Отдел диаспоры представляет
Погосян Аршак Степанович

Д.ф.-м.н., профессор

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Աախենի համալսարանի նանո և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի ԴՆԹ սենսորների և նանոկառուցվածքների լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Պողոսյանը ծնվել է 1949թ. սեպտեմբերի 10-ին Երևանում:

1966թ., գերազանցությամբ ավարտելով դպրոցը, Արշակ Պողոսյանը ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) կիբեռնետիկայի ֆակուլտետ` ռադիոէլեկտրոնային սարքերի կոնստրուկտավորում և արտադրություն մասնագիտությամբ, որն ավարտեց 1972թ.: ԵրՊԻ-ն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ ՀՀ ԳԱԱ Աշտարակի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպես ճարտարագետ:

1974թ. Արշակ Պողոսյանը որոշեց շարունակել կրթությունը և ընդունվեց Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ կատարեց իր թեկնածուական աշխատանքը պրոֆեսոր Իրինա Վենդիկի ղեկավարությամբ` «Էլեկտրոնային գազի «տաքացման» երևույթների հետազոտությունները բիսմուտի նուրբ թաղանթում» թեմայով: 1979թ. Լենինգրադում նա պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը, վերադարձավ հայրենիք ու աշխատանքի անցավ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1980թ. նա հրավիրվեց աշխատելու Երևանի սրտաբանական կենտրոն, որտեղ սկսեց զբաղվել իր համար լրիվ նոր, բայց և շատ հեռանկարային գիտական ուղղությամբ` իոնների և կենսաբանական մոլեկուլների նկատմամբ զգայուն տվիչների (սենսորների) մշակմամբ: Այդ տվիչները ժամանակակից կիսահաղորդչային տեխնոլոգիաներով պատրաստելու նպատակով, 1982թ. տեղափոխվեց աշխատելու Աբովյանի «Սիրիուս» գործարանի ԿՏԲ (մինչև 1986թ.): 1983-1984թթ. նրա ղեկավարությամբ առաջին անգամ Հայաստանում պատրաստվեցին իոնների նկատմամբ զգայուն կիսահաղորդչային դաշտային տրանզիստորներ, որոնք հետագայում օգտագործվեցին ջրածնի, նատրիումի և կալիումի իոնների կոնցենտրացիան արյան մեջ չափելու համար: Այսպիսի միկրոսենսորները կարող են ինտեգրվել այսպես կոչված, «Lab-onchip» սարքերում`բժշկական ախտորոշման համար: Նրա մշակած սենսորները հետաքրքրություն էր առաջացրել նաև Մոսկվայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտում, տիեզերքում տիեզերագնացների մոտ «in vivo» չափումների նպատակով: Ավելի ուշ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Սիմոնյանի (ներկայումս նույնպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ) աջակցությամբ Արշակ Պողոսյանը մշակեց նաև կիսահաղորդչային միկրոսենսոր` գլյուկոզայի կոնցենտրացիան մեզի մեջ չափելու համար:

1989թ. նա սկսեց աշխատել պոլիտեխնիկական ինստիտուտում (ԵրՊԻ) որպես ավագ դասախոս, հետո դոցենտ (1991թ.): Միաժամանակ ստեղծեց «Սենսոր» կոոպերատիվ ձեռնարկությունը (1989թ.) գիտատեխնիկական աշխատանքների իրականացման և դրանց արդյունքների ներդրման նպատակով (օրինակ, մինիատյուր սարք հեղուկներում pH չափելու համար):

1991թ. Արշակ Պողոսյանը գործընկերների հետ ստեղծեց «Միկրոսենսոր» փոքր ձեռնարկությունը: Նա իր գործընկերների հետ ապրանքային տեսքի հասցրեցին շարժական, չոր էլեկտրոլիտային մարտկոցներով լամպերը, որոնց անվանեցին «Սպիտակ»: Այդ լամպերը իրենց պարամետրերով, լիցքավորման կարճ և աշխատանքային ավելի երկար ժամանակով և մյուս շահագործողական բնութագրերով գերազանցում էին շուկայում եղած արտասահմանյան նմանօրինակ սարքերին և ավելի էժան էին ու մատչելի: Բացի այդ, դա հնարավորություն տվեց տնտեսական այդ դժվար անցումային տարիներին ստեղծել մոտ քսան աշխատատեղ, որը նույնպես կարևոր խնդիր էր:

Արշակ Պողոսյանը 1994թ. DAAD-ի ծրագրով երկու ամսով աշխատանքի գործուղվեց Գերմանիայի Կարլսրուհեի և Տյուբինգենի համալսարաններ: 1995թ. Արշակ Պողոսյանը պաշտպանեց (ԵրՊԻ-ում) դոկտորական ատենախոսությունը՝ « Միկրոէլեկտրոնային սենսորների մշակում և հետազոտում» թեմայով: 1996թ. Արշակ Պողոսյանն ընտանիքով տեղափոխվեց Գերմանիա՝ մշտական բնակության:

1998թ. սկսեց աշխատել Դյուսսելդորֆի համալսարանում, իսկ հետո, 1999թ. մինչև 2004թ. Յուլիխ քաղաքի գիտահետազոտական կենտրոնում, որը Գերմանիայի ամենամեծ գիտական կենտրոններից է: Այստեղ նա նույնպես շարունակեց զբաղվել կենսաբանական միկրոսենսորների մշակմամբ: 2004թ. Արշակ Պողոսյանն աշխատանքային հրավեր ստացավ Աախենի կիրառական գիտությունների համալսարանից, սկզբում որպես խմբի ղեկավար, իսկ հետո՝ 2006թ., որպես «ԴՆԹ սենսորների և նանոկառուցվածքների» լաբորատորիայի ղեկավար նոր բացված նանո և բիոտեխնոլոգիաների ինստիտուտում, որտեղ աշխատում է մինչև այժմ:

Արշակ Պողոսյանը հեղինակ է ավելի քան 250 տպագրված գիտական հոդվածների, որոնց մեջ 5 ընդհանրացված-վերլուծական, 10 գլուխ տարբեր գրքերում, 1 գիրք, 7 արտոնագիր, որոնցից 4-ը գերմանական և եվրոպական, ավելի քան 180 զեկուցումներ տարբեր միջազգային գիտաժողովներում: Իր գործընկեր պրոֆ. Շոնինգի հետ, որպես խմբագիր, պատրաստել են արժեքավոր մի գիրք «Label-free biosensing» վերնագրով, որը հրատարակվել է Springer-ում 2017թ.: Արշակ Պողոսյանը մի քանի գիտական ամսագրերի («Journal of Biosensors and Bioelectronics», «Analytical Chemistry Journal», etc.) խմբագրական կոլեգիաների անդամ է, 10-ից ավելի գիտական ամսագրերի գրախոս, ինչպես նաև մի շարք գիտական համաժողովների կազմակերպչական կոմիտեի անդամ:

Գերմանիա տեղափոխվելուց հետո էլ Արշակ Պողոսյանը չի խզել գիտական կապերը ՀԱՊՀ-ի, Երևանի պետական համալսարանի հետ և աշխատել է իր հնարավորությունների սահմանում օգտակար լինել: Նա մի քանի անգամ այցելել է ՀԱՊՀ և ուսումնամեթոդական և գիտական գրականություն նվիրել ՄԿԲՍ ամբիոնին, զեկուցումներ է կարդացել «Կենսաբժշկական ճարտարագիտություն»   մասնագիտության բակալավրական և մագիստրոսական խմբերի համար: 2013-2015թթ. հանդես է եկել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից շնորհված դրամաշնորհային 13-2G-032 ծրագրի արտասահմանյան խորհրդատու, նպաստել նրան, որ ՆԲՏԻ-ի տեխնոլոգիական սարքերով պատրաստվեն և հետազոտվեն ֆերոէլեկտրական նանոթաղանթային տարբեր սենսորներ ՄԿԲՍ ամբիոնի համար:

ՆԲՏԻ հագեցված է ճշգրիտ չափիչ սարքերով, ատոմական մակարդակով նյութերի հետազոտման ժամանակակից միկրոզննման համակարգերով, որոնք բավարար են բիո և նանո սենսորների մշակման, նյութերի հատկությունների, սարքերի կառուցվածքների ուսումնասիրության ուղղությամբ բարձրորակ հետազոտություններ կատարելու համար:

Արշակ Պողոսյանի երաշխավորությամբ պրոֆ. Վ. Բունիաթյանը 2008-2016թթ. երեք անգամ և պրոֆ. Ֆ. Գասպարյանը մեկ անգամ  DAAD-ի ծրագրով երեք ամսով այցելել են ՆԲՏԻ և Յուլիխի գիտահետազոտական կենտրոն: Այս գիտահետազոտական բեղմնավոր համագործակցության ընթացքում հայաստանյան գործընկերների հետ կատարած ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային և հայաստանյան գիտաժողովներում, տպագրվել են 15-ից ավելի համատեղ հոդվածեր գիտական ամսագրերում և գիտաժողովների ժողովածուներում, ինչպես նաև նպաստել են մի քանի մագիստրոսական և թեկնածուական աշխատանքների կատարմանը՝ «կենսաբժշկական ճարտարագիտություն» և «միկրո և նանոտեխնոլոգիաներ» մասնագիտություններով:

Արշակ Պողոսյանն աջակցել է գիտական կապերի հաստատմանը ԵՊՀ-ի կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա ամբիոնի (ակադեմիկոս Վլ. Հարությունյան) և Դյուսսելդորֆի համալսարանի գազային սենսորների խմբի (պրոֆ. Շիերբաում) միջև:

2005թ.-ից նա ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ-ի և գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Կիսահաղորդչային միկրո և նանոէլեկտրոնիկան»  գիտաժողովներին:

Արշակ Պողոսյանը նաև համագործակցում է Գերմանիայի հայ համայնքի հետ:

Հաշվի առնելով Արշակ Պողոսյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Բարձր գնահատելով ԳԱԱ արտասահմանյան անդամ լինելու մեծ պատիվը՝ Արշակ Պողոսյանը ձգտում է էլ ավելի խորացնել համագործակցությունը ՀՀ գիտակրթական կազմակերպությունների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար