Սույն թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ներդրումային հիմնահարցերի գծով մասնագիտական պրոբլեմային խորհրդի անդրանիկ նիստը։ Նիստին մասնակցեցին խորհրդի անդամներ ՀՀ տարբեր գիտական կազմակերպություններից, ինչպես նաև հրավիրված փորձագետներ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինսստիտուտից, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտներից և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից:
Քննարկվեց Հայաստանի հողմային էներգիայի զարգացման վերաբերյալ ծրագրային առաջարկը։ Այն ներկայացրեց «Սոֆոն ինժեներիկ» ընկերության աշխատակից, գյուտարար Հրանտ Այվազյանը։
ՀՀ ԳԱԱ Ներդրումային հիմնահարցերի գծով մասնագիտական պրոբլեմային խորհրդի հատուկ գործառույթներն ընդգրկում են տեխնոլոգիական հետազոտությունների արդի վիճակի ուսումնասիրություն, գիտական մշակումների ներդրումային հնարավորությունների փորձաքննություն և խորհրդատվական առաջարկությունների տրամադրում, հիմնախնդիրների քննարկում և լուծումների ներկայացում պետական կառավարման մարմիններին։
Խորհրդի կազմում գործում են ֆոտոնիկայի, տիեզերքի ուսումնասիրության և տիեզերական տեխնոլոգիաների, քիմիական և կենսաբանական տեխնոլոգիաների հանձնաժողովները։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.06.2024թ.