Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Ազիզյան Ռուբեն Իլյիչի

Բժշկ.գ.դ., պրոֆեսոր

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Իլյիչի Ազիզյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, բժիշկների ընտանիքում: 

Հայրը` Իլյիչ Բաբկենի Ազիզյանը, եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչը, Հայաստանի առողջապահության նախարարության մանկական գլխավոր օտոլարինգոլոգը: Մայրը աշխատել է Երևանի պետական համալսարանի բջջաբանության և գենետիկայի ամբիոնի դոցենտ էր:

Ռուբեն Ազիզյանը 1978թ. ավարտելով Երևանի Ա.Պ.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1984թ.: Նույն թվականին ընդունվել է կլինիկական օրդինատուրա  քիթ-կոկորդ-ականջ ուռուցքաբան մասնագիտությամբ` Հայաստանի ԽՍՍՀ-ի առողջապահության նախարարության գիտահետազոտական ճառագայթաբանության և ուռուցքաբանության բազայի հիման վրա ստեղծված ինստիտուտում: Նույն թվականին Ռուբեն Ազիզյանը գործուղվել է սովորելու ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման՝ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների կլինիկայի կենտրոնական ինստիտուտի օրդինատուրա: Հենց այստեղ էլ Ռուբեն Ազիզյանը մեծ հաջողությամբ 1989թ. պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը "Доброкачественные опухоли и опухолеподобные новообразования уха" թեմայով: Վերադառնալով Հայաստան աշխատանքի է անցել  Հայաստանի առողջապահության նախարարության գիտահետազոտական ճառագայթաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում:

1994թ. Ռուբեն Ազիզյանը ընդունվել է Ն.Ն. Բլոխինի անվան  Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության գիտական կենտրոնի դոկտորանտուրան գիտահետազոտական աշխատանքները շարունակելու նպատակով: 1997թ. նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը "Комбинированные реконструктивные операции при опухолях головы и шеи" թեմայով, որի արդյունքները ստացել էր տարիների ընթացքում իրականացրած բազմաթիվ վիրահատությունների շնորհիվ:

Ռուբեն Ազիզյանը անցնելով պրոֆեսոր Ո.Ս.Պողոսովի, պրոֆեսոր Գ.Ո.Ֆալիլովայի, պրոֆեսոր Ե.Գ. Մատյակինայի գիտական դպրոցը, հանձն առավ աշխատել կլինիկական ուռուցքաբանության` բժշկության ամենածանր ոլորտներից մեկում:

Դոկտորականը պաշտպանելուց հետո Ռուբեն Ազիզյանը աշխատանքի անցավ Ռուսաստանի բժշկանակ գիտությունների ակադեմիայի համակարգի Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնում` սկզբից որպես բժիշկ-վիրաբույժ, այնուհետև ավագ գիտաշխատող (1998թ.), առաջատար գիտաշխատող (1999-2015թթ.): Ներկա պահին Ն.Ն.Բլոխինի անվան Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գանգ-ծնոտ-դեմք վիրաբուժական բաժանմունքի ղեկավարն է:

Ռուբեն Ազիզյանը այս տարիներին  ձեռք բերած գիտելիքները փոխանցում է նաև ուսանողությանը: 2007թ. նա ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ մինչ այդ` 2000-2007թթ. դասավանդում էր Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարանում: Նրա դասավանդման առարկայի հիմնական թեման եղել է դեմքի շրջանի ծնոտի հատվածի ուռուցքները:

Այս տարիների ընթացքում արդեն կայացած գիտնական և հայտնի վիրաբույժ Ռուբեն Ազիզյանը հրատարակել է 110 գիտական աշխատանք Ռուսաստանի և արտասահմանյան գիտական ամսագրերում և պարբերականներում, համահեղինակ է «Реконструктивные операции при  опухолях головы и шеи» գրքի, հեղինակ է մեկ մենագրության, վեց  դասագրքի և չորս արտոնագրի:

Արդյունավետ գիտական աշխատանքից զատ՝ Ռուբեն Ազիզյանը իրականացնում է նաև շատ կարևոր մի առաքելություն` պատրաստում է կադրեր այդ նույն ոլորտի համար: Այս տարիների ընթացքում նրա ղեկավարությամբ պաշտպանել են գիտությունների թեկնածուական վեց և մեկ դոկտորական ատենախոսություններ:

Միևնույն ժամանակ նա Ռուսաստանի ուռուցքաբանության ասոցիացիայի ընկերության անդամ է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխի և պարանոցի չարորակ ուռուցքների գիտական խորհրդի նախագահի տեղակալը: 

Ռուբեն Ազիզյանի իրականացրած աշխատանքը բարձր է գնահատվում ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: 2003թ. Ռուբեն Ազիզյանը Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս է, 2006թ. նա պարգևատրվել է ոսկե մեդալով, որը նվիրված էր Հայաստանի առողջապահության նախարարության Ուռուցքաբանության գիտական կենտրոնի 60 ամյակին, 2012թ. պարգևատրվել է Ն.Ն. Բլոխինի 100-ամյակին նվիրված մեդալով:

2015-2018թթ. աշխատել է ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի Ն.Ն. Բլոխինի անվան ռուսական գիտահետազոտական կենտրոնի կլինիկական ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում՝ գանգ-դիմածնոտային շրջանի ուռուցքների վիրաբուժության բաժանմունքի վարիչ։

Հաշվի առնելով Ռուբեն Ազիզյանի գիտական վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Ռուբեն Ազիզյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում առողջապահության, ուռուցքաբանության ոլորտում նոր գիտական մշակումներ իրականացնելու գործում  և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական և առողջապահական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար