Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Արմաիս Կամալով

դոկտոր, պրոֆեսոր

    Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմաիս Կամալովը ծնվել է Թբիլիսիում, 1961 թ. հունիսի 3-ին:

    Գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Արմաիս Կամալովը 1978 թ. ընդունվում է Ն. Ի. Պիրոգովի անվան Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտ, որը գերազանց առաջադիմությամբ ավարտում է 1984 թ.-ին: Այնուհետև, 1985-1987 թթ. կրթությունը շարունակել է կլինիկական օրդինատուրայում՝ Ա. Վ. Վիշնևսկիի անվան ուրոլոգիական ինստիտուտում:

    Ավարտելով օրդինատուրան՝ 1987 թ. Ա. Կամալովն աշխատանքի է անցնում և մինչև 2010 թ. աշխատում է ՌԴ առողջապահության նախարարության ուրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում: Այս ժամանակաշրջանում նա խորամուխ է լինում նոր էնդոսկոպիկ մեթոդով բուժման ուսումնասիրություններում, որը լայնորեն կիրառվում է մինչ այժմ:

    Այս ուսումնասիրությունների արդյունքում՝  1992 թ. Ա. Կամալովը պաշտպանում է իր թեկնածուական թեզը՝  «Трансуретральная эндоскопическая уретеролитотрипсия и уретеролитоэкстракция» թեմայով:

    1998 թ. Ա. Կամալովն իրականացրած բազմաթիվ փորձերի և ստացած արդյունքներով պաշտպանում է դոկտորական «Эндоскопические методы диагностики и лечения доброкачественной гиперплазии простаты, стриктур и облитераций уретры, рака мочевого пузыря» թեմայով:

    Միևնույն ժամանակ, նա իր գիտելիքները փոխանցում է երիտասարդ մասնագետներին: 2001 թ. Կամալովը նշանակվում է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր՝ դասավանդելով ուրոլոգիային վերաբերող դասընթացներ:

    2010 թվականից ցայժմ նա հանդիսանում է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Հիմնարար բժշկության ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ղեկավար:

    Կամալովը նաև պատրաստում է երիտասարդ մասնագետներ, որի արդյունքում նրա ղեկավարությամբ պաշտպանել են 3 գիտությունների դոկտորներ, 10 գիտությունների թեկնածուներ:

    Գիտամանկավարժական ողջ ժամանակահատվածում Ա. Ա. Կամալովը հրատարակել է 300-ից ավելի գիտական հոդվածներ, մեթոդաբանական երաշխավորագրեր, երեք մենագրություն (համահեղինակությամբ), 6 դասագիրք, 8 գիրք (համահեղինակությամբ), որոնք վերաբերվում են ուրոլոգիային: Ունի երեք արտոնագիր, որոնք վերաբերում են ուրոլոգիական բուժման և դրանց գործիքներին: Կամալովի ղեկավարությամբ իրականացվել է ավելի քան 40 կլինիկական հետազոտություն:

    Ա. Ա. Կամալովը երբեք Հայաստանում չապրելով, այնուամենայնիվ, մշտապես պահպանել է կապը մայր հայրենիքի գիտական կազմակերպությունների հետ, մասնակցել տարատեսակ ծրագրերի և իր գիտելիքները ի սպաս դրել հայրենական բժշկական գիտության զարգացմանը: Դրա վառ ապացույցը եղավ 2011 թ. Երևանում կազմակերպված միջազգային կոնգրեսը. այն իրականացվեց «Առողջ տղամարդ, երջանիկ ընտանիք» խորագրով, որն ունեցավ ոչ միայն առողջապահական, այլ նաև սոցիալական նշանակություն: Հայաստանը հյուրընկալեց
ավելի քան 1500 բժիշկների աշխարհի տարբեր ծայրերից: Ա. Կամալովը հուսով է, որ այս միջազգային կոնգրեսի հաջողված փորձը կարող է նպաստել՝ Երևանում կառավարության աջակցությամբ  իրականացնելու մարդու ուրոանդրոլոգիայի և վերականգնողական կլինիկայի ստեղծմանը:

    Նրա գերնպատակն է, Իսրայելի օրինակով, Հայաստանը դարձնել տարածաշրջանի բժշկական գլխավոր կենտրոններից մեկը, ինչին կարող են նպաստել աշխարհով մեկ սփռված լավագույն հայ բժիշկները: Սա կարող է ոչ միայն բարձրացնել Հայաստանի վարկանիշն աշխարհում, այլև իրական օգնություն կլինի տնտեսությանը:

    2014 թ. ի վեր Ա. Կամալովը ղեկավարում է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնը, որտեղ իր գործընկերների հետ աշխատում են պրոտեոմիկայի, գենոմիկայի, բջջային տեխնոլոգիաների, ռեգեներատիվ բժշկության հիմնարար գիտական ծրագրերի ուղղությամբ:

    Նրա կարծիքով, բժշկության ոլորտում հնարավոր է հաստատել սերտ միջպետական գիտական կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև, քանզի Հայաստանում շատ կան տաղանդավոր գիտնականներ, բժիշկներ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ ու լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է ապագայում իրականացնել կարևոր համատեղ ծրագրեր:

    Հիրավի բազմաթիվ են Ա. Կամալովի մասնագիտական ձերքբերումները. ՌԴ մեդալ «Աշխատանքային գործունեության համար» (1997 թ.), «Ռուսաստանի լավագույն բժիշկ» (2006 թ.), «Ն. Ա. Լոպատկինի անվան մրցույթի դափնեկիր» Ռուսաստանի ուրոլոգիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար (2009 թ.), Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (2015 թ.): Նա 2012-2014 թթ. Մոսկվա քաղաքի առողջապահության վարչության գլխավոր ուրոլոգն էր, ինչպես նաև ուրոլոգների եվրոպական ընկերակցության անդամ, համաշխարհային էնդրոուրոլոգիայի ընկերության անդամ, ինչպես նաև 2003 թվականից «Տղամարդկային առողջություն»  ՌՈՒԸ նախագահ:  2020 թվականին պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, ունի նաև III աստիճանի Պատվո շքանշան։

    Հաշվի առնելով Արմաիս Կամալովի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության զարգացման գործում՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

    Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիան, բարձր գնահատելով Ա. Կամալովի ներդրումը հայրենական առողջապահության ոլորտում, 2016 թ. նրան ընտրեց ՌԳԱ ակադեմիկոս:

    Այսօր էլ Ա. Կամալովը շարունակում է սերտ համագործակցությունը հայաստանյան բժշկական, գիտակրթական հիմնարկների և ոլորտի մասնագետների հետ: 2019թ. Հայաստանի հեռավոր գյուղերում, որտեղ մշտական բժիշկներ չկան, օրգանիզմի դիագնոստիկա են իրականացրել Մոսկվայի պետական համալսարանում ստեղծված սարքերով։ Ակադեմիկոսը հիմնադրել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, որը զբաղվում է Հայաստանի և Ռուսաստանի միջպետական մշակութային ժառանգության պահպանությամբ։

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար