ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գարեգին Աշոտի Թոսունյան
Իրավ.գ.դ., պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
11/05/2022
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի 2021թ-ի գիտական կարևոր արդյունքները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների գիտաշխատողները 2021թ-ին իրականացրել են բազմաթիվ հետազոտություններ ու ստացել կարևոր և կիրառական արդյունքներ: 

Կարևոր արդյունքներ 

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

  • «Երևանի բուսաբանական այգում Հայաստանի վայրի տանձենիների (Pyrus L.) պահպանում» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճից հայտնաբերվել և նկարագրվել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian:
  • Բեռլինի Բուսաբանական այգու և Բուսաբանական թանգարանի (BGBM) գիտնականների հետ համատեղ իրականացվել են Dianthus (Caryophyllaceae) ցեղի ֆիլոգենետիկական ուսումնասիրություններ։ Ստեղծվել է ցեղի տեսակների ամբողջական կարգաբանական և նոմենկլատուրային ցուցակ՝ ըստ տաքսոնի գլոբալ տարածվածության:
  • Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների շրջանակում ավարտվել են «Որոտան գետի ավազանի վաղ պլեյստոցենի ֆլորան որպես Հարավարևելյան Հայաստանի ժամանակակից բուսական ծածկույթի ձևավորման հիմք» աշխատանքները: Նստվածքաշերտերից հայտնաբերված բրածո բույսերի 232 տաքսոնները պատկանում են բույսերի թագավորության 190 տեսակի, 111 ցեղի, 55 ընտանիքի: Դրանցից 37 տաքսոնների ժամանակակից համարժեք տեսակներն այսօր չեն աճում ՀՀ տարածքում, իսկ մոտ 160 տաքսոն առաջին անգամ են նկարագրվել Հայաստանի համար:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

  • Ժամանակակից անթրոպոգենեզի տարածաժամանակային առանձնահատկությունների, մակարդակների և ինտենսիվության գնահատման համար շարունակվել են երկրաքիմիական ֆոնային պարունակությունների և տարրերի բնական ասոցիացիաների բացահայտման միջգիտակարգային հետազոտությունները: Երևանի օրինակով  կատարվել է հրաբխային ապարների վրա ձևավորված հողերում քիմիական տարրերի (Fe, Ti, Mn, Co, V, Ba, Cr, Sr, Rb, Zr, Cu, Pb, Zn) ֆոնային երկրաքիմիական ասոցիացիաների ուսումնասիրություն: Ժամանակակից վիճակագրական մեթոդների կիրառմամբ հաստատվել է ուսումնասիրված տարրերի երկու երկրաքիմիական բնական ասոցիացիա: 

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

  • Առաջին անգամ ուսումնասիրվել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում: Նախագծվել է Սևանա լճի ջուրը ցիանոբակտերիաներից մաքրելու մոդելային սարք։
  • Որոշվել է «Սևան» ազգային պարկի, «Արտանիշ» արգելոցի և Տավուշի մարզի «Գետիկի» արգելոցի ողնաշարավոր կենդանիների տեսակային կազմը, նշվել է ինչպես լայն տարածված, այնպես էլ հազվագյուտ 233 տեսակ: 
  • Գրանցվել է միջատների շուրջ 700 տեսակ, այդ թվում՝ գիտության համար 2, Հայաստանի ֆաունայի համար  7, Տավուշի մարզի համար 14 նոր տեսակ:
  • ԴՆԹ-ի սեկվենավորման արդյունքներով առաջին անգամ կառուցվել են բզեզների Dorcadion ցեղի ներկայացուցիչների ֆիլոգենետիկ ծառերը, 6 տեսակի համար առաջին անգամ ուսումնասիրվել են նրանց կարիոտիպերը:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

  • Մշակվել և պաշտոնապես գրանցվել է սննդի «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը։ Պատրաստուկը պարունակում է կենդանի լիոֆիլիզացված կաթնաթթվային բակտերիաներ՝ Lactobacillus acidophilus MDC 9602 և L. ramnosus MDC 9631՝ արգինին ամինաթթվի արտադրիչ:
  • E. coli HK (pargJ-T) (կրում է Thermotoga neapolitana թերմոֆիլ մանրէի argJ գենը) ռեկոմբինանտ շտամ-արտադրիչի արգինինի կենսասինթեզի մակարդակի բարձրացման նպատակով ստացվել են մուտանտներ, որոնք կայուն են պիրիմիդինների տարբեր նմանակների նկատմամբ, ինչպես նաև չեն ենթարկում արգինինը կատաբոլիզմի: 
  • Ցույց է տրվել, որ սինթետիկ միացությունները (2R,3S)-հիդրոքսիլեյցինի և N-ֆորմիլ-մեթիոնիլ-(2R,3S)-հիդրոքսիլեյցինի 1 մՄ կոնցենտրացիայի դեպքում ճնշում են Pseudomonas սեռի շտամների պրոտեոլիտիկ ակտիվությունը:
  • Որոշվել է Brevibacterium flavum ATCC 14067 վայրի տեսակի շտամի աճն արգելակող L-տրիպտոֆանի նմանակի՝ m-ֆտորֆենիալնինի նվազագույն կոնցենտրացիան: Քիմիական մուտագենեզի և գենետիկասելեկցիայի մեթոդներով Br. flavum 14067 շտամի հիման վրա ստացվել են m-ֆտորֆենիլալանինի նկատմամբ կայուն մուտանտներ:
  • Ուսումնասիրվել են Խինդողնի և Արենի սորտերի խաղողի կորիզներից լուծամզման մեթոդով ստացված բնական յուղերի օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական հատկությունները և քիմիական բաղադրությունը: Որոշվել են նպատակային արտադրանքի օպտիմալ ելքերը:
  • Սինթեզվել են պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ 9-ֆլուրենիլմեթօքսիկարբոնիլային խմբով պաշտպանված նոր ոչ սպիտակուցային ամինաթթուներ ու դրանց դիպեպտիդները ակտիվացված էսթերների եղանակի կիրառմամբ:
  • Մշակվել և արտոնագրվել է նատրիումի նուկլեինատի ստացման կատարելագործված եղանակ, որն օրգանիզմի իմունիտետի բարձրացման համար լայնորեն օգտագործվում է բժշկության ու անասնապահության մեջ:
  • Երկրորդային հումքից՝ անհատական համակարգիչների ոչ կոնդիցիոն տպված պլատաներից, արժեքավոր մետաղների տարրալուծման նպատակով կատարվել է երկաթ օքսիդացնող մանրէների համեմատական բնութագրումը: Ցույց է տրվել, որ պղնձի կորզման աստիճանը կախված է պուլպի խտությունից և սուլֆիդային ու օքսիդային հանքաքարերի հարաբերակցությունից համապատասխանաբար 10-ը 14-ի հաշվարկով:
  • Ցույց է տրվել, որ գետնանուշի և սոյայի պալարաբակտերիաների համատեղ կիրառումը բարձրացնում է գետնանուշի բերքատվությունը 33.9-34.5%-ով:
  • «Մանրէների ավանդադրման կենտրոն» հիմնարկը լիիրավ անդամի իրավունքով ընդունվել է Մանրէների կուլտուրաների հավաքածուների եվրոպական կազմակերպություն (ECCO, http://www.eccosite.org)։ Հրատարակվել է մանրէների կուլտուրաների կատալոգի I հատորը՝ «Աէրոբ սպորավոր բակտերիաներ»:

ՀՀ ԳԱԱ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

  • Արմատամերձ միջավայրում «Aegis» միկրոհատիկավորված միկորիզայի (Glomus intraradices և Glomus mosseae) կիրառումը սննդալուծույթում, ֆոսֆորի պարունակության 92%-ով նվազեցման պայմաններում, ստուգիչի համեմատ, նպաստել է արևելյան կենսածառի (Biota orientalis L.) բարձրության և տարեկան աճի ավելացմանը համապատասխանաբար 1.6 և 1.7 անգամ: Մանրադիտակային մեթոդի կիրառմամբ ինոկուլացված սերմնաբուսակների արմատներում հաստատվել է միկորիզային սնկերի գաղութացման առկայությունը հիդրոպոնիկայում:
  • Առաջին անգամ հիդրոպոնիկ մշակույթ են ներմուծվել նրբածաղիկ ռեհանը (Ocimum tenuiflorum L.) և աշվագանդան (Withania somnifera L.): Հիդրոպոնիկ մշակույթում նրբածաղիկ ռեհանի դեղահումքը թարմ քաշով 2.4 անգամ գերազանցել է հողային մշակույթին: 
  • In vitro մշակույթում առաջին անգամ ուսումնասիրվել է իսկական ունաբի (Ziziphus jujuba Mill.) տարբեր էքսպլանտների (մերիսթեմ, տերև, ցողուն) կալուսագեն և մորֆոգեն հնարավորությունը: Մուրասիգե Սկուգի սննդամիջավայրում ԻՔԹ (3.0-3.5մգ/լ) և ԲԱՊ (2.0-2.5մգ/լ) ֆիտոհորմոնների խտության համադրումը մերիսթեմային ծագմամբ կալուսային հյուսվածքներում խթանել է օրգանոգենեզը միջինում 2 ադվենտիվ ընձյուղի գոյացմամբ:

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

  • Պրոլինով հարուստ պեպտիդ գալարմինի կենսաբանական ակտիվության մեխանիզմների բացահայտման նպատակով հետազոտվել է մարդու միտոգեններով ակտիվացող պրոտեին կինազ p38-ի, դրա ֆոսֆորիլացված ձևի, ինչպես նաև ֆերմենտն ակտիվացնող և ինակտիվացնող մուտանտ ձևերի հետ գալարմինի փոխազդեցության էներգիան AutoDock Vina ծրագրային փաթեթի օգնությամբ:
  • Դիպեպտիդիլպեպտիդազ (ԴՊՊIV), ադենոզինդեամինազ (ԱԴԱ), գլուտամինազ ֆերմենտների ակտիվությունների գնահատումն ու կարգավորումը կարևոր և հեռանկարային է մի շարք հիվանդությունների ախտորոշման, բուժման/կանխարգելման համար: Աուտոիմուն հիվանդություններին բնորոշ սպիտակուցային ցինտրուլինացում է գրանցվել 1-ին տիպի շաքարախտով հիվանդների արյան պլազմայում, որտեղ գլյուկոզին զուգահեռ աճել են նաև ԱԴԱ2-ի և ԴՊՊIV-ի ակտիվությունները։ Արյան պլազմայում ԱԴԱ1-ի և ԱԴԱ2-ի ակտիվության որոշումը կարևոր է 1-ին տիպի շաքարախտով երիտասարդ հիվանդների գլիկեմիկ կարգավիճակի կանխատեսման համար:  
  • Ինսուլտից հետո վերականգնողական գործընթացները խթանելու նպատակով հետազոտվել է ֆոսֆոռիբոզիլ պիրոֆոսֆատ-1-սինթազի էֆեկտորների ազդեցությունն այս գործընթացում: Հետազոտվել է նաև պրոտեինկինազ C-ի մասնակցությունը մակարդուկի գոյացման ժամանակ:
  • Ստացվել են ֆոտոսենսիբիլիզատորներ կատիոնային պորֆիրինների կոմպոզիտներ տրանսֆերինի ու ցերուլոպլազմինի հետ, հետազոտվել է դրանց արդյունավետությունը քաղցկեղային բջիջների դեմ պայքարում in vitro: Այս երկու սպիտակուցները կարող են ակտիվորեն մասնակցել դեպի ուռուցք պորֆիրինների փոխադրմանը: Կատիոնային պորֆիրինների և այս սպիտակուցների կոմպլեքսները կարող են առաջարկվել ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայում օգտագործելու համար:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

  • Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է 2020-21թթ. ՀՀ-ում շրջանառվող նոր կորոնավիրուսի տարբերակների ամբողջական գենոմի սեքվենավորում և մոլեկուլագենետիկական մոնիթորինգ նանոպորային սեքվենավորման կիրառմամբ։ Այս հետազոտությունների ամենամսյա իրականացումը թույլ է տվել որոշել Հայաստանում կորոնավիրուսի տարբերակների տեղակալման դինամիկան, գնահատել մուտացիաների ազդեցությունը ՊՇՌ թեստերի ճշտության վրա:
  • Քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիայի (ՔԼԼ) ժամանակ բացահայտվել է սերտ կապ միջանկյալ մոնոցիտների քանակի և առաջնային ու երկրորդային բուժման նշանակման միջև: Արդյունքները վկայում են, որ միջանկյալ մոնոցիտների 5.4 տոկոսային շեմը կանխագուշակիչ չափանիշ է ՔԼԼ հիվանդների բուժումը սկսելու ժամկետների համար:
  • Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Գերմանիայի Խաղողի սելեկցիայի ինստիտուտի համատեղ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են Վայոց ձորի մարզի խաղողի տեղածին վտանգված սորտեր և վայրի խաղողի գենետիկական ռեսուրսներ, իրականացվել է 300 նմուշի մոլեկուլագենետիկական նույնականացում և փաստագրում։ Խաղողի ծնողական ձևերի գենետիկական վերլուծությունը բացահայտել է ենթադրյալ տեղածին հնագույն սորտեր: Նույնականացված սորտերի ամփոփ բնութագրերն ընդգրկված են Vitis տվյալների շտեմարանում (www.vitis.am):

