ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
26/09/2024
Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը

Կյանքից հեռացել է Մեքենագիտության և մեխանիզմների տեսության, ռոբոտոտեխնիկայի ասպարեզի ականավոր գիտնական,  գիտության և բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ, ընդգծված հայրենասեր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Յուրի Լևոնի Սարգսյանը:

Յուրի Սարգսյանը ծնվել է 1941 թ. փետրվարի 9-ին՝ Երևանում: 1962թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: 1964թ. ընդունվել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Մեխանիզմների, մեքենաների և ավտոմատ գծերի տեսություն» մասնագիտությամբ: 1967թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը,  1975թ.՝ դոկտորական ատենախոսությունը, երկու տարի անց նրան  շնորհվել է պրոֆեսորի կոչում: 

1971-1972թթ. անցել է գիտական փորձառություն Ստենֆորդի  համալսարանում, իսկ 1977-78թթ. Ստենֆորդի և Իլլինոյսի համալսարաններում աշխատել է որպես հրավիրված պրոֆեսոր:

Սկսելով իր աշխատանքային գործունեությունը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ասիստենտ՝ Յուրի Սարգսյանն այնուհետև անցել է փայլուն ուղի՝  դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, իսկ 1988թ. ընտրվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) ռեկտոր՝ մնալով բուհի ղեկին մինչև 2006 թվականը: Նրան վիճակված էր  դառնալ նախաձեռնողն ու գաղափարախոսը Հայաստանում բարձրագույն կրթության  կառուցվածքային-ծրագրային արմատական ռեֆորմի, որի նպատակն էր բարձրագույն կրթության համակարգը մերձեցնել ընդունված միջազգային չափանիշներին և հարմարունակ դարձնել այն շուկայական տնտեսության փոփոխվող կարիքներին և պահանջմունքներին:

Յուրի Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ Պոլիտեխնիկականը 1992թ. վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և ԱՊՀ երկրների տարածքում առաջինն անցավ Բոլոնիայի գործընթացով ամրագրված  եռաստիճան կրթական համակարգին: Յուրի Սարգսյանն էական ներդրում ունի նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի և  Արցախի պետական համալսարանի հիմնման գործում: Երկար տարիներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկինում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդների անդամ էր:

Բազմաբեղուն գիտնականը հեղինակ է միջազգային լայն ճանաչում ստացած  մենագրությունների և մեծաքանակ գիտական հոդվածների,  որոնք  նվիրված են մեխանիզմների սինթեզի տեսությանը և ավտոմատացված նախագծմանը, տարածական մեխանիզմների տեսությանը, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկային, մեխանիզմների, ռոբոտների և ավտոմատացված համալիրների նոր տիպերի ստեղծմանը: Հետազոտությունների  արդյունքները ներկայացվել են մեխանիզմների և մեքենաների տեսության II-X համաշխարհային համաժողովներում, Ամերիկյան ինժեներ-մեխանիկների ընկերության համաժողովներում, տեսական  և  կիրառական մեխանիկայի, մեխանիզմների և մեքենաների տեսության միութենական համագումարներում,  միջազգային այլ գիտաժողովներում: 

Յուրի Սարգսյանը հիմնել է մեխանիզմների սինթեզի տեսության սկզբունքորեն նոր ուղղություն՝ ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափություն, որը ստացել է լայն միջազգային ճանաչում: Ուղղության տեսական հիմունքները շարադրված են հեղինակի «Аппроксимационный синтез механизмов» մենագրությունում (М., Наука,1982), իսկ նոր տեսական  ապարատի հիմքի վրա ստեղծված մեխանիզմների ապրոքսիմացիոն սինթեզի մեթոդաբանությունը և ունիվերսալ ալգորիթմական մեթոդները՝ «Кинематика, динамика и точность механизмов» գրքում:     

Իր ծանրակշիռ գիտական վաստակի համար Յուրի Սարգսյանը 1986թ․ ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996թ․՝ իսկական անդամ: 1989-2006 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 1994թ․ ընտրվել է ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ: 

Ակադեմիկոս Յուրի Սարգսյանը վարել է նաև ակտիվ գիտահասարակական գործունեություն:1991-1995թթ․ եղել է մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային ֆեդերացիայի (IFToMM) գործադիր կոմիտեի անդամ, իսկ 1998թ․ այդ ֆեդերացիայի Հայաստանյան անդամ-կազմակերպության նախագահն էր: 1994թ. ընտրվել է Միջազգային ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ, 1995թ.՝ իսկական անդամ: Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան մի քանի գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ էր, ՀԱՊՀ «Բանբեր»  հանդեսի գլխավոր խմբագիրը: 1995թ․ նա գիտական աստիճանաշնորհման «Մեքենաշինություն և մեքենագիտություն»  034 մասնագիտական խորհրդի նախագահն էր:

1995թ. օգոստոսին Միլանում տեղի ունեցած IFToMM-ի IX Համաշխարհային համաժողովում Յուրի Սարգսյանին շնորհվել է IFToMM-ի հատուկ մրցանակը՝ մեխանիզմների և մեքենաների տեսության ասպարեզում ակնառու ծառայությունների համար:

Յուրի Սարգսյանը նաև ճանաչված հասարակական և պետական գործիչ էր: 1990-1995 թթ. Եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Սահմանադրական հանձնաժողովի անդամ՝ իր ներդրումն ունենալով Հայաստանի Անկախության հռչակագրի, ՀՀ առաջին Սահմանադրության, կրթության և գիտության վերաբերյալ օրենքների մշակման գործում: 

2008թ. արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման, 2011թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, պարգևատրվել է մեծաքանակ շքանշաններով և մեդալներով:

Հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն ու վաստակաշատ զավակներից մեկին: Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, աշակերտներին, գործընկերներին:Անմար հիշատակ սիրելի Յուրի Լևոնի Սարգսյանին:

ՀՀ ԳԱԱ Նախագահություն
ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 116 821

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:10, 07/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: