Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Գրիգորի Գաբրիելյանց

դոկտոր, պրոֆեսոր

    ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը ծնվել է 1934թ. փետրվարի 2-ին Բաքվում: Նրա նախնիները ծնունդով Շամախեցի էին, ապրում էին լեռնահովտում ծվարած մի գյուղում և խաղող մշակում: Յոթ տարեկանից պատանի Գրիգորյանցն ամառները անց էր կացնում հայրենի գյուղում: Իր իսկ խոսքերով՝ դպրոցական տարիներին ոչնչով աչքի չի ընկել:

    Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց առաջին օրերից նրա հայրը՝ Արկադի Գաբրիելյանցը, «մեկնեց ռազմաճակատ. մայրը ստիպված էր աշխատել երկու հերթափոխով, որպեսզի կարողանա ապահովել ընտանիքի կարիքները:

    Դպրոցն ավարտելուց հետո Գրիգորի Գաբրիելյանցն ընդունվում է Ադրբեջանական ԽՍՀ Նավթի ու գազի ինստիտուտ, որը 1956 թ. ավարտում է գերազանցությամբ և գործուղվում Թուրքմենստան: Այստեղ իրականանում է նրա երազանքը. զբաղվում է երկրաֆիզիկական հետազոտություններով, և արդեն 25 տարեկանում դառնում է Թուրքմենստան:  գլխավոր երկրաբանը: Գրիգորի Գաբրիելյանցի գլխավոր առաքելությունն էր Կարա-Կումում հայտնաբերել գազի հանքավայրեր և խմելու ջրի պաշարներ:

    Նա ինքնամոռաց նվիրվում է իր սիրելի աշխատանքին, որը շուտով տալիս է իր պտուղները: Գրիգորի Գաբրիելյանցը պատմում է, թե նավթի հայտնաբերման կապակցությամբ առաջին անգամ ինչպես իրականացավ իր կանխատեսումը: «1959թ. մայիսյան մի օր անապատում նստած ընթերցում էի «Երեքը մակույկում, չհաշված շանը» գիրքը և հենց այդ պահին Կարա-Կումում ժայթքեց նավթի առաջին շատրվանը: Պատկերացնում եք՝ երջանկության ինչպիսի զգացողություն ունեցա ես: Հսկայական Կարա-Կումում ընտրել հենց այն փոքրիկ հողակտորը և չսխալվել: Դա նույնն է, ինչ առաջին երեխայիդ ծնունդը»:

    Այս հանքավայրի բացահայտումը հիրավի մեծ ճանաչում բերեց Գաբրիելյանցին. նրան հրավիրեցին Մոսկվա՝ աշխատելու աշխարհահռչակ երկրաբանների և աշխարհագրագետների հետ:

    1963 թ. նա ավարտեց համամիութենական երկրաբանահետախուզական նավթային գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան և մեծ հաջողությամբ պաշտպանեց գիտական ատենախոսությունը: Մոսկվա ժամանելուց կարճ ժամանակ անց Գաբրիելյանցը նշանակվում է բնական գազի համամիութենական ինստիտուտի գլխավոր երկրաբան:

    1965-1969 թթ. Գաբրիելյանցն արդեն բնական գազի գիտահետազոտական համամիութենական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենն էր: Միևնույն ժամանակ նա զբաղվում էր գիտամանկավարժական գործունեությամբ: 1968-1987 թթ. դասավանդել է Մոսկվայի նավթի և գազի ինստիտուտում: 1969-1972 թթ. Մոսկվայի նավթաքիմիական և գազի արտադրության ինստիտուտի դոցենտ էր, 1972-1979 թթ. երկրաբանական հետախուզական նավթային ինստիտուտի բաժանմունքի ղեկավար: 1987-1989 թթ. Գաբրիելյանցը գլխավորեց համամիութենական նավթային երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտը, իսկ 1989-1991 թթ. նա հասավ իր կարիերայի բարձրակետին՝ ստանձնելով ԽՍՀՄ երկրաբանության և ընդերքի պահպանման նախարարի պաշտոնը:

    Գրիգորի Գաբրիելյանցը Հայաստանի հետ առաջին անգամ ծանոթացել է Կիմ Բակշիի գրքերի շնորհիվ: Այնուհետև, Դելիում տեղի ունեցած աշխարհագրական միջազգային կոնգրեսի ժամանակ Գրիգորյանցը հանդիպում է Հայաստանից մեկնած աշխարհագրագետների հետ, ովքեր էլ նրան հրավիրում են Հայաստան: Գրիգորյանցը մեծ սիրով ընդունում է առաջարկը և որոշ ժամանակ անց նա արդեն Հայաստանում էր: Այստեղ նրան ուղեկցում էր Հայաստանի երկրաբանության և ընդերքի պահպանման վարչության պետ Է. Գուլյանը: Մեծանուն գիտնականն, իր խոսքով, առաջին անգամ իրեն զգաց իր տանը: Դրանից հետո ամեն տարի 2-3 անգամ Գրիգորյանցն այցելում էր Հայաստան՝ արդեն ոչ թե հիանալու տեսարժան վայրերով, այլ համագործակցելու հայ երկրաբանների ու աշխարհագրագետների հետ՝ օգնելու Արցախի իր գործընկերներին:

    Հատկաշնական է, որ գիտամանկավարժական բեղուն գործունեությունից զատ, Գաբրիելյանցն ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործությամբ: «Իմ առաջին բարեգործական քայլը Պյատիգորսկում հայկական եկեղեցու կառուցմանն աջակցելն էր, իմ քայլով ես խրախուսեցի տեղաբնակ հայերին, որպեսզի նրանք ևս մասնակցեն այս գործընթացին»: Ի նշան շնորհակալության՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային թեմը 2004 թ. Գրիգորի Գաբրիելյանցին պարգևատրեց «Սուրբ Սարգիս» շքանշանով: 

    2010 թ. Գաբրիելյանցը հանդես եկավ մեկ այլ նախաձեռնությամբ. Մոսկվայում իրականացրեց բարեգործական աննախադեպ մի ձեռնարկ: Հավաքեց աշխարհի տարբեր երկրների նկարիչների գործեր՝ որպես նվեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար:

    Գրիգորյանցը մի քանի տարի շարունակ աջակցում է գրականագիտական նկարազարդ «Առագաստ» ռուսալեզու ամսագրի տպագրմանը, որի էջերում նյութեր են տպագրվում Հայաստանի պատմության և մշակույթի մասին:

    Գրիգորի Գաբրիելյանցը 130 բացառիկ հանքաքարերից բաղկացած իր հավաքածուն նվիրեց Արցախի հայրենագիտական թանգարանին:

    Գրիգորի Գաբրիելյանցը հեղինակ է 153 գիտական հոդվածի, 7 մենագրության և 2 դասագրքի: Նա 16 գյուտի հեղինակ է, նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 17 և դոկտորական 3 ատենախոսություններ: Նա Ռուսաստանի նավթի և գազի ակադեմիայի գիտական խորհրդի անդամ է, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է:

    Հաշվի առնելով Գրիգորի Գաբրիելյանցի գիտական և մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

    Վերջին տարիներին Գրիգորի Գաբրիելյանցը լրջորեն զբաղվում էր Արցախի երկրաբանության հարցերով: Նրա նախաձեռնությամբ երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցների հետ պատրաստվել և տպագրվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրաբանությունը և հանքային պաշարները գիրքը: 

    Գրիգորի Գաբրիելյանցի կյանքի ամենահուզիչ քայլը թերևս այն է, որ նա, թողնելով իր ողջ աշխատանքային գործունեությունը Ռուսաստանում, վերադարձել է իր ակունքներին: 2011 թ. սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հրաման է ստորագրել Գաբրիելյանցին ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

    Թեպետ Արցախյան վերջին պատերազմը բավական ծանր էր, ողջ հայության համար, սակայն այն չկարողացավ ընկճել մեծանուն հային և նա մինչ այսօր էլ ապրում և արարում է Արցախում: Նա մեծ ջանքեր է ներդնում երկրաբանության ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար