Սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Քիմիան Հայաստանում» հայ-ռուսական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին:
Գիտաժողովին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար Վալենտին Անանիկովը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականներ:
Գիտաժողովի առաջին օրը պլենար զեկուցմամբ հանդես կգան ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Տերենտևը՝ «Օրգանական պերօքսիդներ. ստացման և գործնական կիրառման եղանակները» թեմայով և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանը՝ «Կենսաբանորեն ակտիվ համակարգերի ոչ պարզունակ սինթեզ՝ նուկլեոֆիլների և ազիների պարզունակ փոխազդեցությամբ» թեմայով: Կներկայացվեն գիտական զեկուցումներ՝ «Նոր տեխնոլոգիաների ֆիզիկաքիմիական հիմունքները» թեմայի վերաբերյալ:
Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, որտեղ կներկայացվեն գիտական զեկուցումներ «Ժամանակակից թվային տեխնոլոգիաներ կենսաբանության, բժշկության և քիմիայի մեջ» և «Հետերոցիկլիկ քիմիա և դեղամիջոցների ձևավորում» թեմաներով:
Հոկտեմբերի 26-ին գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ կներկայացվեն «Օրգանական սինթեզ և արդիական կիրառություններ» և «Սուպրամոլեկուլային քիմիա և բժշկական քիմիա» թեմաներին նվիրված գիտական զեկուցումներ:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.10.2022թ.