ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ծանր ու անդառնալի կորուստ կրեցին։
Սույն թվականի հունվարի 15-ին 91 տարեկանում կյանքից հեռացավ հայ ճարտարապետագիտության պատրիարք, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Ճարտարապետության բաժնի երկարամյա վարիչ (1988-2025թթ․), ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը։

Մուրադ Հասրաթյանը ծնվել է 1935թ. հունիսի 20-ին՝ Երևանում, անվանի պատմաբան-բանասեր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մորուս (Մարգար) Հասրաթյանի և ՀՍՍՀ վաստակավոր ուսուցչուհի Սիրանուշ Մարտիրոսյան-Հասրաթյանի ընտանիքում: 1952թ-ին, ոսկե մեդալով ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, Մուրադ Հասրաթյանն ընդունվել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժանմունք, որը գերազանցությամբ ավարտել է 1958թ-ին:
1958թ-ին Մուրադ Հասրաթյանը՝ որպես ավագ ճարտարապետ, աշխատանքի է անցել նորաբաց «Երևաննախագիծ» ինստիտուտի Գևորգ Թամանյանի արվեստանոցում: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ։ Նա հեղինակել է Լուկաշինի անվան սովտնտեսության և «Քանաքեռ» ՀԷԿ-ի բնակելի ավանների հատակագծերը: Եվ դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեր Մուրադ Հասրաթյանի ստեղծագործական կյանքը, եթե նա շարունակեր նախագծող ճարտարապետի իր խոստումնալից գործունեությունը: Երիտասարդական կառույցների նախագծման համար 1970թ-ին երիտասարդ ճարտարապետն արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի, իսկ տասնամյակներ անց՝ 2007թ․-ին, ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման:
Սակայն այլ էր երիտասարդ ճարտարապետի ուղին. նա պիտի դառնար արժանավոր շառավիղ՝ Հասրաթյանների գիտական գերդաստանի, պիտի նվիրվեր գիտությանը՝ գնալով հոր՝ վաստակաշատ հայագետ, ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանի հետքերով: Մանավանդ որ գրիչը նույնքան հոգեհարազատ էր Մուրադ Հասրաթյանին, որքան նախագծողի մատիտը. դեռ 11 տարեկանից նա «Պիոներ կանչ» թերթի ակտիվ ընթերցողն էր ու թղթակիցը, և այդ թերթի էջերում էլ հենց տպագրվեց Մուրադ Հասրաթյանի անդրանիկ հոդվածը՝ «Ես պահանջում եմ» վերնագրով:
1964 թ-ի ապրիլից Մուրադ Հասրաթյանի գիտաստեղծագործական և գիտակազմակերպական գործունեությունն անխզելիորեն կապվեց ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի հետ՝ նախ որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ ինստիտուտի գիտքարտուղար, իսկ 1971-1976 թթ.՝ զուգահեռաբար նաև Արվեստի ինստիտուտում գործող Արվեստագիտության և ճարտարապետության գիտական աստիճանաշնորհման խորհրդի գիտքարտուղար: 1979 թ-ին Հասրաթյանը նշանակվել է Արվեստի ինստիտուտի Պատմության և մշակույթի հուշարձանների համահավաքի նորաստեղծ բաժնի վարիչ՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1985թ.: 1988թ. ապրիլի 15-ից մինչ 2026թ․ հունվար ամիսը նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի վարիչի պաշտոնը, իսկ 2026թ․ հունվարի 1-ից եղել է տնօրենի խորհրդականը:
1969 թ. Մուրադ Հասրաթյանը պաշտպանել է ատենախոսություն՝ «Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները» թեմայով (առանց գիտական ղեկավարի) և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան: 1973 թ. ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից Հասրաթյանը ստացել է «ավագ գիտական աշխատողի» կոչում՝ «Ճարտարապետության տեսություն և պատմություն» մասնագիտության գծով:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի առաջադրմամբ՝ 2006թ-ին Մուրադ Հասրաթյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
2005թ-ին Հասրաթյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Հայ արվեստաբանների կենսամատենագիտություն» շարքի 2-րդ համարը՝ «Մուրադ Հասրաթյան» վերտառությամբ, որի լրամշակված տարբերակը հրատարակվել է 2015թ-ին՝ գիտնականի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Մուրադ Հասրաթյանը շուրջ երկու տասնյակ գրքերի, բազմաթիվ բրոշյուրների, հարյուրավոր հոդվածների, թեզիսների, գրախոսությունների և հանրագիտարանային հոդվածների հեղինակ է, որոնք լույս են տեսել Հայաստանում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Փարիզում, Լիոնում, Վիեննայում, Լիսաբոնում, Հռոմում, Վենետիկում, Միլանում, Բոլոնիայում, Նեապոլում, Քյոլնում, Հալլեում, Լեյդենում, Զամոստյեում, Բեյրութում, Հալեպում, Տոկիոյում, Մոնրեալում, Անկարայում, Վարշավայում:
Հասրաթյանի առաջին գիրքը՝ նվիրված ծննդավայր Երևանի ճարտարապետությանը, լույս է տեսել Մոսկվայում 1968թ-ին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակի օրերին՝ Վարազդատ Հարությունյանի և Արսեն Մելիքյանի համահեղինակությամբ: Հեղինակային նույն կազմը ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակի կապակցությամբ 1972թ-ին Մոսկվայում հրատարակեց «Архитектура Советской Армении» աշխատությունը:
Մուրադ Հասրաթյանը ճարտարապետության այն եզակի պատմաբանն է, ով ուսումնասիրել և հրատարակել է հայ ճարտարապետության ամբողջական պատմությունը՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը, ընդ որում, ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն ու ֆրանսերեն: 1985թ-ին Մոսկվայում լույս տեսած «Ակնարկ հայ ճարտարապետության» (“Очерк армянской архитектуры”, “Essai sur l’architecture arménienne”) մենագրության մեջ նա առաջին անգամ ներկայացրեց հայ ճարտարապետության անցած ուղին իր սկզբնավորումից մինչև 20-րդ դարը, իսկ 2010թ-ին Լիոնում ֆրանսերենով հրատարակվեց «Հայ ճարտարապետության պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» աշխատությունը (“Histoire de l’architecture arménienne des origines à nos jours”): «Հայ արվեստի պատմություն» հիմնարար աշխատության համար, որում Հասրաթյանը հեղինակել է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված բաժինները, արժանացել է 2009 թ. ՀՀ պետական մրցանակի: Հասրաթյանը գրել է նաև «Հայոց պատմություն» քառահատորյակի՝ հայկական ճարտարապետության վերաբերյալ բոլոր հոդվածները:
Ծանրակշիռ է Մուրադ Հասրաթյանի ներդրումը, մասնավորապես, ուշ միջնադարի՝ (XV-XVIII դդ.) հայ ճարտարապետության ուսումնասիրության գործում: Մինչև նրա աշխատությունները, հայ ճարտարապետության պատմության մեջ հայկական ուշ միջնադարյան (XVII-XVIII) հուշարձանները սակավ էին շրջանառվում: Նա առաջինն է լայնամասշտաբ և համակողմանիորեն հետազոտել ու ներկայացրել այդ շրջանի ճարտարապետությունը: 1973թ-ին Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչությունը լույս է ընծայել «Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները» աշխատությունը, որտեղ հեղինակն, առաջին անգամ ուսումնասիրելով և չափագրելով ուշ միջնադարի ուշագրավ հուշարձանները, Տաթևի Մեծ անապատի, Շատին վանքի, Հարանց, Շնհերի Կուսանաց, Բեխի անապատների, Հալիձորի, Մեղրու բերդերի և այլ համալիրներ, բացահայտել է «վանք» և «անապատ» կրոնական հաստատությունների գործառական նշանակությունն ուշ միջնադարում, մեկնաբանել դրանց ճարտարապետական լուծումների տարբերությունը և առանձնահատկությունները: Հասրաթյանն իր աշխատություններում կարևորել է հատկապես վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ուսումնասիրությունը, քանի որ հայկական ճարտարապետությունը ձևավորվեց հենց վաղ միջնադարում: Նա տարիների ընթացքում հավաքել է փաստական մեծածավալ նյութ, չափագրել հայ մասնագետների ուշադրությունից դուրս մնացած բազմաթիվ հուշարձաններ, արել դրանց գծագրերը և լուսանկարները:
Հասրաթյանն ուսումնասիրել է և չափագրել հայկական գաղթօջախների հուշարձանները, մասնավորապես Թիֆլիսի 24 հայկական եկեղեցիները, և ուսումնասիրության արդյունքները հրատարակել ռուսերեն ու ֆրանսերեն:
Գիտնականի հետաքրքրությունների առանցքում է եղել Արցախի ճարտարապետության ուսումնասիրությունը: 1964թ-ին նա առաջին անգամ այցելել է Ղարաբաղ՝ դառնալով Արցախի ճարտարապետության առաջին հայ պատմաբանը: Նա առաջինն է չափագրել Լեռնային Ղարաբաղի տարածքի հայկական միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձանախմբերը՝ Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի համալիրը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը: Հետագայում իր ուսումնասիրությունները հրատարակել է տարբեր լեզուներով առանձին բրյոշուրների և հոդվածների տեսքով: Այդ տևական ուսումնասիրությունների հանրագումարը դարձավ «Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը» մենագրությունը (1992թ․): Պատմական Հայաստանի Արցախ նահանգի ճարտարապետության ձևավորման և զարգացման պատմությանը նվիրված այս աշխատության մեջ հեղինակը հանգամանորեն ներկայացրել է երկրամասի XII-XIII դարերի շինարարական արվեստը, հիմնավորել է այդ ժամանակաշրջանում արցախյան ճարտարապետական դպրոցի առանձին գոյությունը, վեր հանել դրա առանձնահատկությունները: Քաղաքական նշանակություն ունեցող այս կարևոր աշխատության մեջ Հասրաթյանը գիտական փաստարկներով հակահարված է տվել ադրբեջանցի կեղծարարներին, որոնք ջանում էին արցախյան ճարտարապետությունն օտարել հայ մշակույթից, ապացուցել է, որ դրանք ոչ թե «ալբանական» են, այլ՝ զուտ հայկական:
Նախիջևանում Հասրաթյանը չափագրել, վերլուծել և գիտական շրջանառության մեջ է դրել բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում Աստապատի Կարմիր վանքը, որը դրանից ոչ շատ ժամանակ անց քանդվեց և այժմ իր գոյությունը շարունակում է Հասրաթյանի չափագրություններում ու նկարագրություններում: Նա ուսումնասիրել է նաև Ագուլիսի ճարտարապետական հուշարձանները և Ջուղայի գերեզմանատան խաչքարերը: Հետագայում նա ուսումնասիրություն է հրատարակել Ջուղայի խաչքարային դպրոցի առանձնահատկությունների մասին: 2000թ-ին Մոսկվայում լույս է տեսել Հասրաթյանի «Армянская архитектура раннего христианства» հիմնարար աշխատությունը (“Early Cristian Architecture of Armenia”)՝ հարուստ փաստական նյութով, բոլոր հուշարձանների լուսանկարներով և գծագրերով: Հետագայում Հասրաթյանը գիրքը թարգմանել է հայերեն և 2010թ-ին հրատարակել Մոսկվայում («Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետությունը»): Աշխատության մեջ հեղինակը ներկայացրել է IV-VII դարերի հայ ճարտարապետության հիմնական հուշարձաները՝ Հայաստանի շինարարական արվեստի բազմադարյան պատմության մեջ կարևորելով հատկապես վաղմիջնադարյան փուլը, երբ ձևավորվեց հայկական ճարտարապետություն ազգային նկարագիրը:
Մուրադ Հասրաթյանն ուսումնասիրել է հայ-բյուզանդական, հայ-սիրիական, հայ-իրանական, հայ-վրացական ճարտարապետական կապերը և դրանց արդյունքները հրապարակել ու ներկայացրել գիտաժողովներում:
Ճարտարապետության վաստակաշատ պատմաբանի գիտական ու գիտակազմակերպական աշխատանքը հաջողությամբ զուգակցվել է մանկավարժական ու հասարակական ակտիվ գործունեությամբ: Պրոֆեսոր Հասրաթյանը տարիներ շարունակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում՝ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով ապագա ճարտարապետներին ու մշակութաբաններին: 2000թ-ին նա հրավիրվել է Սորբոնի համալսարան և մեկ ամսվա ընթացքում ֆրանսերենով դասախոսություններ կարդացել հայկական միջնադարյան ճարտարապետության վերաբերյալ:
1962թ-ից Հասրաթյանը եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ, ընտրվել է վարչության անդամ, ղեկավարել ճարատարպետության պատմության մասնաճյուղը:
Տասնամյակներ շարունակ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժինը գրել է իր տարեգրության արդյունաշատ էջերը հայկական ճարտարապետության պատմագիտության առաջատարի ղեկավարությամբ: 1996թ-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Հայկական ճարտարապետության պատմություն» վեցհատորյակի անդրանիկ հատորը, որն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի ճարտարապետական մշակույթը՝ հնագույն ժամանակներից մինչև վաղ միջնադար: Իսկ «Հայկական ճարտարապետության պատմություն» վեցհատորյակի՝ հարուստ պատկերազարդված երկրորդ (2002) և երրորդ (2004) հատորները լույս տեսան Հասրաթյանի խմբագրությամբ:
Վերջին տարիներին լույս տեսան ավստրիացի ականավոր արվեստաբան Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն գրքի ռուսերեն թարգմանության 1-ին (2011) և 2-րդ (2018) հատորները (պատ. խմբագիրներ՝ Մ. Հասրաթյան և Ա. Աղասյան): ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում 2009թ-ին ստեղծվեց «Ճարտարապետություն» մասնագիտությամբ որակավորման քննական հանձնաժողով, որի նախագահն էր Մուրադ Հասրաթյանը:
2010թ-ին Հասրաթյանն արժանացել է ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակին՝ իր արժանի տեղը զբաղեցնելով հայ ճարտարապետության անխոնջ ուսումնասիրողներ՝ Թորոս Թորամանյանի մրցանակի դափնեկիրներ Նիկոլայ Տոկարսկու, Վարազդատ Հարությունյանի, Հովհաննես Խալփախչյանի, Ալեքսանդր Սահինյանի, Պաոլո Կունեոյի և Ադրիանո Ալպագո Նովելլոյի կողքին:
Գիտական և գիտակազնակերպական ծանրակշիռ վաստակի համար նա պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով», ՀՀ ԿԳՄՍՆ «Ոսկե հուշամեդալով», ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի և լուսավոր մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտում:
Մուրադ Հասրաթյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 17:30-19:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ հունվարի 20-ին՝ ժամը 11:30-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