Ս.թ. մարտի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա արձակագիր, հրապարակախոս և գեղանկարիչ Բակուր Կարապետյանի՝ «Շուշի» հիմնադրամի հրատարակչության լույս ընծայած «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաներ» պատմավեպի շնորհանդես-քննարկումը: Պատմավեպն ընդգրկում է 488-528 թթ-ը և լուսաբանում է Աղվանից թագավորությունում, որը հանդիսանում էր Հայոց երկրորդ պետականությունը Հայաստանի հյուսիս-արևելքում, հասարակական, քաղաքական և մարդկային հարաբերությունները:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:
Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը և Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:
Բակուր Կարապետյանն ամփոփ կներկայացնի «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաներ» պատմավեպը, որից հետո տեղի կունենա գրքի քննարկումը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
10.03.2022թ.