Отдел диаспоры представляет
Ани Апраамян

Д.ф.-м.н., профессор

   Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անի Ապրահամյանը ծնվել է 1958 թ. օգոստոսի 15-ին Լիբանանում: Նրա հայրականև մայրական կողմից տատիկներն ու պապիկները գեհենի միջով ոտքով կտրել-անցել են Դեր-Զորի անապատը և ցեղասպանությունից մազապուրծ՝  հասել Բեյրութ:Նրանք երկար ժամանակ ապրել են գաղթականների ճամբարում, որտեղ էլ ծնվել ու մեծացել են Անիի ծնողները՝ Հասմիկ և Պետրոս Ապրահամյանները: Նրանք տարրական կրթություն են ստացել ֆրանսիացի միսիոներների դպրոցում: Ուսանելու ընթացքում սովորել են դերձակություն, որը դարձել է նրանց հիմնական զբաղմունքն ու աշխատանքը:
   1969 թվականին, երբ ամերիկացիներն առաջին անգամ իջան Լուսնի վրա, Լիբանանում թերթերը ողողված էին Լուսնի վրա քայլող Արմսթրոնգի նկարներով: Այստեղից էլ սկսվել են Անիի հետաքրքրությունները երկնքի, աստղերի և ընդհանրապես գիտության նկատմամբ:
   1970թ. Անի Ապրահամյանի ողջ ընտանիքը մեկնում է ԱՄՆ (Մասաչուսեթսի նահանգ, Վուստեր քաղաք) մեծ ակնկալիքներով, որ իրենց հինգ զավակները հնարավորություն կունենան կրթություն ստանալու, ինչն իրենք չէին ունեցել: Վուստերում Անին սկսում է հաճախել օտարերկրացիների համար նախատեսված ամառային դպրոց: Այստեղ կարճ ժամանակահատվածում, հաշվի առնելով Անիի ընդհանուր զարգացածությունը, հատկապես հակումը մաթեմատիկական գիտելիքների նկատմամբ, ԱՄՆ-ում նրա առաջին ուսուցիչը՝ Քարփնտերը, որոշում է, որ Անին կարող է շարունակել իր դպրոցական կրթությունը 7-րդ դասարանից (6-րդի փոխարեն): Նա առաջին մարդն է եղել, որ օգնել է Անիին ճանապարհ հարթել ամերիկյան կրթության ոլորտում: 
   Անի Ապրահամյանը, տիրապետելով հինգ լեզուների, նախ որոշում է դառնալ դիվանագետ, սակայն ավարտական դասարանում ուսուցիչների խորհրդով, ուշադրությունը սևեռում է բնագիտական առարկաներին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Վուստերի Քլարք համալսարան, քիմիայի բաժին և ստանում կրթաթոշակ: Ուսանողական առաջին տարիներին Անին հետաքրքրվում է միջուկային ֆիզիկայով և մասնակցում պրոֆեսոր Բրեների խմբի հետազոտական աշխատանքներին: Սիրելով հետազոտական աշխատանքը և գիտական ուղղությունը՝  որոշում է դիմել ասպիրանտուրա: Ասպիրանտական տարիներին աշխատում է Նյու Յորքի Բրուքհևեն ազգային լաբորատորիայում՝ դոկտոր Ռիչարդ Քաստենի ղեկավարությամբ, որտեղ ուսումնասիրում էին 235U-ի ատոմի ճեղքումը: Բրուքհևենում նա հանդիպում և աշխատում է միջուկային ֆիզիկայի ոլորտի աշխարհահռչակ գիտնականների հետ, այդ թվում նաև՝ Ռիկ Քաստենի և Դաեգ Բրեների: Մասնակցում է նաև դոկտոր Ռիչարդ Մեյերի փորձարարական աշխատանքներին՝ Լորենս Լիվերմոր ազգային Լաբորատորիայից և հետդոկտորական աշխատանքի առաջարկ ստանում Լիվերմորում: 1985 թվականի օգոստոսին, պաշտպանելով դոկտորական թեզը, մեկնում է Սան Ֆրանցիսկո՝ սկսելու հետդոկտորական աշխատանքը:
   Այստեղ, աշխատելով երեք տարի, մեծ փորձ և գիտելիքներ է ձեռք բերում, որոնք հետագայում կիրառում է Նոտր Դամի համալսարանի միջուկային ֆիզիկայի լաբորատորիայում աշխատելիս:
   1988թ. պրոֆեսոր Ումեշ Գարգի հրավերով Անի Ապրահամյանը զեկուցում է կարդում Նոտր Դամի համալսարանում և երկու շաբաթ անց ստանում միջուկային ֆիզիկայի լաբորատորիայում ասիստենտ պրոֆեսորի աշխատանքի առաջարկ: 1989-1994 թթ. նա դառնում է ասոցիացված պրոֆեսոր, իսկ 1999թ. ստանում լրիվ պրոֆեսորի (full professor) պաշտոն: 2001 թվականից ընտրվել է Նոտր Դամի համալսարանի միջուկային ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն, 2003 թվականից նա Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչն էր, իսկ 2006 թվականին Միացյալ Նահանգների ազգային գիտական հիմնադրամի միջուկային ֆիզիկայի և միջուկային աստղաֆիզիկայի հետազոտական ծրագրերի ղեկավարն էր: 2009թ. ստացել է Ֆրանկ Մ. Ֆրեյման անվանական պրոֆեսորի պաշտոն:
   Հաշվի առնելով Անի Ապրահամյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:2009 թ. Յուրի Հովհաննեսյանի հրավերով Անի Ապրահամյանն ընդգրկվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտխորհրդի աշխատանքներին՝ դառնալով նրանց անդամներից մեկը: 
2009թ.-ից Անի Ապրահամյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ինստիտուտի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, կառավարման բարեփոխումներն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի անդամ էր, իսկ 2011թ.-ից փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամ և գիտական քարտուղար։ Այդ խորհուրդը գաղափարներ էր տալիս ինստիտուտի գործունեության համար։ 
   2018թ. ապրիլին Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշանակվեց Ալիխանյանի Երևանի ֆիզիկայի ինստիտուտ հիմնադրամի տնօրեն:
   2021թ. պրոֆեսոր Անի Ապրահամյանը ընտրվել է տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության Գլխավոր խորհրդի հինգ փոխնախագահներից մեկը:  IUPAP- ը միջազգային կազմակերպություն է, որը ղեկավարում են ֆիզիկոսներ ամբողջ աշխարհից: 
   Անին հավատարիմ մնալով իր արմատներին այսօր էլ իր փորձով ու հնարավորություններով փորձում է նպաստել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի զարգացմանը:  Նա նվիրված է իր ժողովրդին և գիտությանը:Անի Ապրահամյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար