Отдел диаспоры представляет
Мурадян Задиг Мкртич

доктор физ.-мат. наук

    ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, աստղաֆիզիկոս Զադիգ Մկրտիչ Մուրադյանը ծնվել է  1930 թ. հուլիսի 10-ին Ռումինիայում` Բուխարեստ քաղաքում: Զադիգ  Մուրադյանի արմատները Արևմտյան Հայաստանի Սվազի նահանգի Փուրկ գյուղից են: Նրա պապը` Զադիգ  Մուրադյանը, Ռումինիա է գաղթել դեռևս 1890 թ.: 

    Զադիգը հաճախել է հայկական նախակրթարան, հետո` գերմանական դպրոց, որը հիմնվել էր դեռևս 19-րդ դարում և համարվում էր Ռումինիայի լավագույն դպրոցներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ խորհրդային զորքերը 1944 թ. մտնում են Ռումինիա, այդ դպրոցը փակվում է: Զադիգն ուսումը շարունակում է Բուխարեստի հ. 1 դպրոցում, որն էլ ավարտում է բարձր առաջադիմությամբ:

    Հատկանշական է, որ Զադիգ Մկրտիչ Մուրադյանի մասնագիտական ապագան կանխորոշվել է դեռևս հայկական դպրոցի 3-րդ դասարանում: Աշխարհագրության ուսուցիչը մի օր չի եկել դասի, և այդ օրը դասը վարել է ավելի բարձր դասարաններում դասավանդող Լևոն Բալջյանը, որը երեխաներին հարցրել է. «Կուզե±ք այսօր աշխարհագրության դաս անցկացնենք, թե՞ հետաքրքիր պատմություններ պատմեմ աշխարհագրության հետ կապված»: Բնականաբար երեխաները ցանկանում են լսել պատմությունը: Նա սկսում է պատմել Ժյուլ Վեռնի «Երկից դեպի լուսին» գրքի բովանդակությունը: Այս գիրքը արթնացնում է Զադիգի հետաքրքրասիրությունը. նա սկսում է կարդալ այդ ոլորտի շատ նյութեր, այնուհետև` գրքեր, և հասկանում, որ իր սերը առհավետ կապված է տիեզերքի հետ:

    Այդ երիտասարդ ուսուցիչը` Լևոն Բալջյանը, որն ակամայից ազդում է Զադիգ Մկրտիչ Մուրադյանի ապագա մասնագիտության ընտրության վրա, հետագայում որոշում է դառնալ վարդապետ: 1943 թ. սեպտեմբերի 30-ին նա Աթենքում ձեռնադրվում է կուսակրոն քահանա, վարդապետ, ապա ընտրվում Ռումինիայի հայոց թեմի հոգևոր առաջնորդ: Հետագայում Գևորգ 6-րդ կաթողիկոսը նրան հրավիրում է Էջմիածին: Իսկ 1955 թ. Լևոն Բալջյանը դառնում է Ամենայն Հայոց Վազգեն 1-ին կաթողիկոսը: Ամբողջ կյանքի ընթացքում Զադիգ Մուրադյանի և իր ուսուցչի կապը շարունակվում է:

    Դպրոցն ավարտելուց հետո հոր խորհրդով նա սովորում է արհեստ` արծաթագործություն, այնուհետև՝ լուսանկարչություն: 

    Քանի որ աստղագիտությունը և ֆիզիկան իրար հետ կապված են, դպրոցից հետո Զադիգ Մկրտիչ Մուրադյանն ընդունվում է Բուխարեստի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ, չորս տարի գերազանց սովորելուց հետո նա ընտրում է աստղաֆիզիկայի մասնաճյուղը: Ավարտելուց հետո Զադիգին` որպես լավագույն ուսանողի առաջարկում են մնալ աստղաֆիզիկայի բաժնում՝ որպես ասիստենտ: Բայց կար մի խնդիր. Զադիգը համարվում է «սոցիալապես ոչ առողջ» ընտանիքից սերած`կապիտալիստ, քանի որ նրանք խանութ ունեին, և հենց դրա համար նրան չեն հատկացնում ասիստենտի հաստիքը:

    Զադիգը աշխատանք է գտնում Բուխարեստի երկաթգործարանում` որպես ինժեներ, մեկ տարի անց այդ գործարանի լաբորատորիայի ղեկավարն էր:

    1957 թ. միջազգային գեոֆիզիկայի տարի էր, և աստղադիտարանում բացվում է 2 հաստիք, որից մեկը զբաղեցնում է Զադիգը: Նա առավելապես ցանկանում էր մասնագիտանալ տիեզերագիտության ոլորտում, սակայն աստղադիտարանում թափուր տեղը արևային ֆիզիկայի բնագավառում էր: Մեկ տարի աշխատելուց հետո երիտասարդ Զադիգը որոշում է իր գիտելիքները ավելի խորացնելու համար մեկնել Ֆրանսիա: 1959 թ. նա աշխատանքի է անցնում Ֆրանսիայի աստղադիտարանի արևային ֆիզիկայի բաժնում` միաժամանակ լծվելով գիտական թեզի պատրաստման գործին: 

    1965 թ. Սորբոնի համալսարանում հաջողությամբ պաշտպանում է գիտական ատենախոսությունը և դառնում հետազոտող: Նա որոշ ժամանակ զբաղեցնում է Ֆրանսիայի աստղադիտարանի արևային ֆիզիկայի բաժնի վարիչի պաշտոնը, սակայն վարչական գործեր չսիրելու պատճառով շուտով դուրս է գալիս և մնում է որպես հետազոտող: Հինգ տարի դասավանդում է Բուխարեստի ֆիզիկայի ֆակուլտետում: Նրա գլխավորությամբ 6 հետազոտող պաշտպանում են իրենց թեկնածուական աշխատանքները: Զադիգը ողջ կյանքի ընթացքում աշխատում և հետևում է աստղերի ու Արևի շարժին` Փարիզի Մեդոնի աստղադիտարանից` տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից:

    1994 թ.-ից մինչև իր կյանքի մայրամուտը Զադիգ Մուրադյանը համագործակցել է Բյուրականի աստղադիտարանի հետ, 1997 թ.-ից՝ Տիեզերական հետազոտությունների և աստղաֆիզիկայի սարքավորումների լաբորատորիայի հետ:
Պատվարժան աստղագետը անդամակցել է Միջազգային աստղագիտական միությանը, Եվրոպական աստղագիտական միությանը, Ֆրանսիական աստղագիտական միությանը, Ռումինիայի գիտության ակադեմիային, Հայկական աստղագիտական միությանը (ArAS, 2009):

    Զադիգ Մուրադյանն առաջին անգամ Հայաստան այցելել է 1989 թ.` մասնակցելու IAU137 գիտաժողովին: Իսկ 1990-ականներից սկսած՝ համագործակցել է Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արթուր Նիկողոսյանի հետ: Զադիգ Մուրադյանը 1995-ին անկախ Հայաստանի Բյուրականի աստղադիտարանում հայ-ֆրանսիական առաջին գիտաժողովի կազմակերպիչներից էր, որը նվիրված էր աստղաֆիզիկայի տարաբնույթ խնդիրներին: 
Բացի գիտական գործունեությունից՝ երիտասարդ տարիներին նա Ֆրանսիայի հայ համայնքում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: Նրա ջանքերով 1980-ականների սկզբներին Ֆրանսիայում կազմակերպվել է հայ երաժիշտների համերգների մի շարք, որտեղ հանդես են եկել Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Էդուարդ Միրզոյանը: Անդամակցել է ֆրանսիայում գործող հայ գիտնականների ասոցիացիային:

    1974 թ. նա գտնում է իր կյանքի ընկերոջը՝ Աիդա Բասմաջյանին, ունենում են երկու զավակ` Վան Տրդատը և Թալինը, որոնց հայեցի դաստիարակություն են տալիս: Դուստրը` Թալինը, այժմ բավական ակտիվ գործունեություն է ծավալում Փարիզի հայկական բարեգործական միությունում:

    Հաշվի առնելով Զադիգ Մկրտիչ Մուրադյանի գիտական վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Զադիգ Մկրտիչ Մուրադյանը մեծ ջանքեր է ներդրել աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցել է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:
2020 թ. հունվարին Զադիգ Մուրադյանը կնքում է իր մահկանացուն՝ մինչև կյանքի վերջը հայրենիքին՝ Հայաստանին, ծառայելու փափագով:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար