Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում հունիսի 5-ին նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։ Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ մասնակցեցին «Արմատից մինչև ծաղկում» խորագրով ուսուցողական և ճանաչողական միջոցառումներին։

Բուսաբանական այգու Թերապևտիկ այգում, որը ստեղծված է որպես ներառական և հանգստացնող միջավայր, երեխաները տնկեցին բույսեր, եղան արևադարձային բույսերի ջերմատանը, շրջեցին ինստիտուտի լաբորատորիաներում։ Դպրոցականները գիտաշխատողների հետ միասին բացահայտեցին բույսերի հետաքրքիր աշխարհը, առանձնահատկությունները և դրանց դերը շրջակա միջավայրի պահպանման գործում։
Միջոցառումը կազմակերպվեց «Հետազոտողները դպրոցներում» ծրագրի շրջանակում, որը «ERNA - European Researchers’ Night in Armenia» նախագծի բաղադրիչ է։ «Հետազոտողները դպրոցներում» ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դպրոց-գիտնական կապի ամրապնդմանը, դպրոցականների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, գիտահետազոտական աշխատանքների հանրամատչելիացմանը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
08.06.2026թ․