլոբալիզացման ներկա աշխարհում: Մշակույթ ասելով հասկանում ենք մեր կյանքը, այն, ինչ մեր նախկիններն են մեզ փոխանցել և մենք փորձելու ենք փոխանցել մեր սերունդներին», - ասում է Գայանե Պողոսյանը:

   Մոնիկա Երիցյան