2026 թ. լրանում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակը։
1946թ. աշխարհահռչակ գիտնական ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ հիմնադրված գիտական կենտրոնը դարձել է Հայաստանի այցեքարտը և ամբողջ տարածաշրջանի կարևորագույն աստղագիտական կենտրոններից մեկը։
Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղի մոտ, որտեղ մաքուր երկինքը և բարձրադիր դիրքը նպաստավոր պայմաններ են ստեղծում տիեզերքի ուսումնասիրության համար։
Հիմնադրման առաջին տարիներից Բյուրականի աստղադիտարանում իրականացվել են կարևորագույն գիտական հետազոտություններ։ Այստեղ 1947թ. Վիկտոր Համբարձումյանը հայտնաբերել է աստղասփյուռները՝ ցույց տալով, որ աստղերը ծնվում են խմբերով, և աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև այսօր։ Այս հայտնագործությունն էականորեն փոխել է աստղերի առաջացման վերաբերյալ գիտական պատկերացումները։
Բյուրականի աստղադիտարանում իրականացվել են նաև համաշխարհային նշանակության ծրագրեր, որոնցից առավել հայտնի է Առաջին բյուրականյան շրջահայությունը (Մարգարյանի շրջահայությունը), որի արդյունքում հայտնաբերվել են գերմանուշակագույն ավելցուկ ունեցող հազարավոր գալակտիկաներ՝ հայտնի որպես Մարգարյանի գալակտիկաներ։ Այս դիտողական նյութը գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական ժառանգության ցանկում։
Այսօր Բյուրականի աստղադիտարանը շարունակում է իր գիտական, կրթական և հանրային առաքելությունը՝ լինելով Հայաստանի առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից մեկը։
Այստեղ իրականացվում են աստղաֆիզիկական հետազոտություններ, կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, ամառային դպրոցներ երիտասարդ գիտնականների համար և այլ կրթական ծրագրեր։
80 տարիների ընթացքում Բյուրականի աստղադիտարանը դարձել է ոչ միայն գիտության կարևոր կենտրոն, այլև գիտական մտքի խորհրդանիշ՝ շարունակելով ոգեշնչել նոր սերնդի հետազոտողներին բացահայտելու Տիեզերքի գաղտնիքները։
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
16․03․2026թ․