Սույն թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Տնտեսության նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը շեշտեց Տնտեսագիտության ինստիտուտի ներուժի օգտագործման կարևորությունը երկրի տնտեսական, սոցիալական համաչափ զարգացման գործում։ «Գիտաժողովի թեման ընդգծում է երկու կարևոր հանգամանք՝ տնտեսության

ռազմավարական կառավարման անհրաժեշտությունը և նորաստեղծական զարգացման կարևորությունը։ էական է, որ զարգանան տնտեսության հատկապես գիտատար ճյուղերը։ Ամբողջ երկիրը պետք է դիտել որպես մեկ համապարփակ համակարգ, որի մեջ են թե՛ տնտեսությունը, թե՛ գիտությունը, թե՛ կրթությունը։ Մենք պետք է ունենանք այնպիսի տնտեսություն, որը հիմնված է գիտության վրա։ Գիտությունը պետք է սերտորեն շաղկապվի բարձր տեխնոլոգիաների հետ, ծառայի տնտեսության զարգացմանը, լուծի անվտանգային հարցեր», - ասաց Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանը նշեց՝ ինստիտուտը տնտեսագիտական դպրոցի ավանդույթների գլխավոր կրողն է։ «Մեր հիմնադիրների և նրանց հաջորդների ջանքերով ինստիտուտը միշտ եղել է ոչ միայն տեսական հետազոտությունների կենտրոն, այլ նաև կիրառական կարևոր լուծումների մշակման հենակետ։ Մենք միշտ ձգտում ենք պահպանել ակադեմիկոս

Քոթանյանի պահանջկոտությունը, գիտական խորությունը։ Այսօրվա գիտաժողովի թեման՝ տնտեսության, նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը, չափազանց խորհրդանշական են։ Այն միավորում է մեր հարուստ անցյալի դասերը և ներկայի ու ապագայի մարտահրավերները։ Մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացումն

անխուսափելիորեն կապված է նորարարությունների, տեխնոլոգիական առաջընթացի, մարդկային կապիտալի և արդյունավետ կառավարման հետ։ Այսօր, երբ մեր հանրապետությունը կանգնած է նոր զարգացման և կայունության հնարավորությունների առջև, գիտնական տնտեսագետների դերը, որպես հիմնարար և կիրառելի գիտելիքի աղբյուրի, շատ կարևոր է։ Եվ այս գիտաժողովը հիանալի հնարավորություն է փոխանակելու գիտական նոր գաղափարներ, քննարկելու մեր տնտեսության առջև ծառացած կառուցվածքային

խնդիրները և համատեղ որոնելու լուծման ուղիներ։ Մեր նպատակը ոչ միայն ակադեմիական քննարկումներ վարելն է, այլև մշակել կոնկրետ առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության նորաստեղծական ներուժի բացահայտմանը և դրա կառավարման արդյունավետության բարձրացմանը», - ասաց Մերի Մանուչարյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և շնորհավորական ուղերձներ հղեցին հայաստանյան և արտասահմանյան գործընկեր կառույցների ղեկավարները։ Տեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմության բաժնի վարիչ պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը ներկայացրեց «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հետագիծը» թեմայով զեկուցումը։

Գիտաժողովի շրջանակում սեպտեմբերի 16-17-ին ինստիտուտում կներկայացվի 36 գիտական զեկուցում, որոնք վերաբերում են մակրոտնտեսական ցուցանիշների զարգացման միտումներին, ֆինանսական քաղաքականության առաջնահերթություններին, ռազմավարական կառավարմանը, նորաստեղծական զարգացմանը, տնտեսության իրական հատվածի, ծառայությունների ոլորտի զարգացման առաջնահերթություններին և խնդիրներին։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․09․2025թ․