Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Անահիտ Տոնապետյան

բանասիրական գիտությունների դոկտոր

   Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անահիտ Տոնապետյանը ծնվել է 1962թ. ապրիլի 18-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Նրա կրթության, դաստիարակության և հոգեկերտվածքի վրա անջնջելի հետք են թողել պապիկն ու տատիկը: Խարբերդցի պապիկին՝  Տոնապետ Տոնապետյանին, Անահիտը համարում է իր հայկական արժեհամակարգի հիմնական սյունը: Տոնապետը 1913թ. մեկնել էր Միացյալ Նահանգներ և, ճակատագրի կամոք, ամբողջ ընտանիքից, որը բաղկացած էր 12 անդամից, միայն ինքն է փրկվում եղեռնից: Լսելով Ցեղասպանության մասին՝ Տոնապետն անդամագրվում է Ֆրանսիայի Արևելյան լեգեոնին, քանի որ այդ ժամանակ Ֆրանսիան ծրագրում էր ազատագրել Կիլիկիան և այդ նպատակով հավաքագրում էր հայազգի կամավորականների: Պապիկը նորից հնարավորություն է ունենում մտնել «Էրգիր», որտեղ ամուսննում է և 1922թ. ընտանիքով գաղթում Ֆրանսիա: Անահիտ Տոնապետյանի ծնողները` Ավետիսը և Շաքեն, ծնված լինելով Ֆրանսիայում, ցանկանում էին ստեղծվել ավանդական հայկական ընտանիք՝ իրենց չորս երեխաներին փոխանցելով հայկական արժեքներն ու լեզուն, ինչպես նաև սերը ուսման նկատմամբ:
   Լիոնում հայկական դպրոց չլինելու պատճառով Անահիտը հաճախում է պետական դպրոց՝ միևնույն ժամանակ բաց չթողնելով հինգշաբթի օրերին Լիոնի հայկական առաքելական եկեղեցուն կից շաբաթական մեկօրյա հայկական դպրոցի դասընթացներն. այստեղ նա սովորում էր հայոց լեզու, գրականություն, պատմություն, պար, երգ:
   1979թ. ավարտելով ֆրանսիական միջնակարգ դպրոցը՝ Անահիտը շարունակում է կրթությունը հումանիտար բարձրագույն դպրոցների նախապատրաստական դասընթացներում: Որպես գերակա ուղղություն նա նախընտրում է ռուսերենը: Անահիտն ընդհանրապես սիրում էր ուսումնասիրել լեզուներ և գիտական ուղղությունը կարծես թե կանխորոշված էր: Այստեղ սովորելը հնարավորություն է տալիս Տոնապետյանին ստանալ գերազանցության կրթաթոշակ և 1982թ. ընդունվել Սորբոնի համալսարան: Ուսման տարիներին նա վերապատրաստման դասընթացների է մեկնում ԽՍՀՄ՝ Մոսկվայի պետական համալսարանում կատարելագործելու ռուսերենը:
   Վերադառնալով Ֆրանսիա՝ Անահիտը մասնակցում է ամենահեղինակավոր համարվող «Ագրեգասյոն» մրցույթին և դառնում բարձր աստիճանի ուսուցիչ: Սկզբում դասավանդում է դպրոցում, այնուհետև տեղափոխվում է Սորբոն:
   1991թ. Անահիտ Տոնապետյանը Ֆրանսիայի խոշոր լեզվաբաններից մեկի՝ Կլոդ Աժեժի ղեկավարությամբ մեծ հաջողությամբ պաշտպանում է «Հոդի գործածությունը արևմտահայերենում» դոկտորական ատենախոսությունը՝ առաջին անգամ ստեղծեելով արևմտահայերենի լեզվաբանական էլեկտրոնային կորպուսը: Նույն տարում էլ աշխատանքի է ընդունվում Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների համալսարանի հայագիտության ամբիոնում, որտեղ մինչև այժմ էլ դասավանդում է որպես պրոֆեսոր: Միաժամանակ նա երկար տարիներ եղել է ընդհանուր լեզվաբանության լաբորատորիայի տնօրենը:
   Անահիտ Տոնապետյանը դասավանդել է նաև Լիբանանի Ամերիկյան համալսարանում և դաշտային աշխատանք իրականացրել Բեյրութում:Նրա հիմնական նպատակը արևմտահայերենի զարգացումները և արդի վիճակը ուսումնասիրելն է: Նրա ղեկավարությամբ մեկ ամերիկացի ասպիրանտ կատարել է  գիտական աշխատանք՝ «Միջին Արևելքում արևմտահայերենի կացությունը վտանգված լեզուների շարքում» թեմայով: Վերջինս իրականացրել է դաշտային աշխատանք Բեյրութում: Իր հետազոտություններում Անահիտ Տոնապետյան այսօր խորացնում է նաև աշխարհագրալեզվաբանական նորարարական մեթոդները, որոնք համադրում են բարբառագիտության և արևելյան լեզվաբանության հարցադրումներ՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգի օժանդակությամբ:
   Անահիտ Տոնապետյանն անցած տարիների ընթացքում հրատարակել է ավելի քան 30 գիտական հոդված, խմբագրել է 5 գիտական աշխատություն: Նա Շվեյցարիայում տպագրվող «Լեզվական փաստեր» (Faits de Langues) միջազգային գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է:
   Անահիտ Տոնապետյանը միշտ համագործակցել է ՀՀ ԳԱԱ կառույցների և հատկապես Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ: Այդ համագործակցության շրջանակներում 1999թ. Փարիզում նա կազմակերպել է հայոց լեզվին նվիրված միջազգային կոնֆերանս, որին Հայաստանից մասնակցել է ավելի քան 20 մասնագետ, իսկ 2001թ. Ստեփանակերտում իրականացրել է «Հայերենի առաջին բարբառագիտության» միջազգային գիտաժողովը, որին արտերկրից մասնակցել է 22 գիտնական: 
   Անահիտ Տոնապետյանն այսօր էլ շարունակում է սերտորեն համագործակցել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ: Ստանալով ՀՀ գիտպետկոմի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի դրամաշնորհը՝ փորձել է իրականացնել գիտական համատեղ աշխատանք: Նպատակը Հայաստանի շրջաններում բնակվող ներգաղթած հայության բարբառների դաշտային աշխատանք իրականացումն էր: Անահիտ Տոնապետյանն առկա և հեռակա բազմաթիվ դասախոսություններ է կարդացել ինչպես ԵՊՀ ուսանողների, այնպես էլ Հնագիտության և ազգագարության ինստիտուտի գիտաշխատողների համար:
   Հաշվի առնելով Անահիտ Տոնապետյանի գիտական, մանկավարժական և Հայաստանի գիտական կառույցների հետ սերտ համագործակցության բարձր արդյունավետությունը՝ 2011թ. ՀՀ ԳԱԱ-ն նրան ընտրել է արտասահմանյան անդամ: 2014թ. ապրիլին, մինչ Տոնապետյանը մասնակցում էր ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովին, Ֆրանսիայի Հանրապետությունն իր դեկրետով նրան՝ Ֆրանսիայի Հանրապետության գիտության և կրթության ոլոտին մատուցած ծառայությունների համար շնորհել է Պատվավոր Լեգեոնի շքանշան: 

  Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
  ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար