Խորը վշտով հայտնում ենք, որ հայաստանյան գիտական համայնքն անդառնալի կորուստ կրեց․ 89 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ականավոր բժիշկ և առողջապահության փորձառու կազմակերպիչ Կառլեն Գրիգորի Ադամյանը:
Կառլեն Ադամյանի մասնագիտական ուղին սկսվել է 1959 թվականին՝ ռազմական բժիշկ որակավորմամբ Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետն ավարտելուց հետո։ Ասպիրանտուրան ՀԽՍՀ առողջապահության նախարարության Սրտաբանության և սրտի վիրահատության ինստիտուտում (1962 թ.) կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը։ Իր ընդունակությունների և բացառիկ աշխատասիրության շնորհիվ նա մեծ ճանապարհ է անցել՝ կրտսեր գիտ․աշխատողից մինչև գիտությունների դոկտոր, ինստիտուտի տնօրեն (1979 թ.), հանրապետության գլխավոր սրտաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։
Շատ լայն է Կառլեն Ադամյանի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը։ Զբաղվելով ընդհանուր և անհապաղ սրտաբանության խնդիրներով, սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի արատների ախտորոշման և բուժման ժամանակակից հայեցակարգերի մշակմամբ և այլ հարցերով՝ նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում կլինիկական և ֆունկցիոնալ ուղղությանը, որը ներառում է սրտի ֆունկցիոնալ հարմարվողականության, սրտային անբավարարության զարգացման մեխանիզմների և կլինիկական սրտաբանության մեջ կենսառիթմաբանության դերի ուսումնասիրումը։

Կ․Գ․Ադամյանը Հայաստանի սրտաբանական ծառայության հիմնադիրն է, որի գործունեությունը հնարավորություն է ընձեռել զգալիորեն նվազեցնել հիվանդների մահացության թիվը՝ կանխարգելման, վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման միջոցով։
Հայաստանի հեռավար Ախտորոշման կենտրոնի հիանալի փորձը ներդրվել է նաև մի շարք այլ սրտաբանական ինստիտուտներում։ Սրտանոթային հիվանդությունների ռադիոնուկլիդային ախտորոշման մեթոդների մշակման և ներդրման համար Կառլեն Ադամյանն ու իր գործընկերները 1988 թվականին արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։
Կառլեն Ադամյանի ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են ավելի քան 500 գիտական աշխատությունում, 9 մենագրությունում, 6 գյուտում, ավելի քան 120 զեկույցում, որոնք ներկայացվել են սրտաբանների համաշխարհային և եվրոպական համաժողովներում։ 1979 թվականից նա ղեկավարել է Հայաստանի սրտաբանների միությունը, որը 1996 թվականից վերակազմավորվել է Հայաստանի սրտաբանների ընկերակցության։ Կառլեն Ադամյանը ոչ միայն պրակտիկ բժշկի և հետազոտողի, այլ նաև մանկավարժ-առաջնորդի վառ օրինակ է։ Նա արժանի գիտական կադրեր է նախապատրաստել՝ գիտության 21 դոկտոր և 30 թեկնածու։ 30 տարուց ավել տնօրինելով Հայաստանի սրտաբանական խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Կառլեն Ադամյանը նախ և առաջ առաջնորդվում էր բարձր որակավորման բժիշկների և գիտնականների նախապատրաստման կարևորության գիտակցմամբ։

Կառլեն Ադամյանի ծառայությունները ժողովրդի, պետության և բժշկության առաջ գնահատվել են ըստ արժանվույն։ Նա պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով, «Մխիթար Հերացու» մեդալով, Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով (2011 թ.)։ Սրտաբանների եվրոպական ընկերակցության գլխավոր ասամբլեայի կողմից «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար» Կառլեն Ադամյանը պարգևատրվել է Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով (2007 թ. )։ Նա արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչման, ընտրվել է Սրտաբանների եվրոպական ընկերակցության պատվավոր անդամ, իր հայրենի Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի է։ Կառլեն Ադամյանին հարգում էին և սիրում գործընկերներն ու աշակերտները, իր շնորհիվ ապաքինված հազարավոր բուժառուները։
ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Կառլեն Ադամյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ գիտական համայնքին։
Ականավոր բժիշկ և գիտնական, ակադեմիկոս Կառլեն Ադամյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։