Новости
23/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» V միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա, 1-ին հարկ), իր աշխատանքները կսկսի  «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» V միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ  Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի  հիմնադրման 60-ամյակին:
Ինստիտուտն իր գործունեության ընթացքում ունեցել է հետևյալ գիտական արդյունքները` 

- զոլ-ժել և համատեղ նստեցման եղանակով մշակվել են մուլիտի, լյումինաֆորների ցածր ջերմաստիճանային տեխնոլոգիաներ
- ստացվել են դիոպսիդային և մուլիտային կառուցվածքի, բարձր ջերմաստիճաններում գույների մեծ ինտեսիվությամբ, կերամիկական պիգմենտներ ոչ հանքային լեռնային ապարների միկրոալիքային մշակման եղանակով
- մշակվել է բազմաբյուրեղային տարրական սիլիցիումի և մագնեզիումի տեխնոլոգիա ուլտրահիմնային ապարների մեխանաակտիվացմամբ, թթվային մշակմամբ և վերականգնիչների  կիրառմամբ   
- մշակվել են բարձրաբեկող, կատիոն-անիոնային հաղորդականությամբ ապակիներ, սեգնետոէլեկտրիկներ, բիոսիտալներ 
- մշակվել է նոր պլազմամեխանաքիմիական եղանակ ալմաստների, նանոչափերի Fe, Co, Ni փոշիների և դրանց համաձուլվածքների սինթեզի համար- մշակվել են ամորֆ և շերտային սիլիկատներից, կորիզներից նոր ադսորբենտներ, իոնափոխանակիչներ, ֆիլտրող նյութեր և կրիչներ, մեզո- և նանոչափ մոլիբդենի գերմաքուր միացությունների, ինչպես նաև մոլիբդենիտային խտանյութերից հատուկ մաքրության նանոկառուցվածքի նյութերի ստացման տեխնոլոգիաներ 
- մշակվել են հանքային դաշտերի բնապահպանական գնահատման և հանքավայրերի երկրաքիմիական համալիր որոնումների եղանակներ:

Գիտաժողովի ընթացքում կվերլուծվեն և կքննարկվեն քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակը և առաջընթացը: Գիտաժողովի մասնակիցների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի գիտական ամուր հիմքերի հաստատմանը, հնարավորություն կստեղծվի կանխատեսել ինտենսիվ քիմիական տեխնոլոգիական զարգացման հեռանկարները: 

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն անվանի քիմիկոսներ, տեխնոլոգներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից: Գիտաժողովին ներկայացված է ավելի քան 215 գիտական զեկուցում: 

Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ  Մ.Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ  Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը,  ՌԴ ԳԱ  Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը, Դ.Ի. Մենդելեևի անվան Ռուսական քիմիական ընկերությունը, ՌԴ ԳԱ «Քիմիական տեխնոլոգիաներ» գիտական խորհուրդը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Գիտաժողովն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն 
23.09.2017թ.