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

  • Ստացվել է անդրկովկասյան գյուրզայի թույնի դեմ հակաթույն խոյի իմունիզացիայի արդյունքում, ինչպես նաև ստացված շիճուկի արդյունավետության գնահատում մի շարք in vivo և in vitro փորձարարական մոտեցումների միջոցով: Ստուգվել են ստացված հակաթույնի պարասպեցիֆիկությունը և խաչաձև ռեակտիվությունը թունաբանական առումով կարևոր երկրորդ հայաստանյան Montivipera raddei օձատեսակի, այն է՝ Հայկական իժի թույնի հանդեպ: Ստուգվել է INOSERP Europe (Inosan, Ֆրանսիա) փորձարարական հակաթույնի ակտիվությունը Անդրկովկասյան գյուրզայի և Հայկական իժի թույնի դեմ: Ուսումնասիրվել է Macrovipera lebetina obtusa օձի թույնից առանձնացված օբտուստատին դեզինտեգրինի և A2 ֆոսֆոլիպազների ազդեցությունն ուռուցքային բջիջների տարբեր գծերի աճի և կենսունակության վրա: Շարունակվել են մարդու արյան էրիթրոցիտների ստվերների թաղանթների վրա իժերի թույնի թաղանթատրոպ ազդեցության բացահայտման հետազոտությունները: 
  • 2-րդ տիպի շաքարախտի բնորոշ առանձնահատկությունները թելադրում են բազմաֆունկցիոնալ թերապիայի անհրաժեշտություն: Ստացված տվյալները հաստատել են հակադիաբետիկ դեղաբույսերի հավաքածու «Դիաբեֆիտի» սիներգիկ ազդեցության հայեցակարգը, որը հակահիպերգլիկեմիկ ակտիվության հետ մեկտեղ կարող է նշանակալի ազդեցություն ունենալ ացետիլխոլինով միջնորդավորված դիաբետիկ դեմենցիայի և էնդոթելինով միջնորդավորված դիաբետիկ անգիոպաթիայի կանխարգելման գործընթացներում: Էթնոբուսաբանական ծագման «Դիաբեֆիտը» կարող է լինել պոլիմորբիդ բարդությունների ծախսարդյունավետ թերապևտիկ միջոց:

Կիրառական աշխատանքների արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

  • Մշակվել են ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերում բնական և տեխնածին ռադիոնուկլիդների բաշխվածության փորձագիտական թեմատիկ քարտեզներ, որոնք անհրաժեշտ են ռիսկի գնահատման համար, որը սննդամթերքի անվտանգության ապահովման ու կայուն գյուղատնտեսության հիմքն է:
  • Սննդամթերքում քիմիական վտանգների ռիսկի գնահատման աշխատանքների շրջանակում ՀՀ-ում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկների, իսկ ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություններ: 
  • Շարունակվել են Հայաստանում լանդշաֆտների էկոլոգիական մոնիթորինգի հեռազննման համակարգի ստեղծման համար արբանյակային լուսանկարների հավաքագրման և մշակման բազմաչափ տեղեկատվական համակարգի (http://datacube.sci.am) ստեղծման աշխատանքներն Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ու Ժնևի (Շվեյցարիա) համալսարանի հետ:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

  • Երկարաչանչ խեցգետնի պաշարները Սևանա լճում վերջնականապես սպառվել են։ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդ խեցգետինների մասնաբաժինը լճում տատանվում է 10-11%-ի սահմաններում, իսկ կենսազանգվածը նախորդ տարվա համեմատ նվազել է 27տ-ով։ 
  • Սևանա լճում իրականացված ձկնաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ 2020թ. սիգը համալրող բեղուն սերնդի հաշվին ձկնային պաշարները 2021թ. աճել են մոտ 9.6%-ով։ Ձվադրման ակտիվ փուլի մեկնարկից առաջ՝ 2021թ. նոյեմբերին, սիգի արդյունագործական նշանակության պաշարները կազմել են մոտ 641.8տ (SD±20,09տ):
  • Հաստատվել է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների վարակվածությունը տրեմատոդներով (Fasciola hepatica, F. gigantica, Dicrocoelium lanceatum, Paramphistomum cervi), ստամոքսաղիքային ստրոնգիլյատներով (Trichocephalus ovis, Chabertia sp., Haemonchus sp, Paramphistomum sp.), թոքային նեմատոդներով (Protostrongilus sp.), ցեստոդներով (Monezia expansa, Echinococcus granulosus), նախակենդանիներով (Eimeria arloingi, E. intricata, Piroplasma bigeminum)։ Շների մոտ նշվել են Babesia canis, Leishmania tropica, Hydatigera taeniaeformis, Toxocara canis, Uncinaria stenocephala, Ancylostoma caninum,  ճագարների մոտ՝ Fasciola hepatica, Eimeria stidae, E.magna, E.perforans, հավերի մոտ՝ Ascaridia galli և E.tenella, E. acervulina, կատուների մոտ՝ Hydatigera taeniaeformis, Toxocara cati, Toxascaris leonina, Trichuris vulpis, Cystoisospora felis և C. rivolta, Giardia intestinalis, Toxoplasma gondii մակաբույծ նախակենդանիները: Տարբեր կենդանատեսակների մոտ գրանցվել են Ixodes ricinus, Dermacentor marginatus, Rhipicephalus bursa, Rhipicephalus annulatus, Hyalomma marginatum, Ripicephalus turanicus, Haemaphisalis punctata, Rhipisephalus sanguineus, Hyaloma anatolicum իքսոդային տզեր:
  • Որոշվել են ձկների մոտ հայտնաբերված հելմինթների տեսակային կազմը և վարակվածության էքստենսիվությունն ու ինտենսիվությունը: Նշվել են պտղատու և փշատերև ծառատեսակների, խաղողի այգիների էկտո- և էնդոպարազիտ նեմատոդներ, որոնց կազմում գերակշռել են Xiphinema, Macroposthonia, Helicotylenchus սեռերի ներկայացուցիչները:  
  • Շարունակվել է գյուղատնտեսական վնասատուների դեմ կենսաբանական պայքարում նոր մոտեցումների որոնումը: Հայտնաբերվել է Հայաստանի ֆաունայի համար տզերի վնասատու 4 նոր տեսակ։ Ստեղծվել և փորձարկվել են տարբեր տեսակի բույսերից ստացված պատրաստուկներ, որոշվել է դրանց միջատա- և տզասպան ակտիվությունը և համեմատական արդյունավետությունը գյուղատնտեսական վնասատուների տարբեր խմբերի դեմ պայքարում:

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

  • Բացահայտվել է, որ քաղցկեղային բջիջներում ֆոլաթթվի (FA) ռեցեպտորների քանակը 100-300 անգամ շատ է, քան առողջ բջիջներում: [FA+Zn-TOEt4PyP] կոմպոզիտում ֆոլաթթուն ոչ կովալենտ կապվում է մետաղապորֆիրինի հետ 1.2/1 հարաբերակցությամբ, իսկ [FA+Zn-TBut4PyP] կոմպոզիտում այս հարաբերակցությունը հասնում է 20/1-ի: Նման կոմպոզիտների ստացման մատչելիությունը  հնարավորություն է ընձեռում դրանք կիրառել ուռուցքների թիրախային ֆոտոդինամիկ թերապիայում: Պորֆիրինները կարող են օգտագործվել նաև  բակտերիաների, սնկերի, խմորիչների և վիրուսների դեմ պայքարում: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացված փորձերի արդյունքում պարզվել է, որ մութ պայմաններում փորձարկված 18 կատիոնային պորֆիրիններից մեկը ցուցաբերում է ակտիվություն SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ: Շարունակվում է կատիոնային պորֆիրինների ուսումնասիրությունը լույսի ազդեցության (ֆոտոդինամիկ) պայմաններում COVID-19-ով հիվանդների բուժման համար դրանք օգտագործելու նպատակով:
  • ՆՕՔԻ-ում սինթեզված պիպերազինի 15 ածանցյալներից ադենոզինդեամինազ 1-ի ակտիվությունն արդյունավետ ընկճում է բենզհիդրիլ խումբ պարունակող միացությունը: Ֆերմենտի ցածրամոլեկուլային և բարձրամոլեկուլային ձևերի ակտիվության ընկճման արժեքները տարբերվում են երկու կարգով, որը հնարավորություն է տալիս տարբեր պաթոլոգիաների դեպքում ընտրողաբար օգտագործել այդ միացությունը ֆերմենտի ցածրամոլեկուլային ձևի ակտիվությունը ճնշելու համար:
  • Իրականացվել  է տարբեր ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ ու բարձր քվանտային ելքով և ֆլուորեսցենցիայի լայն տիրույթով օժտված կարբոնային dot-երի սինթեզ համապատասխան գործառույթներում կիրառելու նպատակով: Ստացվել են երկաթի նանոմասնիկներ, որոնք օժտված են մագնիսական հատկություններով և պերօքսիդազային ակտիվությամբ, ինչը թույլ է տալիս կիրառել դրանք կենսասենսորներում և իմունաֆերմենտային անալիզի տարբեր ձևաչափերում:
  • Իրականացվել են սննդի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ, որոնց համար բուսական աղբյուրներից անջատվել է հիստամինազ ֆերմենտը, որը կիրառվում է սննդում հիստամինի քանակը գնահատելու  համար: 
  • Դեպի բակտերիալ բջիջներ դեղամիջոցների թիրախային առաքմանը վերաբերող հետազոտություններում օգտագործվել է ամպիցիլինով ներբեռնված ապոֆերիտինը, որպես համակարգը ճանաչող մոլեկուլ կիրառվել է  լեկտինը: Ստացված արդյունքները in vivo փորձարկումների հիմքն են:
  • ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
  • Շարունակվել է մի շարք օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների արտադրությունը և իրացումը եվրոպական շուկայում, որոնք ունեն կարևոր բժշկական, դեղագործական և ախտորոշիչ նշանակություն:
  • Շարունակվել է L. acidophilus ՄԱԿ 9602 կաթնաթթվային բակտերիայի կիրառմամբ «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությունը մրգային և ըմպելի՝ բնական օշարակների (ծիրան, դեղձ, սև թութ և բալ) կիրառմամբ: Շարունակվել է լիոֆիլիզացված «Նարինե»-ի (դեղափոշի) արտադրությունը: Շարունակվել է լիոֆիլիզացված «Նարինե»-ի արտադրությունն աղիներում լուծվող պինդ ժելատինային պատիճներով: Այս արտադրանքներն իրացվում են Երևանի առաջատար դեղատներում և սուպերմարկետներում:
  • Շարունակվել է գյուղատնտեսության համար անհրաժեշտ համալիր կենսապարարտանյութերի՝ «Էկոբիոֆիդ»-ի և «Էկոբիոֆիդ+»-ի արտադրությունը: Արտադրվել է շուրջ 1.5տ կենսապարարտանյութ, որն իրացվել է հանրապետության տարբեր գյուղական տնտեսություններում:
  • Շարունակվել է Հայաստանի դեղագործական շուկայում պահանջարկ ունեցող պատրաստուկների (3% և 30% ջրածնի պերօքսիդ, բորաթթու, մագնեզիումի սուլֆատ, կալիումի պերմանգանատ, ամոնիումի ջրային լուծույթ, գերչակի յուղ, գլիցերին, 5% յոդի լուծույթ) արտադրությունը: Պայմանագրային հիմունքներով վերոհիշյալ պատրաստուկներն իրացվում են «Նատալի-Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ֆարմ-Դոմ», «Յունիֆարմ», «Սանուս», «Արմֆարմացիա», «Ալտա» և այլ մեծածախ ցանցերում:
  • Շարունակվել է սառը մամլման եղանակով չիչխանի, կտավատի, պուտավոր կաթնափուշի, նուշի, սև և սպիտակ քունջութի, դեղձի, ծիրանի, սև չամանի, դդումի և սև սալորի կորիզների բնական բուսական յուղերի արտադրությունը, կազմակերպվել է նոր արժեքավոր բուսայուղի՝ նռան յուղի արտադրությունը։ Նշված յուղերն ունեն սննդային, բուժկանխարգելիչ և գեղարարական (կոսմետոլոգիական) նշանակություն:
  • Ուսումնասիրվել են պայմանները և օպտիմալացվել է Rhizomucor miehei՝ շրդանի մակարդիչի մանրէային փոխարինողի բորբոսասնկի կուլտուրայի մակերեսային աճեցման գործընթացը:

ՀՀ ԳԱԱ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

  • Առաջին անգամ Հայաստան են ներմուծվել և հիդրոպոնիկ պայմաններում աճեցվել թանկարժեք թեյաբույս եռաշերտ թիթեռնոլոռը (Clitoria ternatea L.) և արժեքավոր դեղաբույսեր նրբածաղիկ ռեհանն ու աշվագանդան, որոնք հաջողությամբ հարմարվել են անհող պայմաններին և կարող են ունենալ կիրառական մեծ նշանակություն:
  • Հայաստան են ներմուծվել գեղազարդ ծառատեսակ սպիտակ հուդայածառի սերմեր (Cercis siliquastrum “Alba”), որոնք փորձարկվել են հիդրոպոնիկ մշակույթում: Ստացված տնկիները կարող են ունենալ էական նշանակություն կանաչապատման գործընթացում:
  • Կազմակերպվել է բաց դռների օր, ներկայացվել են մորինգա յուղատուի հիդրոպոնիկ աճեցման առանձնահատկությունները, ինչպես նաև տերևափոշուց պատրաստված տարբեր մթերքներ՝ թեյեր, հրուշակեղեն, պանիր:
  • Հաստատվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կարիքների համար ծառեր ու թփեր մատակարարելու տենդերը (գիհի վիրգինյան մեծ և փոքր, սոսի արևելյան, կենսածառ արևելյան և այլն) 4 մլն 640 հազար դրամ գումարով:
  • Իրացվել է գիտափորձերի արդյունքում արտադրված տարբեր ծառաթփերի (կենսածառ, սոսի, գիհի, կաղնի, սոֆորա, հուդայածառ, մետաքսածառ) շուրջ 600 տնկի:
  • Մշակվել են գործնական ռադիոպաշտպանիչ առաջարկներ, որոնց կիրառումը հիդրոպոնիկայում և ագրոհամակեցություններում կապահովի ռադիոէկոլոգիապես առավել անվտանգ բուսահումքի ստացումը և կունենա բնապահպանական ու սանիտարահիգիենիկ նշանակություն:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

  • Կատարվել են «ԱՐԱՄԱՔՍ» և «Արմենիկում» պատրաստուկների ուսումնասիրություններ in vitro բջիջների կուլտուրայում և in vivo սիրիական համստերների մոդելի վրա։ Պարզվել է, որ «ԱՐԱՄԱՔՍ» դեղամիջոցն ունի թերապևտիկ ազդեցություն SARS Cov-2 կորոնավիրուսի («դելտա» շտամ) նկատմամբ՝ նշանակալի նվազեցնելով սիրիական համստերների վիրուսային վարակի ախտաբանությունը։ 
  • Առաջին անգամ Հայաստանում հիմնադրվել է խաղողի տեղածին սորտերի բարձրադիր օրգանական այգի 1.5 հա տարածքով, Վայոց ձորի Արտաբույնք գյուղում՝ ծովի մակերևույթից 2050մ բարձրության վրա: Իրականացվել է տեղածին սորտերի ամպելոգրաֆիկ բնութագրում և մոլեկուլագենետիկական նույնականացում, VvMybA1 և VvMybA2 գեների ալելային բազմաձևության ուսումնասիրություն, հետազոտվող սորտերի ամբողջական գենոմների սեքվենավորում:
  • Անջատվել են Հայաստանում շրջանառվող աղիքային վարակների հարուցիչների կլինիկական շտամների դեմ բարձր արդյունավետություն ցուցաբերող բակտերիոֆագեր, որոնք կարող են ծառայել որպես հակաբիոտիկակայուն հարուցիչների դեմ պայքարի այլընտրանքային միջոց:

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

  • «Կոբրայի թույնի և խնկածաղկի եթերայուղի համակցված պրեպարատի հակացավային և հակաբորբոքային ազդեցությունների հետազոտությունը» թեմայի շրջանակում Հերացու անվ. բժշկական համալսարանի ֆարմակոգնոզիայի  ամբիոնի հետ համագործակցության արդյունքում հետազոտվել են խնկածաղկի (Oreganum vulgare) եթերայուղի հակացավային, հակաբորբոքային և ցիտոտոքսիկ ազդեցությունները ֆորմալինային թեստի, տաք թիթեղի թեստի և MTT թեստի մեթոդներով: Հետազոտությունները խորացնելու և նոր ցավազրկող պատրաստուկի բաղադրություն ստանալու նպատակով լաբորատորիան ձեռք է բերել եթերայուղերի բազմաֆունկցիոնալ թորիչ:
  • «Մարդու արյան պլազմայից ալբումինի և նորմալ իմունոգլոբուլինի պատրաստուկների արտադրման տեխնոլոգիաների մշակում և փորձնական նմուշների ստացում» թեմայի շրջանակում մշակվել է համապատասխան ձևաչափը և ձեռք են բերվել ֆիլտրներ:
  • «Մոդիֆիկացված նանոմասնիկների և 5-ֆտորուրացիլի համակցված ազդեցության վերլուծությունը Քրոքերի սարկոմայի և ռաբդոմիոսարկոմայի աճի և զարգացման վրա» թեմայի շրջանակում բելառուս գործընկերներից ստացվել են նշված նանոմասնիկները, ինչպես նաև ստացվել է Քրոքերի սարկոմայի կենդանական մոդելը մկների վրա հետագա փորձարկումների համար:
  • «PSI» ընկերության հետ համատեղ, SFCO-սենսորների կիրառմամբ, իրականացվել են ֆիզիոլոգիական հակազդումների պոլիգրաֆիկական հետազոտություններ՝ ի պատասխան մարդու հուզական վիճակի մոդուլյացիայի։ Հետազոտվողի մոտ հուզական հակազդեցության հարուցման  համար առաջին անգամ լաբորատորիայում կիրառվել են վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11.05.2022թ.


Ազդեր








ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը (ք.Երևան, Հր. Ներսիսյանի 25) հունիսի 6-ից 10-ը կազմակերպում է ակադեմիկոս Ա.Ռ. Մկրտչյանի անվան «Ակուստաֆիզիկա» 1-ին միջազգային գիտատեխնիկական դպրոց–սեմինար

ԵՄ-բիզնեսի համար նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության և «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարվում է «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի հայաստանյան հնարավոր մասնակիցների նախագծերի նախապատրաստման աջակցության ծրագրի մեկնարկը

Ս.թ. մայիսի 10-ին ժամը 14:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող. 24) տեղի կունենա ՌԳԱ ակադեմիկոս,Եվրոպական ակադեմիայի անդամ Անանիկով Վալենտին Պավելի «Ածխածնի հաշվեկշիռը և ածխածին չեզոք տեխնոլոգիաները ժամանակակից հետազոտություններում և մշակումներում (CO2 օգտահանումը, բնապահպանությունը, կենսապաշարները քիմիայում, էկոլոգիապես կայուն և կանաչ տեխնոլոգիաներ)» թեմայով գիտական զեկուցումը

Վեբինար նվիրված տեխնոլոգիաների փոխանցմանը և նորարարություններին Հայաստանում, մայիսի 10, 2022թ․

2022թ․ մայիսի 17-ին, ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է Տեղեկատվական օր` «Գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը աջակցող ԵՄ ծրագրեր» խորագրով

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств-участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований (ОИЯИ) с 19 июня по 19 июля 2022 г. проводит очередную 15-ю Стажировку молодых ученых и специалистов из стран Содружества в Дубне (Россия)

Ս․թ․ մայիսի 3-ին, ժամը 14:00-18:00-ը, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը, CIVITTA International կազմակերպության և Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է առցանց դասընթաց նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հայտադիմումների նախապատրաստմանը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2022 году

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Աջակցություն պոտենցիալ հայ դիմորդներին` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանկներում նախագծերի առաջարկների մշակման համար

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
18/05/2022

Դեղանյութ այրվածքների դեմ. հայ գիտնականների նոր առաջարկը
hy.armradio.am
18/05/2022

Միկրոդրամաշնորհային մրցույթի հայտարարություն
scs.am
18/05/2022

Քաղցկեղի բուժման համար դեղերի թիրախային առաքման համակարգ է մշակվում
1lurer.am
16/05/2022

Նոր միացություններ՝ էպիլեպսիայի և նևրոզների բուժման համար
1lurer.am
Կայքը հաճախել են
6 150 726

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:22, 20/05/2022 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2022 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: