Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Միխայիլ Պիոտրովսկի

դոկտոր, պրոֆեսոր

    ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանում:

    Հայրը՝ նշանավոր հնագետ Բորիս Պիոտրովսկին, գործուղվում է Հայաստան Կարմիր բլուրում պեղումներ կատարելու նպատակով: Հնագիտական պեղումների ժամանակ Բորիս Պիոտրովսկին ծանոթանում է հնագիտական խմբի անդամ Հռիփսիմե Ջանփոլադյանի հետ և ինչպես Միխայիլ Պիոտրովսկին է նշում՝ «Ուրարտու պետությունը միավորեց մարդկանց մեկ ընտանիքում»: Հայրը՝   Բորիս Պիոտրովսկին 1964-1990 թթ.զբաղեցրել է Էրմիտաժի տնօրենի պաշտոնը: 

    Միխայիլ Պիոտրովսկու մանկության մի հատվածն անցել է Երևանում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Լենինգրադ, սակայն, համաձայն իր խոսքի, ամեն տարի ամռանը եղբոր՝ Լևոնի հետ եկել են Երևան՝ տատիկի մոտ, քանի որ մայրը հոր հետ միասին մասնակցում էր հնագիտական տարբեր արշավանքների: Պիոտրովսկու կարծիքով նա մեծացել է հայկական ընտանիքում, որտեղ տիրում էին արևելյան բարքերը: 

    1967 թվականին Միխայիլ Պիոտրովսկին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի արաբական բանասիրության բաժինը: 

    1965-1966 թթ. վերապատրաստվել է Եգիպտոսում՝ Կահիրեի համալսարանում: Պատանեկության տարիներին Երևան գալիս՝ նա պարտադիր այցելել է Մատենադարան և փորձել ուսումնասիրել Մատենադարանում պահպանվող արաբական հին ձեռագրերը, որոնք հետագայում հիմք հանդիսացան իր գիտական աշխատանքների համար: 

    1973 թ. Մ. Պիոտրովսկին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Լեգենդ Հիմյարի թագավոր Ասսադ ալ-Կամիլի մասին» թեմայով, ապա 1985 թ.՝ դոկտորական ատենախոսություն «Հարավային Արաբիան վաղ միջնադարում, միջնադարի հասարակության գործընթացները»  թեմայով: 

    1967-1991 թթ. Մ. Պիոտրովսկին աշխատել է արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում:

    Մ. Պիոտրովսկու գիտական հետաքրքրություններն են՝ Միջին արևելքի հին և միջնադարի պատմությունը, Եմենի պատմությունը, Ղուրանը, իսլամի վաղ պատմությունը, թանգարանային գործը, հնէաբանությունը:

    Նա մասնակցել է հնագիտական պեղումների Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Եմենում: 1981-1992 թթ. Մ. Պիոտրովսկին գլխավորել է ԽՍՀՄ-եմենական արշավախմբի ջոկատը, իսկ 1989-1991 թթ. եղելէ արշավախմբի ղեկավարը:

    Հոր՝ Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու մահից հետո, 1991 թ. նա հրավիրվել է Էրմիտաժ՝ որպես փոխտնօրեն, իսկ 1992 թ. հուլիսին Ռուսաստանի կառավարության որոշմամբ Մ. Պիոտրովսկին նշանակվել է Պետական Էրմիտաժի տնօրեն:

    Մ. Պիոտրովսկին Ռուսաստանի Դաշնության նախագահին կից մշակույթի և արվեստի խորհրդի նախագահի տեղակալն է, ՌԴ նախագահին կից պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ: Մ. Պիոտրովսկին պետերբուրգցիների համաշխարհային ակումբի նախագահն է, Սանկտ-Պետերբուրգի «Ալյանս Ֆրանսեզի» նախագահը, Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Մ. Պիոտրովսկին «Քրիստոնյա Արևելք» ամսագրի գլխավոր խմբագիրն է, Եվրոպայի խորհրդին կից՝ ցուցահանդեսների գծով փորձագիտական հանձնաժողովի անդամ: Մ. Պիոտրովսկին Սանկտ-Պետերբուրգի մտավորականների համագումարի նախագահն է, Հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի թանգարանների միության նախագահը, թանգարանների միջազգային խորհրդի անդամ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի կոմիտեի անդամ:

    Մ. Պիոտրովսկին ավելի քան 250 գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է: 1996 թ. Նիդեռլանդներում նա պարգևատրվել է թագավորական տան Օրանսկ Նասսաու շքանշանով: Մ. Պիոտրովսկին գրականության և արվեստի բնագավառում ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիր է, 1997 թ. պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանով:

    1997 թ. ի հիշատակ հայր և որդի՝ Բորիս և Միխայիլ Պիոտրովսկիների, Աստղագիտական միջազգային խորհուրդը հայտնաբերված մոլորակներից մեկն անվանակոչել է Պիոտրովսկի:  1999 թ. Շվեդիայում նա պարգևատրվել է Հյուսիսային աստղ շքանշանով, իսկ 1998 թ.՝ Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանով: 2004 թ. դեկտեմբերի 27-ին Միխայիլ Պիոտրովսկին ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»  4-րդ աստիճանի շքանշան:

    2001 թ. նա ընտրվել է ԿՀՁ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

    2007 թ. մայիսի 18-ին Ռուսաստանի և Ճապոնիայի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար Միխայիլ Պիոտրովսկուն շնորհեցին Ճապոնիայի պետական պարգևներ «Ծագող արևի աստղ շքանշան», ոսկյա և արծաթյա աստղեր: Այս կապակցությամբ նա նշում էր, որ աշխատանքի այդ բարձր գնահատականն ամբողջ Էրմիտաժինն է և կարևորվում է նրանով, որ այն շնորհվել է Թանգարանների միջազգային օրը:

    2016թ. Երևանի սրտում, հենց այն տանը որտեղ մեծացել է Միխայիլ Պիոտրովսկին, բացվեց հուշատախտակ ի նշան երախտագիտության Միխայիլ Պիոտրովսկու հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակին, ով Երկորդ համաշխարհային պատերազմի ծանր օրերին Հովսեփ Օրբելու և Էրմիտաժի անձնակազմի հետ տարհանվել և ապաստան էին գտել Հայաստանում: Այս ծանր տարիներին էր, որ Բորիս Պիոտրովսկին գրեց իր ֆունդամենտալ աշխատանքը՝ «Ուրարտուի պատմությունը և մշակույթը» խորագրով: 

    Մ. Պիոտրովսկին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ՝ բարելավման ու կատարելագործման մշակութաբանական և նյութագիտական փորձաքննությունների բնագավառում և այդ գիտագործնական ոլորտում իրականացնում առաջավոր փորձի փոխանակում: Պիոտրովսկին ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել Էրմիտաժում գործող գիտատեխնիկական փորձաքննությունների բաժնում:

    Հաշվի առնելով Միխայիլ Պիոտրովսկու գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

    Այսօր էլ Մ.Պիոտրովսկին մեծ ջերմությամբ է խոսում Երևանի, հայկական մշակույթի, հայոց լեզվի մասին՝ իրեն համարելով 100 տոկոս Պիոտրովսկի, 100 տոկոս Ջանփոլադյան: Մինչև այժմ էլ Երևան գալուն պես՝ Պիատրովսկի անդավաճանորեն երկու վայր է այցելում. Կարմիր բլուր՝ ուր ծնողներն են հանդիպել և իր մանկության մի մասը անեցել է այդ հնավայրում և Մատենադարան: 

    Միխայիլ Պիոտրովսկին ամուսնացած է Իրինա Լեոնիդովնայի հետ, որը մասնակգտությամբ տնտեսագետ է և համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու զավակ՝ Բորիս Պիոտրովսկին, որը Hermitage VR-ի տեղեկատվական և նորարարական նախագծերի ստեղծողն է և այսօր էլ զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգի փոխնահանագապետի պաշտոնը և Մարիա Պիատորվսկին, որը զբաղվում է բանկային աշխատանքով:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար