ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արսեն Հակոբի Գասպարյանը:
Արսեն Գասպարյանը ծնվել է 1983թ-ին, Երևանում: 2001-2003թթ-ին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում, պաշտպանել է «Էպիֆիտային քարաքոսերի բազմազանությունը և պահպանությունը Հայաստանում» դոկտորական թեզը: Եղել է նույն համալսարանի բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:
Արսեն Գասպարյանը 2007-2012թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում, 2009-2016թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2018թ-ից մասնակցել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation), ԱՄՆ շրջանավարտների փոխանակման միջազգային ծրագրերի (US Government International Exchange Alumni) շրջանավարտ է: Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
31.01.2022թ.