ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվեցին արդի հայերենի և տերմինաբանության կարևորագույն խնդիրներ։ Տաթև գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Զաքարյանը ներկայացրեց «Գործնական տառադարձության կանոնների մասին» որոշման նախագիծը։ «Գիտատեխնիկական տերմինաշինության որոշ հարցեր» որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Պետրոսյանը։

Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը կարևորեց քննարկվող նախագծերը, որոնք ուղղված են հայոց լեզվի զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ առաջացող տերմինների հայերենացման ու գործադրման հիմնախնդիրներին։

Զեկուցողները նշեցին, որ պետք է պահպանել ազգային լեզվամտածողությունը, տառադարձման ավանդական կանոնները և սկզբունքները, անձնական անունների ավանդական գրելաձևերը, խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից, խիստ հետևել հնչյունական օրենքներին։

Խորհուրդը հիմնականում հավանություն տվեց «Գործնական տառադարձության կանոնների մասին» որոշման նախագծին։ Առաջարկվող փոփոխություններն առավելապես վերաբերում են անգլերենից տառադարձման կանոններին։ Նոր նախագծում խնդիր է դրվել ավելի անմիջական դարձնելու անգլերեն-հայերեն շփումը:

Կատարված դիտողությունների հաշվառմամբ այն լրամշակելուց հետո կընդունվի ամբողջապես և կերաշխավորվի կիրառության համար։

Քննարկելով ներկայացված «Գիտատեխնիկական տերմինաշինության որոշ հարցեր» որոշման նախագիծը՝ անդրադարձ կատարվեց «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանում» (Ե., 1988) տեղ գտած տերմինների որոշ շարքերի։ Նշվեց, որ գիտատեխնիկական տերմինաբանությունը, տեխնիկական գիտությունների բուռն զարգացման արդի պայմաններում դարձել է լեզուների բառապաշարի անկապտելի մաս։ Տերմինաշինական

իրողությունների բացահայտումը կնպաստի գիտատեխնիկական տերմինաբանական աշխատանքների բարելավմանը, տեխնիկական բառարանագրության որոշակի սկզբունքների հստակեցմանը, լեզվի նորօրյա զարգացման օրինաչափությունների հաստատմանը։ Խորհրդի անդամներն առաջարկեցին լրամշակել որոշման նախագիծն՝ ըստ ներկայացված դիտարկումների։
ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբեր ամսվա ընթացքում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․07.2025թ․