Սույն թվականի հունիսի 22-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) կմեկնարկեն «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը։ Միջոցառումները կազմակերպում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

Միջոցառումների նպատակն է քննարկել ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտում գիտական նվաճումներն ու դրանց կիրառությունները։ Կձևավորվի հարթակ երիտասարդների համար հանրահայտ գիտնականների հետ համատեղ հետազոտություններ պլանավորելու՝ անդրադառնալով ինչպես հիմնարար գիտական խնդիրներին, այնպես էլ կիրառական հարցերին։
Միջոցառումները միտված են Հայաստանում առաջատար գիտական ուղղությունների զարգացմանը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։
Քննարկման հիմնական թեմաներ են՝ տարբեր միջավայրերի հետ ճառագայթային փնջերի և մասնիկների փոխազդեցությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրներն ու դրանց կիրառությունները, ճառագայթային տեխնոլոգիաները հնագիտության, բժշկական ֆիզիկայի, բնապահպանության և աստղագիտության մեջ, ինչպես նաև ֆունկցիոնալ նյութերն ու բյուրեղների աճը։
Միջոցառումները կունենան ավելի քան 150 մասնակից, այդ թվում՝ հայտնի գիտնականներ, երիտասարդ գիտաշխատողներ և ուսանողներ Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Մալազիայից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից, Իրանից։
Հունիսի 23-24-ին միջոցառումները կշարունակվեն Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (ք. Երևան, Հր. Ներսիսյան 25), իսկ 25-28-ին՝ Ջերմուկում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
19.06.2026թ․