ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Մկրտիչ Թումանյան
Մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Ռիչարդ Հովհաննիսյան

    ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է 1932 թ. նոյեմբերի 9-ին Կալիֆորնիայի նահանգի Թուլերի քաղաքում: Նրա հայրը` Գասպար Գավրոյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Բազմաշեն գյուղից էր: Գասպարի հորը տանում են «բանակ»` «կռվելու» Թուրքիայի թշնամիների դեմ, իսկ գերդաստանի կանանց ու երեխաներին քշում են դեպի Եփրատ գետ: Հենց այդ ժամանակ էլ մի քուրդ Գասպարին խլում է մոր ձեռքից և որպես ծառա տանում իր տուն: Հենց սա էլ դառնում է մանուկ Գասպարի  փրկության, բայց և տառապանքների սկիզբը: 

    14-ամյա Գասպարն ականատես է լինում ցեղասպանության ողջ զարհուրանքին. գրեթե 2 տարի դեգերում է Արևմտյան Հայաստանում, կռվում Անդրանիկի գլխավորած բանակում: 1920թ. Կոստանդնուպոլսից փախչում է Ֆրանսիա, այնտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ: Հասնելով «ազատության» երկիր՝ նա որոշում է փոխել իր կյանքը՝ անցյալում թողնելով վիշտն ու անդառնալի կորուստը և նոր գերդաստանի հիմքը դնել: Սահմանն անցնելու համար Գասպարից պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ: Փաստաթուղթ չուներ, հարցնում են ազգանունը, չգիտեր, որոշում է հոր անունով իր ազգանունը կոչել  Հովհաննիսյան:

    1925 թ. Գասպարը հասնում է Թուլերի, որտեղ ապրում էր նրա քեռին` Մանուկ Տեր-Սարգսյանը: Վերջինս այնտեղ մի մեծ ագարակ ուներ: Քեռու օգնությամբ Գասպարն արագ ոտքի է կանգնում, աշխատանք գտնում մոտակա վարսավիրանոցում, 1927 թ. ամուսնանում է Սիրուն Նալբանդյանի հետ: 1930-ական թվականներին վերջապես իրականանում է Գասպարի երազանքը. նա կարողանում է գնել  մի հողակտոր և խաղողի այգիներ տնկում: Գասպարն ու Սիրունը 4 զավակ են ունենում` Հովհաննեսը, որին մայրն անվանափոխում է Ջոնի, Րաֆֆին` Ռալֆը, Ռիչարդը  և վերջապես՝ Վերնոնը (Վարդգես): Երեխաները մեծանում են հոր հիմնած ագարակում՝ հարուստ խաղողի այգիներով: Նրանք հաճախ են հնարավորություն ունենում վայելելու Արսեն Միքայելյանի, Սիմոն Վրացյանի,  բազմաշենցի հայրենակից Ահարոն Գրիգորյանի (Քըրք Քըրքորյանի հայրը) և այլոց ներկայությունը: 

    1946 թ. աշնանը Ռիչարդն ընդունվում է Թուլերի Յունյոն ավագ դպրոց և հասկանում, որ ուզում է զբաղվել պատմությամբ ու դառնալ ուսուցիչ: 1950թ. Ռիչարդը ճանաչվում է Թուլերի Յունյոն ավագ դպրոցի լավագույն աշակերտ և ստանում ավարտական ճառն ասելու իրավունքը: Հետագա ուսումը շարունակելու համար նա մեկնում է Ֆրեզնո: Երիտասարդ Ռիչարդն իր արտաքին առանձնահատկությունների շնորհիվ` կանաչաչյա, սպիտակամաշկ, փոքր քթով, ինչպես նաև ամերիկյան բարբառի հրաշալի իմացությամբ արագ գտնում է իր տեղը ամերիկյան հասարակության մեջ: Ռիչարդն իր հայկական ինքնության աղբյուրը գտնում է Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում, որտեղ նա հաճախում էր երգչախումբ: Ֆրեզնոյի ՀՅԴ և Ասպարեզ օրաթերթերի գրասենյակներում նա հաճախում էր նաև Հայ երիտասարդաց դաշնակցության հանդիպումներին, թեև այդպես էլ երբեք կուսակցական չի դառնում:

    Ֆրեզնոյի համալսարանում պրոֆեսոր Հերբերթ Ֆիլիփսի դասախոսությունների շնորհիվ նա հասկանում է, որ պատմությունը կարող է մեռնել, եթե մոռացվի: 1952 թ. սեպտեմբերին իրականանում է երիտասարդ Ռիչարդի փայփայած երազանքը. նա ընդունվում է Բերկլիի համալասարան: 

    1952 թ. երիտասարդ Ռիչարդը մասնակցում է Սան Ֆրանցիսկոյի համայնքի կազմակերպած մի քննարկման, որտեղ բանախոսը Սիմոն Վրացյանն էր: Զրույցի ժամանակ Վրացյանը նրան առաջարկում է մեկնել Լիբանան` Նշան Փարաջյանի համազգային ճեմարան, այնտեղ անցկացնել մեկ տարի և հայերեն սովորել: 

    1954 թ. Ռիչարդ Հովհաննիսյանն ավարտում է Բերկլիի համալսարանը և մեկ տարի անց` 1955 թ., հետևելով Վրացյանի խորհրդին, մեկնում Լիբանան: Լիբանանում ճեմարանի ուսանողները նրան մեծ ջերմությամբ են ընդունում: Նրանց մեջ էր նաև Վարդան Գրիգորյանը (ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, նրա մասին նյութը կկարդաք հաջորդիվ), որն իր ուսերին էր վերցրել արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունները սովորեցնելու գործը: Արդեն 1956 թ., հեռանալով Բեյրութից, Ռիչարդը վարժ խոսում և գրում էր հայերեն: 

    1957 թ. Ռիչարդն ամուսնանում է իր վաղեմի ընկերուհու՝ բժշկուհի Վարդիթերի հետ, ում ճանաչում էր դեռևս 1950 թվականից: Այդ ամուսնությունից ծնվում են Րաֆֆին, Արմենը, Անին և Կարոն: 

    Ռիչարդը սկզբնական շրջանում դասավանդում էր Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում՝ ուսուցանելով աշխարհագրություն, պատմություն և անգլերեն: Սակայն նա անդադար մտածում էր Հայաստանի մասին (թեկուզև այն խորհրդային էր) և ցանկանում էր իր աչքով տեսնել Ավետյաց երկիրը: 1959 թ.՝ ամռանը, Ռիչարդն առաջին անգամ ժամանում է Խորհրդային Հայաստան. զգացողությունները հակասական էին:

    1962 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը Գուստավ ֆոն Գրունեբաումից` Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի տնօրենից, առաջարկ է ստանում աշխատել իրենց համալսարանում` միաժամանակ լծվելով թեկնածուական ատենախոսության պատրաստման գործին: 1966 թ. նա մեծ հաջողությամբ պաշտպանում է գիտական ատենախոսությունը` «Հայաստանը անկախության ճանապարհին» թեմայով: 1968 թ.՝ գարնանը, Ռիչարդ Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ Լոս Անջելեսի մոտակայքում` Մոնթեբելլոյի Բիքնել զբոսայգում, ութասյուն հուշարձան է բացվում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ օրը նրան հաջողվում է մի պահ համախմբել ԱՄՆ-ի բոլոր հայերին` անկախ կուսակցական կամ անձնական տարաձայնություններից:

    1972 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը դառնում է Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր: Նա զբաղեցնում է Հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճաններ շնորհող ծրագրերի ղեկավարի պաշտոնը (1962-ից)։ Նա Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի առաջին վարիչն էր (1987-ից), Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր նախագահը (1974, 1977, 1991–1992, 2006-2009): Նա Գուգենհայմի պատվավոր գիտնական է:

    Ռիչարդ Հովհաննիսյանը 70-ից ավել գիտական հոդվածների և շուրջ 20 մենագրությունների հեղինակ է, որոնցից խիստ արժեքավոր են «Հայաստանն անկախության ճանապարհին» (1967), «Հայաստանի Հանրապետություն» քառահատորյակը (1981-1996), «Հայոց Ցեղասպանությունը» (1980), «Հայկական պատկերը պատմության ու գրականության մեջ» (1981), «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, քաղաքականություն, էթիկա» (1992), «Հայ ժողովուրդը հնագույն շրջանից մինչ ժամանակակից շրջան» երկհատորյակը (1997), «Հիշողություն և մերժում. Հայոց ցեղասպանության խնդիրը» (1998), «Հայոց ցեղասպանությունը. մշակութային և բարոյական ժառանգությունը» և այլն: Մեծ հայագետը լծված էր մեկ այլ աշխատանքի ևս. խմբագրում էր պատմական Հայաստանի քաղաքների և նահանգների պատմությունը, որոնց թվում` Հայկական Վան/Վասպուրական, Հայկական Բաղեշ/Բիթլիս և Տարոն/Մուշ, Հայկական Խարբերդ, Հայկական Կարին, Հայկական Կիլիկիա, Հայկական Կարս և Անի, Հայկական Զմյուռնիա/Իզմիր և այլն: 

    1982 թ. իր կատարած աշխատանքների համար Հովհաննիսյանն արժանանում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Գարեգին 2-ի (Սարգսյանի) կողմից, 2001 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ը (Ներսիսյան) նրան շնորհում է Սուրբ Սահակ և Մեսրոպ շքանշանը, 2001 թ. Նորին սրբություն Արամ 1-ի կողմից նրան շնորհվում է Կիլիկո ասպետ շքանշանը: 

    Ռիչարդ Հովհաննիսյանը այժմ էլ հնարավորության դեպքում սիրով գալիս է Հայաստան և իր գիտելիքները փոխանցում հայ երիտասարդ մասնագետներին և գիտնականներին:  

    Հաշվի առնելով Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական, մանկավարժական, հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Գիտությունների ակադեմիան 1990 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ի դեպ, նա հասարակագիտության բնագավառի առաջին գիտնականներից է, որն ընտրվել է որպես ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1994 թ. նա դարձել է Երևանի պետական համալսարանի, իսկ 1997 թ.` Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր:

    Ռիչարդ Հովհաննիսյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում հայապահպանության, ցեղասպանության ճանաչման գործում, համագործակցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Ազդեր








Ս.թ. ապրիլի 23-ին ժ. 13:00-ից ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում կկայանան գիտական զեկուցումներ,որի ընթացքում ելույթ կունենան ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանի Դաշնությունից

Ս/թ. ապրիլի 26-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայկական տիեզերական ֆորումը անց են կացնում «Science in Space Analog Missions: AMADEE-24 Mars Simulation Results and the Future Prospects» աշխատաժողով (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24)

2025թ. ապրիլի 28-30-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը անց են կացնում «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» միջազգային գիտաժողովը (Երևան, Հայաստան)

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

Ս.թ մայիսի 6-ին՝ ժամը 15․00-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի կունենա ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
25/04/2025

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը կրկին կակտիվանա՞. Ինչ է առաջարկում ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղարը 23 ապրիլի, 2025 20:38
tech.news.am
25/04/2025

Հայրենադարձ գիտնականների գործունեությունը՝ Հայաստանում | Հարցազրույց Տիգրան Բաքարյանի հետ
1lurer.am
24/04/2025

Գիտության կենտրոնացումը մեկ կառույցում ռիսկային է և կարող է ռազմավարական խնդիրներ առաջացնել. Աշոտ Սաղյան
tech.news.am
24/04/2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
president.am
Կայքը հաճախել են
7 314 270

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:58, 30/04/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: