Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Մկրտիչ Թումանյան

Մ.գ.դ., պրոֆեսոր

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Իրանի Իսլամական Հանրապետության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Մկրտիչ Թումանյանի ողջ կյանքը գիտության մշակի և հայ ժողովրդի նվիրյալ զավակի լավագույն օրինակ է:

Մկրտիչ Թումանյանը ծնվել է 1943թ., Իրանի Սպահանի շրջանի Փերիա հայաշատ գավառում: Նրա հայրը՝ Մարկոս Թումանյանը, Չիգրան գյուղի գյուղապետն էր, որտեղ թեև ապրում էին քրիստոնյաներ, մուսուլմաններ, բահայիներ, բայց նա տարիներ շարունակ հաջողությամբ կառավարել է այդ գյուղը: Մկրտիչ Թումանյանը նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում՝ ուսանելով հոր մոտ, ով միաժամանակ աշխատում էր նաև գյուղական դպրոցում: Այնուհետև, ութ տարեկանից հաճախել է Ջուղայի հայոց ազգային դպրոցը, ցուցաբերել է բարձր առաջադիմություն և ավարտել այն գերազանցությամբ: Հենց այս տարիներին էլ, ունենալով մաթեմատիկայի լավ ուսուցիչներ, Մկրտիչ Թումանյանը վճռեց իր ողջ կյանքը կապել մաթեմատիկայի բարդ, բայց, միաժամանակ, հետաքրքիր աշխարհի հետ:

Թումանյանն  ընդունվում է Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի բաժին և չորս տարի գերազանց սովորելուց հետո 1969թ., մտնում է Թավրիզի համալսարան՝ աշխատելու որպես ուսուցիչ. հանգամանք, որը նրան ազատեց նաև զինվորական ծառայությունից:

Աշխատանքին զուգահեռ նա որոշեց շարունակել նաև կրթությունը: Մկրտիչ Թումանյանն ընդունվեց Թավրիզի համալսարանի մագիստրատուրա, որտեղ նրան դասավանդում էին հնդիկ դասախոսներ, և նա ստիպված էր կատարելագործել անգլերենը:

Մագիստրատուրան ավարտելուց հետո՝ 1971թ., Մկրտիչ Թումանյանն արժանացավ համալսարանական դրամաշնորհի և մեկնեց Մեծ Բրիտանիա՝ խորանալու իր ընտրած մասնագիտության մեջ: Նա երեք տարի Սաութամբթոն համալսարանում ուսանեց դիֆերենցիալ երկրաչափություն, և հենց այս ոլորտում էլ 1974թ. պաշտպանեց գիտական ատենախոսությունը՝  «Սիմետրիկ տարածությունների հատկությունները» թեմայով: 

Վերադառնալով Իրան՝ Մկրտիչ Թումանյանն աշխատանքի անցավ Թավրիզի համալսարանում՝ որպես դասախոս: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ Մկրտիչ Թումանյանը մեծ ակտիվություն ցուցաբերեց համալսարանի վարչական գործունեության մեջ: Նա վեց տարի շարունակ գլխավորել է Մաթեմատիկայի բաժանմունքը, իսկ 1984-1988թթ. եղել է Իրանի մաթեմատիկական միության նախագահը:

Մկրտիչ Թումանյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 65 մագիստրոսական և 10 թեկնածուական աշխատանքներ: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, մենագրությունների, անձնական նախաձեռնությամբ մաթեմատիկայի և երկրաչափության ոլորտի մի շարք աշխատանքներ անձամբ թարգմանել է անգլերենից, որպեսզի հասանելի լինեն Իրանի մաթեմատիկայի բնագավառի ուսանողներին:

Բացի մանկավարժական և գիտական բնագավառներից, Մկրտիչ Թումանյանը մեծ ակտիվություն է ցուցաբերել նաև իրանահայ համայնքում: Նա եղել է թեմականև պատգամավորական խորհրդի անդամ: Գրեթե 40 տարի Մկրտիչ Թումանյանը Ատրպատականի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետն էր: Ի դեպ, ի պատիվ նրա՝ կարողացել է զերծ մնալ ներհամայնքային կուսակցական խնդիրներից. նա անկուսակցական է:

Նրա խոսքերով՝ իր կուսակցությունն իր ժողովուրդն է: Նա մոտ 30 տարի եղել է հայկական դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը և ճիգ ու ջանք չի խնայել, որպեսզի Թավրիզում պահի հայկական դպրոցը, անգամ այն պարագայում, երբ աշակերտների թիվը գնալով պակասում էր. իսկ համաձայն ԻԻՀ օրենքի՝ այդ կարգի դպրոցները ենթակա են փակման:

Թումանյանի ջանքերով, նրա հեղինակության և անձնական կապերի շնորհիվ Թավրիզի հայկական դպրոցը պահպանվեց: Ատրպատականում աշխատելը կրկնակի դժվար է և բարդ, քանի որ այդ նահանգում մեծ է թյուրքախոս  իրանցիների թիվը: Մկրտիչ Թումանյանի ուշադրության կենտրոնում, բացի դպրոցներից, եղել են նաև հայկական եկեղեցիների, ինչպես նաև առաջնորդարանին պատկանող հողատարածքների պահպանման խնդիրները: Մկրտիչ Թումանյանի կյանքը ամենօրյա պայքար է հանուն հայապահպանության:

Միաժամանակ, Մ. Թումանյանը համագործակցել է Հայաստանի մաթեմատիկոսների, հատկապես ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի աշխատակիցների հետ:

Նա պարբերաբար այցելում է Հայաստան, մասնակցում գիտակազմակերպչական միջոցառումներին և հանդես գալիս զեկուցումներով: Հաշվի առնելով Մկրտիչ Թումանյանի գիտական և մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

2011թ. Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մկրտիչ Թումանյանը պարգևատրվեց Անանիա Շիրակացու մեդալով: Մկրտիչ Թումանյանն այսօր ևս մեծ ջանքեր է ներդնում հայապահպանության գործում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական հաստատությունների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար