ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
03/09/2026
Միջազգային կոնգրես հայ-վրացական պատմամշակութային առնչությունների մասին

Մեկնարկեց հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, Հիմնադրամի անունից ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին, նշեց, որ Երևանում նման մասշտաբների հայ-վրացական համատեղ կոնգրես կազմակերպվում է առաջին անգամ։

«Մեզ համար էական նշանակություն ունի մեր բարեկամ ժողովրդի պատմության ուսումնասիրումը, որը բխում է նախևառաջ մեր երկու պետությունների շահերից։ Չնայած և՛ Վրաստանում և՛ Հայաստանում հայագիտության և վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է կատարվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում, ուստի՝ այդ հարցերի քննարկումը, վերհանումը օգտակար կլինի պատմական իրադարձությունների օբյեկտիվ գնահատման և գիտական համագործակցության էլ ավելի խորացման առումով»,- ընդգծեց Ռ․ Ղազարյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ողջունելով հյուրերին և Կոնգրեսի մասնակիցներին՝ Ս․ Հայոցյանը նշեց, որ Գիտության կոմիտեի ջանքերով և Շոթա Ռուսթավելիի անվան Վրաստանի ազգային գիտական հիմնադրամի հետ հայ-վրացական միջպետական գիտական համագործակցությանը սկիզբ է դրվել դեռևս 2022 թվականից։ «Նշված ժամանակահատվածից ի վեր` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Շոթա Ռուսթավելիի անվան հիմնադրամի համաֆինանսավորմամբ աջակցություն ստացել և իրագործվել են տասից ավելի համատեղ ծրագրեր։ Այդ համագործակցության արտահայտումներից մեկն էլ «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսն է»,-իր խոսքում նշեց Ս․ Հայոցյանը։

«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, հանդես է գալիս ոչ թե որպես պարզապես աջակցող կողմ, այլ՝ որպես գիտությունն իր հոգածության տակ առած ուղղակի ներդրող․ այս պարագայում՝ հայ-վրացական գիտական այս միջոցառման երկկողմ կազմակերպման, հայագիտության ու կովկասագիտության, Հայաստանի ու Վրաստանի հազարամյա առնչությունների քննության, պատմության և մշակույթի դարավոր ավանդույթների ուսումնասիրության հետևողական աջակից»,- իր խոսքում նշեց Ս․ Հայոցյանը՝ հույս հայտնելով, որ այս միջոցառմամբ սկիզբ կդրվի պատմագիտության ոլորտում և մասնավորապես՝ հայագիտական, վրացագիտական ու մի փոքր ավելի լայն` կովկասագիտական թեմատիկայով մեր գիտնականների համագործակցությանը:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ պարոն Աշոտ Սմբատյանը, ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին, նշեց, որ հայերն ու վրացիները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ նույն տարածաշրջանում, շատ հաճախ դիմակայել են պատմական նույն մարտահրավերներին, կիսել պատմական շատ բախտորոշ ժամանակաշրջաններ, ստեղծել մշակութային արժեքներ, հաղորդակցվել և փոխազդել են միմյանց հետ։ Ընդգծելով հայ-վրացական դարավոր կապերը՝ դեսպանը նշեց, որ այդ կապերի խորության մասին վկայվում են ոչ միայն պատմական տարեգրություններում կամ դիվանագիտական փաստաթղթերում, այլ դրանց կենդանի վկայություններն են մեր քաղաքները, եկեղեցիներն ու վանքերը, ձեռագրերը, գրականությունն ու արվեստը, կրթական ու ընտանեկան ավանդույթները, մարդկային պարզ հարաբերությունները։ «Այսօր այս բազմադարյա հիմքի վրա կառուցված հարաբերություններն ունեն նաև հստակ քաղաքական և ինստիտուցիոնալ ձևակերպում։ Կարելի է վստահորեն արձանագրել, որ հայ-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են իրենց զարգացման բարձր մակարդակում»,- արձանագրեց դեսպանը։

ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի պետ Սասուն Հովհաննիսյանն իր ելույթում խոսեց հայ և վրաց ժողովուրդների միջև դարերի պատմություն ունեցող սերտ փոխառնչությունների մասին։ «Վստահ եմ, որ Կոնգրեսի շրջանակներում կայանալիք գիտական քննարկումները կարևոր նշանակություն կունենան տարածաշրջանային պատմամշակութային գործընթացների լուսաբանման համար, ինչպես նաև՝ հայագիտության և վրացագիտության միջև ակադեմիական համագործակցության ինստիտուցիոնալ խորացման գործում»,-նշեց Ս․ Հովհաննիսյանը։

Ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին և ներկաներին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ Կոնգրեսի թեմաների բազմազանությունը թույլ է տալիս ընդգծել հայ-վրացական հարաբերությունների խորքայնությունը, պատմական հարուստ ժառանգությունը, հազարամյա պատմությունը, երկու ժողովուրդների հարաբերությունները։ «Վրաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը, պատմական ժառանգությունը թույլ են տալիս հիմքեր ստեղծել հարաբերությունների հետագա զարգացման համար և ցույց տալ գիտական այն խորքայնությունը, որը կա երկու ազգերի գիտական շրջանակների միջև»,-ասաց Հ․ Ալեքսանյանը։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Պավել Ավետիսյանի ուղերձում մասնավորապես ասված էր, որ հայ-վրացական պատմական փոխառնչությունները հնարավոր չէ ամբողջությամբ հասկանալ մեկ ժամանակաշրջանի կամ մեկ գիտակարգի շրջանակում․ դրանք դարերի ընթացքում ձևավորված քաղաքական, մշակութային, կրոնական, տնտեսական և հասարակական փոխազդեցությունների ամբողջություն են։

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ջաբա Սամուշիայի ուղերձը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և Թբիլիսիի պետական համալսարանի միջև խոր արմատներ ունեցող ինստիտուցիոնալ գործընկերության կարևոր արդյունքի մասին էր։ Ուղերձում ընդգծված էր, որ կողմերի նպատակն է հասնելու երեք կարևոր հանգրվանի՝ տարածաշրջանային պատմագրության զարգացում, ինստիտուցիոնալ կապերի ամրապնդում, ընդհանուր ժառանգության համատեքստավորում։

«Մեր նպատակն է ոչ միայն վերապատմել անցյալը, այլև՝ քննադատաբար վերլուծել խորքային պատմական այն կապերը, որոնք միավորում են վրաց և հայ ժողովուրդներին»,- իր ելույթում նշեց Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գիորգի Ճեիշվիլին:

Կոնգրեսի հայեցակարգին, թեմատիկ կառուցվածքին և աշխատանքային ձևաչափին անդրադարձավ Հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ, դոցենտ Գոռ Մարգարյանը։ Կարևորելով հայ և վրաց հասարակությունների միջև փոխընկալման ու ճանաչման մակարդակը և շեշտելով դարավոր բարեկամության փաստը՝ Գ․ Մարգարյանը նշեց, որ գիտական այս խոշոր միջոցառումը նվիրված չէ միայն պատմագիտական հարցերի քննությանը, այլ պատմագիտական հարցերի քննությամբ այս գիտաժողովը նպատակ ունի իր ավանդը բերելու ոչ միայն հայագիտության, վրացագիտության, կովկասագիտության ու հարակից գիտությունների մեջ, այլև էլ ավելի բարձրացնելու մեր հասարակությունների միջև փոխընկալման ու ճանաչման մակարդակը։ «Որովհետև երբ հարցը քննվում է գիտական դաշտում՝ փաստերի շուրջ և երկու կողմի մասնակցությամբ, այն դադարում է բանավեճի առարկա դառնալ հասարակական դաշտում»,- շեշտեց վերլուծաբանը։

Զեկուցումներով հանդես եկան Կոնգրեսի մասնակիցներ ոչ միայն Հայաստանից և Վրաստանից, այլև՝ Լեհաստանից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չեխիայից, Բուլղարիայից:

Միջազգային կոնգրեսն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 4-ը։ 

Նշենք, որ Կոնգրեսը կազմակերպել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը։Հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել երկու տարի հետո Վրաստանում։

Լուսանկարները՝ geghard-saf.am կայքից


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
19/08/2026

Ակադեմիկոս Տեր-Միքայելյանի ժառանգությունը
boon.am
17/08/2026

«Տիգրանակերտի մասին գրքի ստեղծմանը զուգահեռ փոխվում էր իշխանական խոսույթն Արցախի մասին»
hetq.am
11/08/2026

Գյուտերի ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հրավեր
hesc.am
10/08/2026

Ինչպես հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին
aravot.am
Կայքը հաճախել են
8 188 977

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:10, 03/09/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: