Ազդեր / Պահոց
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատվավոր դոկտորի կոչում շնորհեց Ստենֆորդի համալսարանի Վաստակավոր պրոֆեսոր, դոկտոր Դոնալդ Է. Կնութին

2005թ. մայիսին ՀՀ ԳԱԱ նախագահությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատվավոր դոկտորի կոչում շնորհեց Ստենֆորդի համալսարանի Վաստակավոր պրոֆեսոր, դոկտոր Դոնալդ Է. Կնութին հաշվի առնելով նրա մեծագույն գիտական վաստակը և ներդրումը կոմպյուտերային գիտության և ծրագրավորման բնագավառի զարգացման վրա:

Այս կապակցությամբ 2006թ. հունիսի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա հատուկ միջոցառում հայ ականավոր գիտնականների մասնակցությամբ: Այսօր մենք ուրախ ենք ողջունելու Պրոֆեսոր Դոնալդ Կնութին և նրա տիկնոջը՝ Ջիլլ Կնութին, Հայստանում որպես Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների հյուրերի: Պրոֆեսոր Դոնալդ Կնութը իր գիտական հետազոտությունները սկսել է վաղ վաթսունական թվականներից: Նա հեղինակն է ՙԿոմպյուտերային ծրագրավորման արվեստը՚, ՙԿոմպյուտերները և տպագրությունը՚ բազմահատորյակների, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով և դարձել են միլիոնավոր գիտնականների և ուսանողների սեղանի գիրք: Նա հանդիսանում է Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի, գիտությունների ազգային ակադեմիայի, ազգային ճարտարագիտական ակադեմիայի և այլ բազմաթիվ ազգային և միջազգային ակադեմիական և գիտական ընկերությունների անդամ: Նա էական ներդրում է կատարել կոմպյուտերային գիտության և ծրագրավորման բնագավառի զարգացման գործում և նրա ստեղծած TEX լեզուն՝ գիտական աշխատությունների պոլիգրաֆիկական բարձր որակով տպագրելու համար, լայնորեն տարածված է ամբողջ աշխարհով, և այլն: Մենք հուսով ենք, որ Դոկտոր Դ. Կնութի այցելությունը կխթանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կոմպյուտերային գիտության զարգացումը Հայաստանում: