Սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում են միջոցառում՝ նվիրված Լույսի միջազգային օրվան։ Միջոցառմանը հրավիրվում են մասնակցելու ուսանողներ, դպրոցականներ, ուսուցիչներ, նշված թեմաներով հետաքրքրված քաղաքացիներ։
Միջոցառումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (Երևան, Հր. Ներսիսյանի փ. 25): Հիմնական նպատակն է գիտահանրամատչելի ներկայացնել լույսի բարդ ֆիզիկան և հետաքրքրություն առաջացնել ֆիզիկայի նկատմամբ։ Կներկայացվեն զեկուցումներ լույսի և նրա հատկությունների մասին, կանցկացվի շրջայց ինստիտուտի լաբորատորիաներով, կիրականացվեն լույսի վերաբերյալ հետաքրքիր փորձեր, օրինակ, Նյուտոնի սկավառակի միջոցով, նաև կիրականացվի լազերի ճառագայթման հաճախականության կրկնապատկման ցուցադրում, միկրոմասնիկների վրա լազերային ճառագայթման ցրման միջոցով օդի աղտոտվածության որոշում։ Կանցկացվի վիկտորինա «Լույսի ֆիզիկական հատկությունները» թեմայով։ Միջոցառման ժամանակ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը հանդես կգա «Մի իսլանդական սագայի (ասք, առասպել), արեգակնային քարի և հյուսիսատլանտյան օվկիանոսում վիկինգների անհավատալի ճանապարհորդությունների մասին» զեկուցմամբ։
Լույսի միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նշվում է 2017 թվականից՝ մայիսի 16-ին։ 1960 թվականին այս օրն առաջին անգամ ֆիզիկոս Թեոդոր Մայմանը հաջողությամբ ցուցադրեց լազերի աշխատանքը։
Միջոցառման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37410245896, +37498204608։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․05.2025թ.