ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
22/10/2018
Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է.

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի անդամներից մեկը, այսինքն՝ ձեզնից մեկը:

20-րդ դարում, Խորհրդային Միությունում շատ լավ հասկանում էին, թե ինչ են հայկական միտքը, հայկական մտավոր ներուժը, և դա է պատճառը, որ պատերազմի տարիներին Հայաստանում ստեղծվեց գիտությունների ակադեմիա, որը դարձավ մեր գիտական մտքի շարժիչ ուժը:

Ես հպարտությամբ եմ ուզում հիշատակել Հայաստանի գիտությունների ակադեմիայի բոլոր նախագահներին՝ առաջին և հիմնադիր նախագահ ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն, ակադեմիան իրական գիտական բարձունքի հասցրած ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, անկախության առաջին տարիներին ակադեմիան պահպանած Ֆադեյ Սարգսյանին և, իհարկե, նշել ակադեմիայի ներկայիս նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գործունեությունը:

 Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանը լավագույն առիթն է խոսելու գիտության մասին:

Սիրելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ անդրադառնալ մի քանի կետերի, որոնք, կարծում եմ, կարևոր են Ազգային ակադեմիայի համար: Դրանք վերաբերում են թե՛ ժամանակակից գիտության զարգացման միտումներին, և թե՛ նախկին ավանդույթների զարգացմանը:

1. Կապեր նախկին խորհրդային գիտական կենտրոնների հետ

Մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլև խորացնենք 75 տարվա գիտական ավանդույթներն ու կապերը նախկին ԽՍՀՄ տարածքի գիտնականների ու գիտահետազոտական կենտրոնների հետ: Անհրաժեշտ է զարգացնել այդ ամենը, որովհետև մեր գիտական ներդրումը խորհրդային գիտության մեջ չափազանց ծանրակշիռ է եղել:

2. Կարիք ունենք և պարտավոր ենք ընդլայնել ակադեմիայի կապերը միջազգային գիտահետազոտական բոլոր կենտրոնների հետ

Մենք պետք է լինենք միջազգային գիտական գործընթացների մասը, համահունչ լինենք ժամանակի պահանջներին: Համագործակցությունը պետք է լինի իրական ծրագրերի շուրջ՝ համաշխարհային բոլոր կենտրոնների հետ՝ Ամերիկայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Հնդկաստան: Եվ այն պետք է ուղղված լինի կոնկրետ թիրախների և նպատակների:

3. Մենք պետք է համախմբենք աշխարհով մեկ տարածված մեր հայկական ակադեմիական գիտական ուժը:

Դա պետք է լինի գործնական և արդյունավետ հարաբերությունների տեսքով: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան պետք է լինի գիտությունների համահայկական ակադեմիա, համահայկական գիտական համախմբող մարմին:

4. Ֆունդամենտալ և կիրառական գիտություններն աստիճանաբար մերձենում են:

Դրա թարմ օրինակն իմ անձնական կյանքում հետևյալն է. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Nature ամսագրում մեծ հետաքրքրությամբ ընթերցում էի հոդված՝ նվիրված Ջեյմս Էլիսոնին և Տասուկու Հոնձյոյին, ովքեր քաղցկեղի թերապիայի բնագավառում բացահայտումների համար այս տարի Նոբելյան մրցանակի են արժանացել: Սա հիասքանչ հայտնագործություն է, բայց երբ դիտարկում ես այդ հայտնագործության պատմությունը, իրականում խոսքը երկու անհատի մասին չէ, այլ վերջին 50 տարիների ընթացքում կատարված հսկայական, ֆունդամենտալ աշխատանքի մասին, որի արդյունքում բազմաթիվ հայտնագործություններ են կատարվել՝ սկսած T բջիջների բացահայտումից մինչև իմունային համակարգի աշխատանքի մեխանիզմներ: Եվ արդյունքում ունենք նոր դեղամիջոց, որը, կարծում եմ, ապագա մի քանի տարիների ընթացքում հասանելի կլինի աշխարհով մեկ: Սա կրկին մեկ օրինակ է, թե ֆունդամենտալ գիտությունն ինչպիսի կարևոր նշանակություն ունի:

Եվ ընդհանրապես, գիտությունը ստեղծագործական գործընթաց է: Եվ այսօրվա աշխատանքի արդյունքը կարող է տեսանելի լինել և գնահատվել տարիներ անց: Պարզապես գիտությունից կիրառություն ընկած ժամանակահատվածը, կրկնեմ, աստիճանաբար, տարեցտարի ավելի է կարճանում: Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ մեր ֆունդամենտալ գիտությունը հնարավորության դեպքում ուղղված լինի կիրառական արդյունք ստեղծելուն:

5. Քսանմեկերորդ դարում ամեն ինչ շատ արագ ընթացք ունի՝ թե՛ փոփոխությունները, թե՛ գործողությունները, թե՛ մտածողությունը

Մոտենում են գիտության, տեխնիկայի ազատ և անկախ գործունեության սահմանները: Գիտությունը նաև տնտեսություն է և բիզնես: Եւ ժամանակակից աշխարհում գիտության մեջ ներդրում կատարվում է նաև եկամուտ ստանալու նպատակով: Հետևաբար, երբ մենք խոսում ենք տնտեսության կամ բիզնես միջավայրը գրավիչ դարձնելու մասին, պետք է նաև խոսենք համապատասխան գիտական միջավայրը գրավիչ դարձնելու մասին:

Այս առումով էական է Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացումը: Մենք ունենք տնտեսագիտական մտքի փայլուն օրինակներ, անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն տնտեսության մեջ և հնարավորության դեպքում հայտնի դառնան նաև դրսում:

6. Գիտության հանդեպ վերաբերմունքը պետք է սկսվի կրթական օջախից

Կրթական համակարգը, բացի դասական կրթություն տալուց, պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը և նրանց կապի իրենց ապագա գիտական գործունեության հետ: Կարծում եմ, որ ակադեմիան ինքը պետք է վաղ շրջանից նպաստի այն երիտասարդ գիտնական կադրերի պատրաստմանը, որոնք ապագայում դառնալու են ակադեմիական համակարգի մասը: Եւ ընդհանրապես, գիտակրթական համակարգը մեզանում օպտիմալացման և ինտեգրացման կարիք ունի:

7. Պետք է շատ ուշադիր և նվիրումով զարգացնենք ու խորացնենք ուսումնասիրությունները և հետազոտությունները հումանիտար գիտությունների, արվեստի, փիլիսոփայության, պատմագիտության ու հատկապես հայագիտության ոլորտում

Այսօր անհրաժեշտություն կա առավել խորությամբ անդրադառնալ մեր ինքնությանը, մեր տեսակին, մեր լեզվին, մեր ճանաչելիության հարցին, մեր քաղաքակրթական տեղին և դերին աշխարհում:

Հնարավոր չէ կառուցել հասուն, ամուր և մրցունակ հասարակություն ու երկիր՝ առանց արժևորելու մեր ողջ քաղաքակրթական անցյալը և ըստ այդմ նախագծելու մեր ապագան:

8. Գիտնականը նաև քաղաքացի է

Գիտնականը նաև քաղաքացի է, մտավորական՝ իր մտածողությամբ, տեսակով, մշակույթով, կենսակերպով, ակտիվությամբ և տեսակետներով: Անմոռանալի են մեծանուն գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի քաղաքացիական բարձր ու խիզախ պահվածքը մեր ազգային զարթոնքի առաջին իսկ օրերին, նրա հզոր ելույթները Խորհրդային Միության Գերագույն խորհրդում:

Մեծագույն հարգանքի է արժանի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Հայաստանի ազգային հերոս, հռչակավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի հավատարմությունը քաղաքացու և հայի բարձր կոչմանը: Բոլորս ենք հիշում նրա՝ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի հացադուլը Մոսկվայում ՝ որպես աջակցություն արցախյան ազատամարտին:

Գիտնականը, մտավորականը պետք է ակտիվ լինի ոչ միայն գիտական և ստեղծագործական միջավայրում, այլև դրսևորվի որպես սկզբունքային քաղաքացի, անպայման ունենա բարոյական ու քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում:

Սրանք են այն մի քանի կետերը, որոնց մասին կուզեի ձեզ հետ խոսել: Իհարկե, քննարկման կարիք կա, պատրաստ եմ ապագայում հանդիպել և շարունակել մեր զրույցը: Մեր երկրի ապագան անքակտելիորեն կապված է լինելու ժամանակակից գիտության, տեխնոլոգիաների հետ, հետևաբար միանշանակ պետք է գիտակցենք, որ 21-րդ դարում հնարավորություն ունենք դառնալու աշխարհի առաջադեմ լավագույն երկրներից մեկը:

Գիտությունների ազգային ակադեմիան կարող է և պետք է 21-րդ դարում դառնա մեր առաջընթացի ինքնատիպ գրավականը:

Եկել է ժամանակը, որ Հայաստանը, հայ ժողովուրդը ծնեն իրենց նոբելյան մրցանակակիրներին: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մեր գիտական հասարակությանը մաղթում առողջություն, ստեղծագործական և շարունակական հաջողություններ»: 


Սկզբնաղբյուր՝ http://www.president.am/hy/press-release/item/2018/10/18/President-Armen-Sarkissian-attended-event-of-the-National-Academy/

Լուսանկարներ

Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
hesc.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
Կայքը հաճախել են
6 952 515

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:24, 18/04/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: